(Ս. ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏ, ԱՋԻ ԺԱՄ)

   Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին գտնւում է Չարսու թաղում, Չարսու պողոտայի վրայ։ Մուտքը բացւում է մի նեղ փողոցից։ Անցեալում եկեղեցին կոչւել է Ս. Աստւածածին, բայց յետոյ Ս. Յովհաննու մասունքը Ամիրասաթենց Եղիազարի կողմից այնտեղ նւիրւելով, կոչւել է Ս. Յովհաննէս Մկրտիչ, իսկ ժողովրդի կողմից, որպէս առաջին աջն ունեցող եկեղեցի, կոչւել է «Աջի ժամ»։

   Կառուցւել է 1621 թւականին ժողովրդի միջոցներով։ Եկեղեցու ոճը քառանկիւն է, խարսխւած չորս սիւների վրայ։ Գլխաւոր գմբէթը գտնւում է ժողովրդեան մասի վերեւում, ունի արեւելեան եւ արեւմտեան կողմերում երեք-ական, իսկ հարաւային ու հիւսիսային կողմերում մէկական պատուհան։ Գմբէթի հիմքամասը, փոխարէն կլորի, կառուցւած է քառանկիւն ձեւով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հիւսիսից եւ արեւմուտքից։ Սեղանի առջեւին ունի կամարաձեւ տաշւած քարեր, որոնց միջին մասերում քանդակւած են սոսի ծառեր։ Պատերը սպիտակացւած են եւ միայն գմբէթի միջին մասում՝ շուրջանակի, ունի գծազարդեր, իսկ բեմի պատերին ոսկեզօծ զարդեր։ Մկրտութեան հին Աւազանի դռան վրայ կայ իւղաներկ նկար։ Պատերի եւ աւազանի վերեւում կան 13 խաչքար։ Վերջերս՝ 2006 թւականին, աջակողմեան դասի արեւելեան պատի առջեւ, աւանդատան դռան կողքին կառուցւեց քարակերտ մի նոր աւազան։

   Խաչկալը ներկայացնում է Յիսուսի Համբարձումը, եզրերին կան առաքեալների, իսկ ներքեւում Աստւածածնի նկարը, հրեշտակները եւ մի մարդ ու կին։ Թեւերի նկարները՝ Աստւածածնի եւ Յիսուսի նկարներն են։

   Զանգակատունը գտնւում է արեւմտեան դռան առջեւ եւ երկյարկ է։ Ցածի յարկը ծառայում է եկեղեցու համար որպէս նախասենեակ, կօշիկ հանելու տեղ, իսկ երկրորդ յարկը, որն ունի հայկական ոճով սիւնազարդ փոքր գմբէթ, ծառայում է որպէս զանգակատուն, որն իր ամբողջութեան մէջ, գեղեցիկ տեսք է տալիս եկեղեցուն։
   Արեւմտեան դռան շուրջը եզերւած է տաշւած քարերով, որոնք ունեն գեղեցիկ քանդակներ ու երիզազարդեր։ Դռան վերեւում կամարից վար, քարի վրայ քանդակւած է Յովհաննէս Մկրտչի գլխատումը եւ նւիրումը Հերովդէսի աղջկան։ Վերեւում քանդակւած է Գառն Աստծու, իսկ անկիւններում յիշատակներ։ Դռան քարեայ քանդակի վերեւում, մարմար քարի վրայ, կայ մի այլ քանդակ եւ արձանագրութիւն։ Քանդակը ներկայացնում է կենտրոնում մի փակագիր, մօտը մի խաչ եւ մի օձ, իսկ աջ կողմում, կրկին մի խաչ եւ Աստծու Գառը, ձախ կողմում, մի կաթսայ եւ մի գանգ։
   Զանգակատունը կառուցւել է 1841 թւականին, Պօղոս Անդրէասեանի նւիրատւութեամբ, իսկ նրա կողմից 1859 թւականին, եկեղեցու շէնքն ամբողջութեամբ, թէ ներսի եւ թէ դրսի կողմից ենթարկւել է նորոգութեան, իսկ Սեղանը նկարազարդւել է ծաղկանկարներով։
   Եկեղեցին՝ հիւսիսային մուտքի մօտ, գաւթի արեւելեան կողմում, ունի մի մատուռ, որ մնում է անօգտագործելի։ Ըստ Ջուղայի պատմագրի, կառուցւել է 1774 թւականին, ունի մի փոքր գմբէթ, ութը փոքր պատուհաններով։ Սեղանի աստիճանները նկարազարդ են, նկարւած գաճի վրայ։ Մատուռի աջ եւ ձախ պատերի վրայ եւ բեմի վերեւում կան գաճով բարձրաքանդակ հրեշտակների գլուխներ, ներկւած գոյներով, նաեւ մի պատկեր՝ Յիսուսը Խաչի վրայ, որի կողքից արիւնը դուրս ցայտելով՝ թափւում է մօտը դրւած մի բաժակի մէջ, կողքին կայ նաեւ Սկիհ։ Պատերին կան երկու գունաւոր խաչ, որոնց ներքեւում գրւած է «1774», որն ըստ երեւոյթին մատուռի կառուցման թւականն է։ Ներսում կան շուրջ 15 տապանաքար եւ երկու խաչքար։
   Եկեղեցու բակի արեւմտեան, ինչպէս եւ հարաւային ու հիւսիսային կողմերում կան սենեակներ։ Եկեղեցու բակում կան մեծ թւով տապանաքարեր, որոնցից մէկի վերեւում նկարւած է մի մարդու պատկեր, որի վիզը կտրում են, իսկ մօտը կանգնած է ձիաւոր զինւոր։ Եկեղեցու ամռան մատուռի մէջ, թաղւած է աղւանների կողմից նահատակւած բժիշկ Խաչիկի որդի Գալստանը։