Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

   Ս. Սարգիս եկեղեցին գտնւում է Երեւան թաղում, կառուցւել է 1659 թւականին, ժողովրդի նւիրատւութեամբ։ Անցեալում կոչւել է Ս. Ամենափրկիչ, բայց յետոյ, երբ 1850-ական թւականներին, նախկին Ս. Սարգիս եկեղեցին խոնարհւել ու ամայացել է, իսկ սպասներն ու Ս. Սարգսի աջը փոխադրել են Ս. Ամենափրկիչ եկեղեցի, այդ պատճառով էլ կոչւել է Ս. Սարգիս։

   Եկեղեցին գտնւում է բակի հիւսիսային կողմում, կառուցւած է քառասիւն ոճով, գլխաւոր գմբէթն ունի միջակ մեծութիւն, գտնւում է չորս սիւների միջին մասում, ութը պատուհաններով։ Դասի վերեւում եւս ունի մի փոքր գմբէթ, նոյնպէս ութը պատուհանով։ Գմբէթի ներսի մասը նկարազարդւած է սպիտակ յատակի վրայ, իսկ վերի մասը՝ ձեղունը ամբողջապէս ծաղկազարդ է։

   Եկեղեցին թերեւս ունեցել է որմանկարներ, կամ նկարազարդումներ, բայց ներկայիս ամբողջովին սպիտակեցւած է։ Միայն ձախ դասի արեւելեան պատի վրայ կան երկու որմանկար, իսկ գլխաւոր Խորանի վերեւում՝ Յիսուսի եւ առաքեալների ու հրեշտակների նկարները։

   Բեմը շուրջանակի եւ դասի երկուական կողմերը, ունեն յախճապակիներ, նկարազարդ եւ ծաղկազարդ, դեղին յատակի վրայ։ Յախճապակիներ կան նաեւ երկու առաջամասի սիւների ներքնամասերում, շուրջանակի ձեւով, ինչպէս եւ արեւմտեան կողմերի սիւների արեւելեան կողմերում եւ սիւների միջոցների հիւսիսային պատերին ու մասամբ էլ հարաւային կողմում, ունեն կապտագոյն ու կանաչագոյն զարդեր, ծառ ու ծաղիկներ ու կենդանիներ, որոնք բոլորն էլ բերւել են նախկին Ս. Սարգիս եկեղեցուց (Օհանայ Վանքից)։ Բեմի առջեւում կան ութը հատ կամարակապ քարեր, որոնց վրայ իւղաներկով նկարւել են ծաղիկներ ու զարդեր։ Եկեղեցու խաչկալը Ս. Աստւածածնի պատկերն է, շուրջը առաքեալներ, իսկ վերեւում՝ Ս. Երրորդութիւնը։
   Եկեղեցում կան երկու արձանագրութիւն, որոնցից մէկը վերաբերում է կառուցմանը, իսկ միւսը՝ նորոգութեան, որ բերում ենք ստորեւ.
1)
   «Թիվն ՌՃԺԷ (1668) սուրբ եկեղեցիս թամամեցաւ հռոմայեցւոց ամսոյս 8-ումն եւ Ազարիայ Շամս ամսոյ 20-ումն, յիշատակ է մեղաւորիս, ուստայ Խէչատուրիս ուր ծնողացն, ամէն»։
2)
   «Վերանորոգութիւն Ս. Սարգիս եկեղեցոյս եւ կառուցուածք հարաւային եւ արեւմտեան արտաքին նոր շինւածոց եւ ամարային ժամատանն կատարեցաւ հետզհետէ բարեգործական արդեամբք հանգուցեալ ՅՈՎՍԷԱՓՅ (Յովսէփայ) ՊՕՂՈՍԽԱՆԵԱՆ երջանկայիշատակ բարերարին Նոր Ջուղայի յամի Տեառն 1924»։
   Եկեղեցու հարաւային մուտքի առջեւ, կայ մի փոքր նախասենեակ, որ անցեալում օգտագործւում էր կօշիկներ հանելու համար։ Այդ դռան վերեւը եւ մասամբ էլ շուրջը, զարդարւած է գունաւոր սալիկներով, որոնց վերեւում եղած յախճապակու վրայ պատկերւած է Ս. Աստւածածնի աւետումը, կողքերին խաչեր, իսկ ներքեւում արձանագրութիւն։
   Եկեղեցու զանգակատունը գտնւում է հարաւ-արեւմտեան կողմում, տանիքի վրայ, փոքր կառուցւածքով, բայց հայկական ոճի գեղեցիկ սիւներով ու սրանկիւն գմբէթով։
   Եկեղեցու բակի արեւելեան կողմում կայ մի մատուռ, կամ ամռան եկեղեցի Ս. Ստեփանոս անունով, որ կառուցւել է 1704 թւականին, ունի մի փոքր գմբէթ։ Արտաքին ճակատի պատի վրայ, կամարից վեր, ինչպէս եւ կողքերի պատշգամբներում եւ փոքր սենեակների դռանց վերեւում կան սալիկներով զարդանախշեր։ Մատուռի կամարի վերեւում կայ կառուցման արձանագրութիւն։
   Եկեղեցու բակի հարաւային ու արեւմտեան կողմերում կան մի շարք սենեակներ։ Եկեղեցու բակում կան բաւական թւով տապանաքարեր, որոնց մէջ յատուկ յիշատակութեան արժանի է նահատակ Գրիգորի տապանաքարը, որի նահատակութեան մասին Նոր Ջուղայի պատմագիրը պատմում է հանգամանօրէն։ Ստորեւ բերում ենք տապանաքարի արձանագրութիւնը.

«Նահատակ վասն Քրիստոսի որդի Ասադդի,
Գանձ կա եդեալ աստ ի շիրիմի,
Նշխար մաքուր պատուականի,
Ումեմեն մանկան նահատակի,
ր էր ամաց տասն եւ ութի,
Առոյգ տեսլեամբ յոյժ բաղձալի,
Որ սուրբ Գրիգոր վերաձայնի,
Նման եղեալ զուարթնոյն մեծի,
Սրախողխող ճգմամբ մեծի,
Եւ մարտիրոս ի դասս վերջի,
Դառն եւ դժնեայ ժամանակի,
Կատարեցաւ մահուամբ բարի,
Անուշահոտ բուրմամբ խնկի,
Միշտ առաջի կայ Քրիստոսի,
Բարեխօսէք իւր յիշողի,
Եւ զյիշատակն կատարողի,
Ի թուոց հայկազանի ՌՃ յիսներորդի,
Ի թիւս երիս մակադրի
Ի վերայ միւս յոբելինի (1704),
Յուլիս ամսոյ էր երրորդի.
Եւ տօն էր Մեծ Ներսէս Հայրապետի»
։

   Տապանաքարը գտնւում է մատռան Սեղանի առջեւ։


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ