Ս. ՅՈՎՍԷՓ ԱՐԵՄԱԹԱՑԻ ԵԿԵՂԵՑԻ

   Նոր Ջուղայի փառաւոր եկեղեցիներից մէկը, Ս. Ամենափրկչեան Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի Մայր Տաճարն է։
Հայերի Նոր Ջուղա հաստատւելու առաջին տարում, այսինքն՝ 1606 թւականին, իրենց վիճակի անձուկ հանգամանքների պատճառով Վանքն առաջին անգամ կառուցեցին անշուք եւ առանց ընդարձակ շինութեան, տալով նրան «Ամենափրկիչ Վանք»-ի անունը, որ ունէին հին Ջուղայում։ Ս. Ամենափրկչեան Վանքի տարածքում կառուցեցին մի փոքր եկեղեցի։ 50 տարի յետոյ, 1655 թւականին, երբ քաղաքամիջի հայերն եւս Սպահանից դուրս գալով բնակութիւն են հաստատում Հին Ջուղայի արեւմտեան կողմում՝ Նոր Ջուղայում, Դաւիթ Առաջնորդի օրերում, դրա տեղ կառուցւում է ներկայի փառաւոր եկեղեցին, որն աւարտւում է ինն տարւայ ընթացքում՝ 1664 թւականին։ Այս մասին արեւմտեան՝ Յարութեան դռան վերեւում յախճապակու վրայ գրւած է համապատասխան մի յիշատակարան։ Եկեղեցին ամբողջապէս զարդարւած է Հին եւ Նոր Կտակարանի որմանկարներով ու ծաղկազարդերով, որի ծախսը հոգացել է Խոջա Աւետիք Մարտիրոսեան-Ստեփանոսեանը, գլխաւորութեամբ նկարիչներ՝ Մինասի, Յովհաննէս Մրքուզի, Տէր Ստեփանոսի, Տէր Կիրակոսի, Բարսեղի եւ այլոց։

   Եկեղեցու կառուցման վերաբերեալ յիշատակագրութիւններ կան, որոնցից մէջբերում ենք հետեւեալները.

   Եկեղեցու արեւմտեան դռան ճակատի դրսի կողմից յախճապակեայ տառերով.
   «Հիմնարկեցաւ Ամենափրկչի Վանքս ի թիվն ՌՃԴ., ի թագաւորութեան երկրորդ Շահ Աբբասին եւ կաթուղիկոսութեան տեառն Փիլիպպոսի, ի ձեռն սուրբ ուխտի Առաջնորդի Դաւթի Վարդապետի, կամակցութեամբ եւ տրօք Ջուղայու ժողովրդոց, եւ աւարտեցաւ ՌՃԺԳ. ամի։ Որքան Պատարագ եւ աղաչանօք որք ի սմա կատարի՝ լիցի մասն եւ բաժին հարկ կենդանեաց եւ ննջեցելոց»։
   Թարգմանութիւն.
   «Ամենափրկիչ Վանքը հիմնւեց 1104 (1655) թւին Շահ Աբբաս երկրորդի թագաւորութեան եւ Տէր Փիլիպպոսի Կաթողիկոսութեան ժամանակ, սուրբ ուխտի Առաջնորդ Դաւիթ Վարդապետի ձեռամբ, յօժարութեամբ եւ նւիրատւութեամբ Ջուղայի ժողովրդի, եւ աւարտւեց 1113 (1664) թւին։ Ինչքան Պատարագ եւ պաշտամունքներ, որ սրա մէջ կատարւեն՝ մաս եւ բաժին լինի ողջերին եւ ննջեցեալներին»։

   Սեղանի ներքին կամարի վրայ շրջանակւած, հիւսիսից հարաւ, ոսկեայ տառերով.
   «Զձեզ աղաչեմ ընթերցող տառիս, յիշել նկարօող զսուրբ խորանիս, որ միշտ տրփմամբ՝ ցանկայր բանիս սա զԱւետիքս զհեզահոգիս, զհօրն հանգուցեալ Ստեփաննոսիս, զՄարգարիտ սնուցողիս, Նազ Աղէս ընդ Ոհանիս, զհամազգ եղբարսն գուլշուք որդի ամբարշտիս, որ եւ Սահակն, Մարտիրոսիս, Սօլթան-Սլիմ կենակցիս։ Զսոսա յիշել միշտ ի ուխտիս։ Ի թուին ՌՃ. տասնիս, Ապրիլ ամիս Ի. եւ Է.-իս»։

   Սեղանի հիսիսային պատի վրայ, յախճապակեայ տառերով.
   «Սրբոյ Սեղանոյս շրջապատ ապակեղէնս շինեցաւ առաջնորդութեան Մովսէս Վարդապետի Ջուղայեցու։ Ի թվին ՌՃԿԵ.»։

   Վանքի կառուցումից 38 տարի յետոյ, սուրբ տաճարի արեւմտեան դռան առաջ, երեք քայլ հեռաւորութեան, Աղա Յովհանջան Ջամալեանցի ծախսով կառուցւեց զանգակատունը, որի բարեգործութեան յիշատակը գրւած է հիւսիսային կամարի ճակատին, յախճապակեայ տառերով.
   «Յամի մարդեղութեան Կենարարին մերոյ Քրիստոսի Աստուծոյ՝ ՌԷՃԲ. եւ ըստ հայոց թվին՝ ՌՃԾԱ, շինեցաւ սուրբ մատուռս յանուն սուրբ հրեշտակապետացն Միքայէլի եւ Գափրիէլի, ի թագաւորութեանն մեծի խաղաղասէր շահ Սուլթան Յուսէնին եւ յառաջնորդութեանն բոլորից քրիստոնէից Պարսկաստանի՝ Տէր Աղէքսանդրի Աստուածաբան Վարդապետի եւ արհիական Եպիսկոպոսի, հոգաբարձութեամբ եւ վերակացութեամբ Տէր Մովսէս Վարդապետի, գոյիւք եւ ընչիւք իշխանաշուք ազնուատոհմ եւ պերճապատիւ պարոնաց պարոն Յովհանջանի Ջամալեանց, ի տիս տղայութեան հասակի, յիշատակ հոգւոյ իւրոյ եւ ծնողացն՝ հօրն՝ բազմաշխատ Խօջայ Յովհաննիսին, եւ մօրն՝ մեծահաւատ տիկնոջն Մարիանեայ, եւ դստերն՝ Բէրզատէ, եւ որդւոյն դեռաբոյս եւ նորաբողբոջ Քրիստոսիւ զօրացեալ վարդափթիթ Յովհաննիսին, եւ աւաք եղբօրն՝ պարոն Գրիգորին, եւ որդւոյն՝ պարոն Յովհաննիսին, եւ իւրոցն ամենայնի կենդանեաց եւ ննջեցելոց ամենեցուն. ամէն»։

   Յիշատակարանների մէկ մասը յիշատակարաններն են Խոջա Աւետիքի՝ եկեղեցին նկարել եւ ծաղկել տւողի, որի շնորհը մեծ է՝ այդ ծախսերի մեծագումար լինելու պատճառով, որովհետեւ բոլոր ոսկեգոյն զարդարւած նկարները զուտ ոսկուց են։
   Ամբողջ եկեղեցին ներսի կողմից պատկերազարդւած է տէրունական նկարներով եւ ոսկեզօծ ծաղկանկարներով եւ վարի բաժնում եկեղեցու շուրջ առ շուրջը ծաղկադաճերով զարդարւած յախճապակի է տեղադրւած։


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ