ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ «Ս. ՍՏԵՓԱՆՈՍ» ԵԿԵՂԵՑԻ
Ս. Ստեփանոս եկեղեցին գտնւում է Արեւմտեան Նազար պողոտայում։ Կառուցւել է 1614 թւականին՝ ժողովրդական նւիրատւութիւններով։ Եկեղեցու կառուցման մասին չկայ որեւէ արձանագրութիւն։ Այս առթիւ յիշատակւած է մի գրչագիր «Ճաշոց»-ի մէջ, ուր ասւած է.
«Եւ արդ ես ամենայնի տրուպ եւ նուաստ ծառայս Աստուծոյ Խօջայ Մարգարէս գրել տուի զԱստուածաշունչ գիրքս եւ ետու ընծայ եւ նուէր ի դուռն սրբոյն Ստեփանոս Նախավկայի...։ Գրեցաւ սուրբ տառս ի յերկիրն պարսից ի մայրաքաղաքն Շօշ ի մէջ Նորաշէն Ջուղայու ի թուականութեանս հայոց ՌԿԳ (1614) ամի...»։
Շէնքը գտնւում է բակի արեւելեան կողմում, որի երեք կողմերում՝ հիւսիս, հարաւ եւ արեւմուտք, կան բակեր։ Հիւսիսային կողմում կայ նաեւ մի երկրորդական բակ, ուր կան մի քանի բնակելի սենեակներ, նոյնպէս սենեակներ կան առաջին բակի երեք կողմերում, իսկ հարաւային բակն ունի առանձին մուտք, որտեղ գտնւում էր նաեւ «Ս. Աստւածածին» անունով մատուռը։
«Ս. Ստեփանոս»-ը Ջուղայի ամենամեծ եկեղեցին է։ Կառուցւած է քառասիւն ոճով, որի գլխաւոր գմբէթը գտնւում է չորս սիւների կենտրոնական մասում, ութը պատուհաններով, առանց որեւէ նկարի ու զարդանկարների։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ հիւսիսից, հարաւից եւ արեւմուտքից։ Հարաւային դուռը բացւած է մատուռի բակի վրայ, որ ներկայիս քիչ է օգտագործւում։ Եկեղեցու ներսը գրեթէ ամբողջապէս սպիտակեցւած է, միայն դասի պատերին, ժողովրդեան մասում եւ սիւների վրայ կան մի քանի հատ իւղաներկ նկարներ, որոնցից մի քանիսը, վերջին տարիներում, սխալ ձեւով մաքրելու հետեւանքով գունաթափւել ու փչացել են։ Դասի արեւելեան պատերի վրայ եւ աստիճանների մօտ, գաճի վրայ կան մի քանի զարդանկարներ։
Եկեղեցու բեմը շուրջանակի, դասի երկուական կողմերը՝ արեւելք եւ հարաւ-հիւսիս եւ ժողովրդեան մասի փոքր տարածութեան վրայ, մինչեւ հարաւային ու հիւսիսային դռների մօտ, ինչպէս եւ սիւների վրայ, կան գունաւոր յախճապակիներ։ Սիւների վրայի եղած կապտագոյն յախճապակիները (ինչպէս նաեւ Ս. Սարգիս եկեղեցունը), բերւել են նախկին Ս. Սարգիս (Օհանայ Վանք կոչւած) եկեղեցուց, որը խոնարհւել է 1850-ական թւականներին։ Եկեղեցու խաչկալը պատկերում է Ս. Ստեփանոսի քարկոծումը, որի եզրին կան առաքեալների նկարները, կլոր շրջանակների մէջ, որի եզրերին ունի յիշատակագրութիւն, որը կրում է «ՌՃՂԲ (1743) նադար Ա.» թւականը։
Ժողովրդեան մասի սիւների արեւմտեան կողմում կայ պատշգամբ, որ անցեալում օգտագործւել է որպէս նորահարսների եւ աղջիկների համար նստելու վայր։ Եկեղեցու հիւսիսային դռան արտաքին մասի վերեւում, կայ գաճեայ նկարազարդում, Ս. Աստւածածնի աւետման պատկերը, որոնց միջոցում տեղադրւած է մի մարմարեայ խաչքար։ Խաչքարեր կան նաեւ եկեղեցու արեւելեան պատի արտաքին մասի կամարների միջոցներում, հինգ հատ խաչաձեւ, իւրաքանչիւրը բաղկացած 7 հատ խաչքարից։ Եկեղեցու հարաւային դռան վերեւում եւս եղել է Յիսուսի Մկրտութեան պատկերը, գաճի վրայ, որ երեսը ծածկւել ու ծեփւել է, իսկ ներքեւում գրւած է եղել. «Յիսուս խոնարհեալ առ ծառայն եկեալ։ Թիվն ՌՃՀԱ (1722)»։ Եկեղեցու վերնայարկ-պատշգամբի ճակատին եւս գրւած է. «Յիշատակ է Յակոբջանին, կողակից Նախշունին եւ որդի Սարհադին թիվն ՌՃԿԲ (1713) դամայ 8»։
Սոյն եկեղեցու բակում, 19-րդ դարի 30-80-ական թւականներին եղել է դպրոց, Ս. Ամենափրկիչ անունով, ուր կարճ ժամանակով դասաւանդել է նաեւ յայտնի ուսուցիչ եւ մտաւորական Մեսրոպ Թաղիադեանը, այս առթիւ նրա աշակերտներից մէկը՝ Յովհաննէս Շահնազար Սարգսեանը, սեւ մարմարեայ քարի վրայ, քանդակել է տւել մի յիշատակարան եւ փակցրել Ս. Ստեփանոս եկեղեցու հիւսիսային դռան կողքին։
Եկեղեցու բակում կան մեծ թւով տապանաքարեր, որոնց միջից յիշատակութեան արժանի է աւղանների կողմից նահատակւած Խոջա Մելքոմի որդի՝ Մանուկի տապանաքարը, որի արձանագրութիւնը բերում ենք ստորեւ.
«Այս է տապան յոյժ գովելի,
Աստուածասէր եւ ողորմած բարեպաշտի,
Որդի էր սա Խօջայ Մէլքումի,
Մանուկ անուամբ քառասնամի,
Անկեալ ի ձեռս աղուանէրի,
Չարչարեցաւ Թ. (9) ամսի,
Յետ Թ. ամսոյն նահատակի,
Մարտիրոսութեան պսակացն եղեւ արժանի,
Ով հանդիպօղք այս տապանի,
Ասէք բերան մի ողորմի,
Յաւուրն մեծի դատաստանի,
Արասցէ արքայութեանն արժանի,
Ի թուականիս ՌՃՀ մէկ ամի (1722),
Դամայ ամսոյ Ժ. եւ Ը.-նի (18)»։
Ս. Աստւածածին մատուռը կառուցւել է Միրզաբէկի ծախսով։ Սրա խորհրդանոցում եղած քարի վրայ եղած արձանագրութեան մէջ յիշւած է շինողի անունը, որ բերում ենք ստորեւ.
«Շինեցաւ Ս. եկեղեցիս ի սէրն Ս. Աստւածածնի ընչիւք եւ արդեամբք Միրզաբէկին, Տէր Յիսուս յիշեա ի քում արքայութեան բարեխօսութեամբ ծնողի քո զՄիրզաբէկն եւ պապքն Տէր Սարգիսն եւ Մկրտիչն եւ սոցին կողակիցքն՝ Նուրմհլը եւ Գուլնաբաթն եւ ծնօղսն իւր Մկրտումն եւ Թագուհի»։
Անցեալում Ս. Ստեփանոս եկեղեցու արեւմտեան կողմում եղել է մի հրապարակ, որի հարաւային ու արեւելեան կողմերում եղել են կրպակներ։ Այս հրապարակում ամէն Կիրակի օրերին, տեղի է ունեցել տօնավաճառք, որ յետոյ Մանուչարխանը փոխել է Շաբաթ օրւան, բայց նրա մահից յետոյ կրկին փոխւել է Կիրակի օրւան։