Ս. Կատարինեան Մենաստանը, կամ այլ խօսքով՝ Կուսանաց Վանքը, գտնւում է Չարսու թաղում, Ս. Յովհաննու եկեղեցու հարաւային պատին կից։ Կառուցւել է 1623 թւականին, Լազարեան յայտնի տոհմի Նահապետ՝ Խոջա Եղիազարի ծախսով։ Թէեւ Վանքի եկեղեցու շինութեան մասին ստոյգ տեղեկութիւն չկայ, բայց վստահաբար դա եւս կառուցւած պէտք է լինի նոյն բարերարի կողմից, քանի որ մի մենաստան հիմնողը, միայն մի քանի խուցեր չէ որ պէտք է կառուցի, այլ նաեւ մի աղօթատուն՝ եկեղեցի, որն ամէն մէկ մենաստանի ու անապատի հիմքն է կազմում։ Եկեղեցին գտնւում է բակի կենտրոնական մասում, ունի փոքր շէնք, պարզ ոճ եւ մի փոքր գմբէթ դասի վերեւի մասում, ութը փոքր պատուհաններով։

   Բեմի վերեւում կայ Յիսուսի, առաքեալների ու Ս. Աստւածածնի որմանկարները, իսկ դրանից առաջ եղած երկու կամարաերիզների միջոցում, կան երկու նկարներ, որոնք ցոյց են տալիս երկու եպիսկոպոս՝ զգեստաւորւած վիճակում, Աւետարանը ձեռքերին բռնած։ Դրանցից ներքեւ, երկու կողմերում եւս կան մէկական նկար, որոնցից մէկը ներկայացնում է Յիսուսի ծնունդը, իսկ միւսը՝ հարաւային կողմինը, քառասնօրեայ Յիսուսը Տաճարում եւ Սիմէոն ծերունուն հանդիպելը։ Դասի պատերին կախւած են Յիսուսի 12 առաքեալների նկարները՝ պաստառների վրայ եւ շրջանակւած, իսկ ժողովրդեան մասում՝ Ս. կոյս Կատարինէի եւ Ս. Մեսրոպ Մաշտոցի իւղաներկ նկարները, կախւած պատերից։ Մկրտութեան աւազանն ունի մի փոքրիկ երկփեղկ դուռ, որի վրայ նկարւած է Յիսուսի մկրտութեան պատկերը։
   Եկեղեցում չկայ որեւէ արձանագրութիւն, միայն Սեղանի առջեւի քարերի վրայ գրւած են կառուցել տւողների անունները. «Յիշատակ է կուս Կատարինէին եւ Թաջլումն», առանց որեւէ թւականի։ Խորանի երկու կողմերում կան երկու խաչքար։
   Մենաստանն անցեալում ունեցել է մինչեւ 32 կոյս, որոնց խուցերը, շատ փոքր ու նեղ, գտնւել են եկեղեցու արեւելեան, հարաւային եւ հիւսիսային կողմերում։ 20-րդ դարի սկիզբներում, արեւելեան եւ հարաւային կողմերի խուցերը քանդւել են, որտեղ արեւելեան մասում, 1907 թւականին Բագրատ Վրդ. Վարդազարեանի նախաձեռնութեամբ կառուցւել է երկյարկանի մի շէնք, որպէս որբանոց-արհեստանոց, իսկ դրանից հիւսիս-արեւմտեան կողմում, մի քանի սենեակներ, որպէս գորգագործարան։ Երկյարկանի շէնքի արեւմտեան ճակատին յախճապակու վրայ գրւած է. «Ս. ԿԱՏԱՐԻՆԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՐԲԱՆՈՑ-ԱՐՀԵՍՏԱՆՈՑ 1907»։
   Կոյսերի խուցերից մնում է այժմ հարաւային կողմում մի քանի հատ, վերնայարկով, որոնցից մէկն ունի որմանկարներ։ Եկեղեցու հարաւ-արեւմտեան կողմում եւս կայ մի սենեակ։ Եկեղեցու արեւմտեան մուտքի առջեւ կայ պատշգամբ, որի փայտի վրայ դեռ կախւած է եկեղեցու փայտեայ տախտակ-կոչնակը, որն անցեալում օգտագործւում էր զանգի փոխարէն։ Վերջին տարիներում եկեղեցու նորոգութեան ժամանակ, հիւսիսային դռան արտաքին պատի վրայ, գաճի տակից յայտնւեց գեղեցիկ ծաղկազարդով գունաւոր նկարչութիւն։

   Մենաստանն ունի ընդարձակ պատմութիւն, իր միաբանների ծաւալուն գործունէութեամբ, որի մասին մամուլում լոյս են տեսել յօդւածներ, բացի Նոր Ջուղայի պատմութեան մէջ եղած յիշատակումից։
   Կուսանաց Վանքի արեւելեան կողմում, անցեալում եղել է մենաստանի գորգագործարանի շէնքը, մի քանի սենեակներով, որոնք 1964 թւականին  քանդւեցին եւ դրանց տեղում Ջանի Թունեանի միջոցներով կառուցւեցին մի քանի սենեակներ, որպէս «Մանկատուն», որն իր նպատակին չծառայելով, մի քանի տարի օգտագործւեց որպէս ծերանոց, իսկ յետոյ դարձաւ բնակարան։
   Նոր Ջուղայի աղջկանց առաջին դպրոցը, 1858 թւականին, բացւել է այս Վանքում, բարերարութեամբ Մանուկ Յորդանանեանի, ուր շուրջ կէս դար մնալուց յետոյ, 1900 թւականին, կառուցւել է դպրոցի համար առանձին մի շէնք «Ս. Կատարինեան դպրոց» անունով, որ կայ այժմ եւս եւ մինչեւ վերջերս օգտագործւում է որպէս տղաների ուղղեցոյց եւ միջնակարգ դպրոց։ Ներկայիս Կուսանաց անապատում տարին մէկ անգամ, Ս. Կատարինէի անւան տօնի օրը, մատուցւում է Ս. Պատարագ։
   Վանքը անցեալում յայտնի է եղել նաեւ իր պաղ ջրի ջրհորով, որից ամռան ամիսներին օգտւում էին նաեւ շրջակայ տնւորները։ Բայց երբ 1970-ական թւականներին, փողոցի լայնացման պատճառով փոքրացաւ արեւմտեան կողմի բակը, ջրհորն եւս դարձաւ անօգտագործելի։ Անցեալում յայտնի էր նաեւ Կուսանոցում պատրաստւած քաղցրաւենիք «գեազ»-ն ու «լոզ»-ը։