Ս. ՆԻԿՈՂԱՅՈՍ ԵԿԵՂԵՑԻ

   Ս. Նիկողայոս Հայրապետի անունը կրող եկեղեցին, գտնւում է Ղարագէլ թաղում կամ ըստ ժողովրդական ասութեան՝ «Առւագլխում»։ Սկզբնական օրերին կոչւել է Ս. Աստւածածին, իսկ երբ 1779 թւականին, Ս. Նիկողայոս Հայրապետի աջը բերւել է այդտեղ, ապա կոչւել է Ս. Նիկողայոս։ Բակն ունի երկու մուտք, գլխաւորը, մեծ չնարի ծառի, կամ ներկայ՝ Ղարագէլ անունը կրող փողոցից շէնքի արեւմտեան կողմից, իսկ երկրորդական դուռը՝ Քանանեան դպրոցի կամ ներկայ անունով Խոջա Աւետիք փողոցից կամ Առւագլխից (արեւելեան կողմից)։
   Եկեղեցու կառուցման ստոյգ թւականը յայտնի չէ. 1630-ը առնւած է իր մէջ եղած խաչքարերի թւականներից, որն ենթադրւում է պէտք է լինի կառուցման թւականը։ Այս մասին չկայ որեւէ արձանագրութիւն կամ յիշատակագրութիւն։ Ժողովրդական միջոցներով է կառուցւել, ունի փոքր շէնք, որ գտնւում է բակի հարաւային կողմում։ Ունի երեք մուտք, երեքն էլ հիւսիսային կողմից։ Եկեղեցու գլխաւոր գմբէթը գտնւում է դասի վերեւում, ունի ութը պատուհան։

   Մի փոքր գմբէթ ունի նաեւ ժողովրդեան մասի վերեւում, յենւած կիսասիւների վրայ։ Սեղանի խաչկալը ցոյց է տալիս Յիսուսի Յարութիւնը։ Եկեղեցու Սեղանն ունի պղնձեայ արծաթազօծ երիզազարդեր եւ 15 հատ աստղաձեւ ու կլոր զարդաքանդակներ։ Եկեղեցին զուրկ է որեւէ նկարազարդումից, միայն դուռ ու պատուհանների եւ կամարների եզրերը, զարդարւած են կապոյտ եւ սպիտակ գծերով ու ծաղիկներով։ Ունի մի փոքր զանգակատուն, կառուցւած տանիքի հիւսիս-արեւմտեան անկիւնում, հայկական ոճի սիւնազարդ գմբէթով, որի տեսքը Քանանեան դպրոցից, յատկապէս մայրամուտի ժամանակ, գեղեցիկ եւ խորհրդաւոր մի տեսարան է ներկայացնում։

   Եկեղեցու ներսում կան երկու արձանագրութիւններ մարմար քարի վրայ, որոնք նոր ժամանակւայ են եւ վերաբերում են նորոգութիւններին։ Դրանցից մէկը կրում է 1916 թւականը, երբ եկեղեցին նորոգւել է Յովսէփ Պօղոսխանեանի կտակի հիման վրայ, իսկ միւսը՝ 1955 թւականին, Լոնդոնաբնակ Յովակիմ Յովակիմեանի կողմից։
   Այս եկեղեցում կայ մի դաճագործ վարագոյր, որը պատրաստւել է Մադրասում 1810 թւականին։ Նկարները ներկայացնում են մի կողմում Յիսուսը՝ գլոբուսը ձեռքին, իսկ միւս կողմում Աստւածածինը՝ Յիսուսը գրկին, իսկ կենտրոնում՝ մի հոգեւորական, որ աշակերտներին դասաւանդում է եւ Ս. Հոգին իջնում է վերեւից։ Այս պատկերը, հաւանաբար ցոյց է տալիս Ս. Մեսրոպ Մաշտոցի տառերի գիւտը եւ իր տեսիլը։ Վարագոյրի շուրջին նկարւած են առաքեալների ու մարգարէների 40 նկար։ Վարագոյրը եզերւած է հրեշտականկար երիզազարդով։
   Եկեղեցում կայ նաեւ մի խաչվառ, որ նկարւել է դալաք Սիմոնի ձեռքով եւ ունի արձանագրութիւն։ Այս վկայում է, որ նախքան Ս. Նիկողայոսի աջը այդտեղ դրւելը, եկեղեցին կոչւել է Ս. Աստւածածին։ Այս Սիմոնն է նկարել կամ նորոգել Ս. Ամենափրկչեան Վանքի տաճարի բեմի մի նկարը 1784 թւականին, նոյնպէս նկարել է մի Աւետարանի աթոռի նկարը 1785 թւականին, որ ներկայիս ցուցադրւած է Վանքի թանգարանում (համար 200)։
   Եկեղեցին ունի մի մատուռ Ս. Ստեփանոս անունով, որը գտնւում է բակի արեւելեան կողմում, եկեղեցու հիւսիս արեւելքում, կառուցւել է 1774 թւականին, որի կառուցման թւականը գրւած է երկու կողմերի պատերին եղած գունաւոր խաչանկարների ներքեւում։ Մուտքի դռան շուրջը ամբողջ փայտաշէն է, իսկ գետինը աղիւսապատւած։ Սեղանի աստիճանները նկարազարդւած են գաճի վրայ։ Այդտեղ կայ նաեւ մի նկարազարդ փայտեայ աստիճաններ (սեղան) եւ մի հին խաչկալ, որ թերեւս եկեղեցու նախկին խաչկալը լինի։ Եկեղեցու բակի արեւելեան, հիւսիսային եւ արեւմտեան կողմերում, կան մի քանի սենեակներ։ Եկեղեցու բակում կան մի քանի տապանաքարեր, որոնցից մէկը պատկանում է Խոջա Մինասի, որդի Խոջա Էմնիազին, որ կենդանի ձեւով այրւեց Նադէր Շահի կողմից, ականակուռ թամբի պատճառով։


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ