ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՕՏ ԱԿՆԱՐԿ
19-րդ դարի վերջին քառորդում Նոր Ջուղայում գոյութիւն է ունեցել երեք դպրոց՝ Ս. Աստւածածին, Ս. Ստեփանոս եւ Ս. Մինաս եկեղեցիների շրջափակում:
Ժամանակի ընթացքին նկատի առնելով որ եղած դպրոցները այլեւս չէին բաւարարում օր աւուր աճող աշակերտութեան թւին ու պահանջներին, խիստ կարիք է զգացւում մի կենտրոնական դպրոցի, իր առանձին շէնքով ու հնարաւորութիւններով: Ժամանակի Թեմակալ Առաջնորդ Գրիգորիս Արքեպ. Յովհաննիսեանը, տեսնելով Ջուղայի թաղային դպրոցների խղճուկ վիճակը, իրենց բազմապիսի անյարմարութիւններով, մտածում է այս բոլորը կենտրոնացնել մէկ տեղ: Ուստի ձեռնարկում է մի հանգանակութեան, եւ հայթայթած գումարով, Չարսու թաղում գնում է մի հողամաս եւ ձեռնարկում շինութեան:
Դպրոցի շէնքը կառուցւել է Նոր Ջուղայի, Հնդկաստանի և Ջաւայի հայերի նիւթական լիառատ նւիրատւութեամբ: Շէնքն ունի հսկայական մեծութիւն, եւ հարաւային ու հիւսիսային կողմերում ունի բակեր, երկյարկանի է: Կենտրոնում գտնւում է մի խաչաձեւ սրահ, որի արեւելեան մասը հետագային վերածւել է բեմի ուր եւ տեղի են ունեցել դպրոցական ու ազգային բազմաթիւ հանդէսներ, միջոցառումներ եւ ժողովներ: Սրահի կենտրոնական մասում բարձրանում է հսկայ գմբէթ, որի վերեւում ամրացւած է մի խաչ: Շէնքը մասամբ աւարտւել է 1882 թւին եւ այդպիսով Ջուղայի եկեղեցիների բակում գտնւող դպրոցների աշակերտութիւնը միատեղւում է սոյն շէնքում, նոր եռանդով լծւում ուսում ստանալուն եւ մի նոր ու փայլուն էջ բացում Նոր Ջուղայի դարաւոր կեանքի մէջ: Դպրոցն անւանւում է «Նոր Ջուղայի Ազգային Կենտրոնական Ուսումնարան»: Շէնքը լրիւօրէն աւարտւում է դրանից տաս տարի յետոյ՝ 1893 թւականին:
1907 թւականից մինչեւ 1920-ական թւականները դպրոցի երկրորդ յարկում բացւել է նաեւ հոգեւոր գիշերօթիկ դպրոց, այնուհետեւ փոխադրւել Ս. Ամենափրկիչ վանք: Դպրոցական այս շէնքը թէ եւ կառուցւած էր որպէս տղայոց բաժին, սակայն յաճախ կրել է որոշ փոփոխութիւններ, դարձել թէ տղայոց եւ թէ աղջկանց, կամ եղել երկսեռ:
1935-36 ուսումնական տարեշրջանից երբ ազգային դպրոցները պետականացւեցին, դպրոցը վերանւանւեց «Շահ Աբբաս Մեծ»: 1955 թւականին կրկին վերադարձւեց Ազգային Մարմիններին կրելով նոյն անունը, իսկ 1973-74 ուսումնական տարեշրջանից դարձաւ երկսեռ:
1981-82 թւականներից դարձեալ դպրոցը պետականացւեց, դարձաւ միասեռ և կոչւեց «Արմէն» անունով: Հարաւային բակում կենտրոնացան տղաները, իսկ հիւսիսային մասում՝ աղջիկները:
Սպահանի Հայոց Թեմի, Թեմական եւ Կրթական Խորհուրդների որոշումով եւ Պատգ. Ժողովի հաստատումով 2006-2007 ուսումնական տարեշրջանից դպրոցը դարձաւ ոչ շահադիտական՝ այլ խօսքով կրկին ազգայնացւեց:
Որպէս սկիզբ նախ հայերէնի դասաժամերը դարձան երկսեռ, ապա Ազգային Մարմինների եւ Խորհրդարանի պատգամաւորի երկարատեւ ջանքերի եւ Կրթադաստիարակութեան նախարարութեան Սպահանի ընդհանուր տնօրինութեան եւ 3-րդ շրջանի պատասխանատուների համագործակցութեան շնորհիւ, 2008-2009 ուսումնական տարեշրջանից պետական դասաժամերն եւս երկսեռ դարձան:
Նոյն այդ թւականին Ազգային Մարմինների որոշումով դպրոցի հարաւային բակում սկսում է նոր ու արդիական դպրոցի շէնքի կառուցումը, որն աւարտւում է 2010-11 ուսումնական տարեշրջանի սկզբին եւ դպրոցի 4 դասարաններից տեղափոխւում են նոր շէնք: Շէնքում են կենտրոնանում նաեւ «Քանանեան» օրիորդաց ու «Կատարինեան» տղայոց դպրոցների աշակերտութիւնը եւ շէնքը անւանւում է՝ «Նոր Ջուղայի Հայոց Ազգային Կրթահամալիր»:
Նկատի առնելով կրթական համակարգի նոր փոփոխութիւնները, ընդ որում 6-րդ դասարանը եւս ներառւում էր տարրական բաժնում, 2013 թւականի ամռանը բակի արեւմտեան բաժնում համապատասխան ոճով կառուցւում է երկյարկանի շէնք իր 4-դասարաններով, որով վերանում է դասասենեակների պակաս լինելու դժւարութիւնն եւս: