Ս. Գէորգ եկեղեցին գտնւում է Փոքր Մէյդան թաղում, Հաքիմ Նեզամի պողոտայի վրայ, որի բակը արեւմտեան կողմից բաւական փոքրացաւ, երբ 1960-ական թւականներին բացւեց վերը յիշւած լայն պողոտան։ Անցեալում եկեղեցու փողոցը կոչւում էր Ղարիբենց փողոց եւ յաճախ էլ եկեղեցին «Ղարիբենց ժամ»։ Եկեղեցին կոչւել է նաեւ «Մեծ Խոջենց եկեղեցի», որովհետեւ կառուցւել է Խոջա Նազարի կողմից։
Ըստ Ջուղայի պատմագրի, եկեղեցին 19-րդ դարի կէսերին, անխնամ մնալով, ենթակայ է եղել փլման, բայց բարի ձեռքեր հասնելով օգնութեան, փրկել են դրան աւերւելուց։ Եկեղեցու կառուցման ստոյգ թւականը յայտնի չէ, բայց սեղանի ներքեւում եղած քարերի արձանագրութիւնները, որպէս խաչքարերի յիշատակարաններ, ցոյց են տալիս, որ եկեղեցին կառուցւել է 1611 թւականին։ Եկեղեցին ունի փոքր բակ, արեւմտեան եւ հիւսիսային կողմերում։ Շէնքը կառուցւած է որմակից կիսասիւներով, երեք կամարներով ու շատ փոքր գմբէթներով, որոնցից երկուսը ժողովրդեան մասի վերեւում են, իսկ մէկը՝ դասի։ Գմբէթներն ունեն փոքր պատուհաններ, որոնցից համեմատաբար դասինը աւելի մեծ է միւսներից։ Եկեղեցին ունի գեղեցիկ բեմ, գաճաքանդակ հրեշտակներով։
Սեղանի ներքեւում գտնւում են Հայաստանից բերւած երեք սիւնաքարեր, որոնց վրայ քանդակւած են խաչքարային յիշատակարաններ։ Այս սիւնապատւանդաններից երկուսը միանման են, իսկ մէկը տարբեր է։ Եկեղեցին կառուցման վերաբերեալ չունի որեւէ արձանագրութիւն։ Թերեւս անցեալում ունեցել է նկարազարդումներ, որ յետոյ գաճւել են, ներկայիս սպիտակացւած է եւ ունի միայն որոշ աչազարդեր եւ խաչեր, նման Խոջայական հին տների։ Կամարներից ներքեւ ունի վեց պատուհան, որոնցից մէկը փակւել է։ Եկեղեցին ունի երկու մուտք, մէկը՝ հիւսիսից, իսկ միւսը՝ արեւմուտքից։
Վերջին ժամանակներում եղած նորոգութիւնների առթիւ, եկեղեցու հիւսիսային մուտքի մօտ, մարմարանման մի քարի վրայ գրւած է հետեւեալ արձանագրութիւնը.
«Վերանորոգեցաւ եւ բարեզարդեցաւ եկեղեցիս այս, արդեամբ հանգանակութեամբ մի խումբ եկեղեցասէր ազգայնոց, ջանիւք Տէր Պօղոս քհնյ. Յ. Պետրոսեանի։ Յամի Տեառն Մայիս 1954 թ.»։
Եկեղեցու սեղանը արծաթապատ է, որը պատրաստւել է 1962 թւականին, օրդ. Խաթուն եւ պրն. Վահան Գրիգորեանների կողմից։
Եկեղեցու հիւսիսային դռան մօտ, մետաղի վրայ կայ եկեղեցու էլեկտրական լոյս անցկացնողի յիշատակարանը։
Եկեղեցու հիւսիսային եւ արեւմտեան դռների արտաքին մասի վերեւում, կան յախճապակիներով նկարներ, որոնցից հիւսիսայինը ներկայացնում է Յիսուսի ծնունդը եւ երեք մոգերի երկրպագութիւնը։ Արեւմտեան դռան առջեւ կայ մի փոքր գաւիթ, իսկ դռան վերեւում յախճապակու վրայ Աստւածածնի աւետման պատկերը։
Եկեղեցին ունի մի փոքր զանգակատուն, որ գտնւում է արեւմտեան դռան վերեւում, տանիքի վրայ, որը կառուցւել է 1920-ական թւականներին։
Եկեղեցին հիւսիսային կողմում ունեցել է մի մատուռ, որի արտաքին պատի կամարների վրայ ունէր յախճապակեայ սալիկներ, որոնց նմոյշները մինչեւ վերջերս էլ կային. ցաւօք սրտի քանդւեցին կամ գաճի տակ թաղւեցին, իսկ մատուռը դարձաւ բնակարան։
Ս. Գէորգ եկեղեցին, Ջուղայի յայտնի ուխտատեղի եկեղեցիներից է, ոչ միայն Ս. Գէորգ զօրավարի անւանը նւիրւած լինելու հանգամանքով, այլ նաեւ այն քարերով, որ 17-րդ դարի սկիզբներին, Շահ Աբբաս Արքայի հրամանով Ս. Էջմիածնից բերւել են Նոր Ջուղա։ Այդ քարերը, թւով 15 կտոր, բերւել են այն նպատակով, որ Ս. Էջմիածնի քար ու հողով, Ջուղայում կառուցեն մի նոր Էջմիածին, որպէսզի հայերը դրա սիրուց չլքեն Ջուղան եւ չվերադառնան Հայաստան։ Այս մասին Առաքել Դաւրիժեցին պատմում է բաւական մանրամասն ձեւով, որի հիման վրայ, խօսել է նաեւ Նոր Ջուղայի պատմագիրը։ Ծրագրւած եկեղեցին ի հարկէ չի կառուցւել, իսկ քարերը բերւել են Ս. Գէորգ եկեղեցի, եւ դարձել ջուղահայերի ուխտավայրը, ուր մնում են մինչեւ այժմ։
Եկեղեցու բակի հիւսիսային կողմում, հաւանաբար 1892 թւականին, Աւետիք Ծ. Տէր Հայրապետեանի ծախսով, կառուցւել են եօթը սենեակներ։
Ինչպէս միւս եկեղեցիները, այնպէս էլ այս եկեղեցու բակում կան մի շարք տապանաքարեր։ Տապանաքարերից մի քանիսն ունեն վրացերէն գրութիւններ, որոնք թերեւս բերւել են Ջուղայի աւերւած այլ եկեղեցիներից։
Ս. Գէորգ եկեղեցին Ս. Էջմիածնից բերւած քարերի պատճառով, որոշ գրչագրերում յիշւել է որպէս Ս. Էջմիածին, ինչպէս՝ «Ընդ հովանեաւ Ս. Էջմիածնի»։