ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գէորգ Քանանեան դպրոցը գտնւում է Չարսու թաղում, Ս.Կատարինեան դպրոցին կից՝ արեւմտեան կողմում: Կառուցւել է 1903 թւին, բարերարութեամբ տկն.Վառվառէ Քանանեանի ի յիշատակ իր ամուսնու՝ Լազարեան ճեմարանի նախկին տեսուչ ՝ Գէորգ Քանանեանի:
Դպրոցի շէնքի կառուցումից առաջ, նախ 1901 թւին, հիմնւել է մանկապարտէզն ու դպրոցը, որի համար իր բոլորանւէր ջանքերով զօրավիգ է հանդիսացել Իրանահնդկաստանի Հայոց Թեմի առաջնորդական փոխանորդ եւ թեմական վերատեսուչ՝ Բագրատ Վրդ.Վարդազարեանը:
Շէնքը երկյարկանի է, ամուր եւ հիմնաւոր կառուցումով, որի յատակագիծը, ինչպէս եւ դռների ապակիներն ու այլ անհրաժեշտ պէտքերը, ուղարկւել են Մոսկւայից: Դպրոցի պաշտօնական բացումը տեղի է ունեցել 1905 թւի սեպտեմբեր 25-ին:
Դպրոցի շէնքի արտաքին ճակատի վրայ՝ հարաւային կողմում, յախճապակեայ մեծ տառերով գրւած է «1901 Գէորգ Քանանեան Ազգային Դպրոց 1905»:
Շէնքի ներսում, երկրորդ յարկի միջանցքի հիւսիսային պատին զետեղւած մի մարմար քարի վրայ, քանդակւած է հետեւեալ յիշատակարանը՝
«ԳԷՈՐԳ ՔԱՆԱՆԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ի հայրապետութեան. Տ.Տ ՄԿՐՏԻՉ սրբազանագոյն կաթողիկոսի Ամենայն Հայոց կառուցաւ դպրոցս յանուն եւ ի յիշատակ հանգուցեալ գիտնական ԳԷՈՐԳ ՔԱՆԱՆԵԱՆԻ վերատեսչի Լազարեան ճեմարանի, արդեամբք եւ ծախիւք վսեմաշուք տիկնոջ նորին ՎԱՌՎԱՌԷԻ Յ.ՔԱՆԱՆԵԱՆ: Օրհնութիւն Հիմնադրութեան դպրոցիս եղեւ ի 11 Մայիս 1903 ամի:
«Պաշտօնական բացումն է 25 Սեպտեմբեր 1905 ամի»:
Երբ Ռուսական յեղափոխութիւնից յետոյ տկն. Վառվառէ Քանանեանը, քաղաքական ու տնտեսական պայմանների բերումով գտնւում էր աննախանձելի վիճակում, Նոր Ջուղայի Ազգային դպրոցների Հոգաբարձութիւնը նրան, իր աղջկայ՝ Մարիամ Նիկիտ Ակիմանի հետ, Մոսկւայից 1931 թւին, բերում է Նոր Ջուղա եւ խնամքոտ ու գուրգուրոտ ձեռքերով պահում է մինչեւ իր մահը, որ տեղի է ունենում 1935 թւին Դեկտեմբերի 23-ին:
Տկն. Վառվառէն մեծ շուքով թաղւել է Ս.Ամենափրկիչ Վանքում:
Յիշենք նաեւ, որ Գէորգ Քանանեանը Լազարեան Ճեմարանում ունեցած իր տեսչութեան շրջանում, մեծ աջակցութիւն է ցոյց տալիս Իրանից, յատկապէս Նոր Ջուղայից ուղարկւած ուսանողներին, որի պատճառով էլ Նասերէդդին Շահի կողմից երեք անգամ գնահատւում է երրորդ, երկրորդ եւ առաջին կարգի «Շիր օ Խօրշիդ» ի շքանշանով ու հմայիլով 1869, 1880 եւ 1889 թւականներին: Սրանից վերջինի մասին յիշւած է «Դրազարկ տարեգիրք»-ի մէջ, ուր բերւած է նաեւ լուսանկարը:
Վերջին տարիներին «Քանանեան» դպրոցի հիւսիս-արեւելեան բակի հիւսիսային կողմում աւելացւեցին մի քանի դասարաններ, իսկ դրանից առաջ սրահում եղան որոշ փոփոխութիւններ, վերցւեցին մի քանի հաստ սիւներ, իսկ վերջում կառուցւեց մի փոքր բեմ, որտեղ տեղի էին ունենում դպրոցական փոքր հանդէսները:
Նոր Ջուղայի Հայոց Ազգային Կրթահամլիր
2008 թւականին «Կենտրոնական» դպրոցի բակում կառուցւեց մի նոր կրթահամալիր եւ 2010-11 ուսումնական տարեշրջանի սկզբին մէկ անգամ եւս մէկտեղւեցին Նոր Ջուղայի բոլոր դպրոցները: Ներկայում Նոր Ջուղայի Հայոց Ազգային Կրթահամալիրում աշխատում են՝
• «Արմէն» տղայոց եւ օրիորդաց տարրական ոչ շահադիտական դպրոցները:
• «Քանանեան» օրիորդաց ուղեցոյց եւ միջնակարգ պետական դպրոցները:
• «Կատարինեան տղայոց ուղեցոյց եւ միջնակարգ պետական դպրոցները:
Բոլոր դպրոցները միատեղւելուց յետոյ, պահպանել են իրենց նախկին անւանումները: