Ս. ՆԵՐՍԷՍ ԵԿԵՂԵՑԻ

   Ս. Ներսէս Մեծի անունը կրող եկեղեցին, որ սկզբնական օրերին կոչւել է Աւետեաց, գտնւում է Քոչեր թաղում։ Այս թաղը անցեալում կոչւել է Գաւռաբադ, իսկ պարսկերէնով «Մահալլէ Սանգթարաշհա» (քարակոփների թաղ), ուր հիմնման օրերին բնակւելիս են եղել մեծ թւով քարտաշներ։ Կառուցւել է 1666 թւականին Աւետիս Գիլանեանի ծախսով, ինչ-որ մի չհաս ամուսնութեան մեղադրանքը քաւելու պատճառով, որով սկզբում անունը կոչւել է Աւետեաց, յետոյ, երբ Ս. Ներսէս Մեծի մասունքը դրւել է եկեղեցի, կոչւել է Ս. Ներսէս։

 

   Եկեղեցին գտնւում է փոքր բակի հիւսիսային կողմում, ունի երեք մուտք, երկուսը հարաւից եւ մէկը արեւմուտքից։ Եկեղեցին ունի փոքր բեմ, որ մի քիչ աւելի ներս է կառուցւած դասից։ Գլխաւոր գմբէթը գտնւում է ժողովրդեան մասի երկրորդ կամարի վրայ, ունի ութը փոքր պատուհաններ։ Մի այլ փոքր գմբէթ ունի նաեւ ժողովրդեան մասի վերջում, առանց պատուհանի։ Եկեղեցին չունի որմանկարներ, ինչպէս եւ՝ յախճապակիներ։ Բեմի առջեւում ունի խորանատաշ քարեր։ Խաչկալը Ս. Աստւածածնի նկարն է, որի եզրերին կան առաքեալների նկարները, իսկ վերեւում երրորդութիւնը։ Խաչկալի երկու թեւերի նկարները, որոնք միանման են, ներկայացնում են Յիսուսի խաչելութիւնը։ Ունի մի փոքր զանգակատուն, կառուցւած ժողովրդեան մասի հարաւ-արեւմտեան անկիւնում, տանիքի վրայ, հայկական ոճի գմբէթով, որի վրայ գրւած է «1889» թիւը։ Եկեղեցու Սեղանի աստիճանները ամբողջութեամբ արծաթապատւած են եւ զարդարւած խաչերի ու ծաղիկների քանդակներով։

   Եկեղեցին ունի նաեւ շատ գեղեցիկ Աջի աթոռ, ինչպէս եւ առաջնորդական աթոռ, արծաթապատւած ճաշու գրակալ, գեղեցիկ մի խաչ, գանձանակ, երկու գրակալ եւ այլն։ Աջի աթոռը գործն է Ջուղայի յայտնի խառատներից Յակոբ (Ակօլի) Հայրապետեանի։ Առաջնորդական աթոռն եւս մի շատ նուրբ ու գեղեցիկ գործ է, որը պատրաստել է նոյն Յակոբը եւ նւիրել իր եղբօր յիշատակին։
   Արւեստի գեղեցիկ գործերից է նաեւ ճաշու գրակալը, որն արծաթապատ է եւ ներկայացնում է կենտրոնում Աստծու Գառը, վերեւում հրեշտակներ, իսկ շուրջին գեղեցիկ երիզազարդեր։
   Եկեղեցու ներսում կան երկու արձանագրութիւն, որոնք գտնւում են մէկը հիւսիսային պատի, իսկ միւսը նոյն պատի կիսանկիւնի վրայ, գեղեցիկ գաճաքանդակ ծաղիկներով եզերւած, քանդակւած սպիտակ քարի վրայ։ Եկեղեցու հարաւային գլխաւոր դռան վերեւում եւ կողերին ունի քարեայ կամարակապ եւ քանդակազարդ շրջանակ։ Այս դռան եզրերի քարերի գեղեցիկ տաշւածութիւնը ցոյց է տալիս, որ իրապէս Քոչեր թաղի ժողովուրդն ունեցել է վարպետ քարտաշներ։
   Դռան երկու արտաքին կողմերում կան երկու մարմարեայ խաչքարեր։ Ունի գեղազարդ կամար եւ սիւնազարդ եզրեր։ Եկեղեցու հարաւ արեւմտեան դռան երկու կողմերում ու վերեւում կան խաչքարեր, նաեւ մի մարմարեայ քար, որի վրայ կայ արձանագրութիւն։ Արեւմտեան դռան կողքերին եւ վերեւում եւս կան խաչքարեր, որոնցից մէկը շատ գեղեցիկ է։
   Եկեղեցու բակի արեւելեան եւ արեւմտեան կողմերում կան մի քանի սենեակներ։ Բակում կան մեծ թւով տապանաքարեր, ոմանք մարմարեայ, որոնցից 11-ը պատկանում են վրացիների եւ ունեն վրացերէն եւ հայերէն արձանագրութիւններ։


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ