Ս. ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ

   Ս. Մինաս եկեղեցին գտնւում է Դաւրէժ (Մահլաթ) թաղում, սկզբնական օրերին կոչւել է Ս. Աստւածածին, իսկ յետոյ, երբ Ս. Մինասի մասունքը նւիրւել է եկեղեցուն, ապա կոչւել է Ս. Մինաս։
   Կառուցւել է 1659 թւականին, ժողովրդի նւիրատւութիւններով, երբ բնակիչները 1655 թւականին Սպահանի Շամսաբադ թաղից տեղափոխւել են Նոր Ջուղայի հարաւ-արեւմտեան կողմը։ Հայերը Շամսաբադում եւս ունեցել են իրենց եկեղեցին, որը կոչւած է եղել նոյն Ս. Աստւածածին անունով։
   Եկեղեցու բակի մուտքի դռան վերեւում, կայ եկեղեցու նկարը յախճապակու վրայ, որի ներքեւում գրւած է. «Յիշատակ է դալաք Աբրահամին ծնողացն Բաբաքին, Շամէքին կողակից Եթարին թվ. ՌՃԽ (1691)»։
   Եկեղեցու շէնքը գտնւում է բակի հիւսիսային կողմում, ունի երեք մուտք, մէկը արեւմուտքից, իսկ երկուսը հարաւից՝ ժողովրդեան մասից եւ մի փոքրը՝ դասից։

   Հարաւային՝ գլխաւոր մուտքի առջեւ, ունի երկսիւնով ծածկւած գաւիթ, որն անցեալում ծառայել է որպէս կօշիկներ հանելու վայր։

Եկեղեցին կառուցւել է չորս հիմնասիւների վրայ, կամարակապ ձեւով։ Գլխաւոր գմբէթը գտնւում է դասի վերեւում, որն ունի միջակ մեծութիւն, ութը հատ պատուհանով։
   Եկեղեցու մէջ աչքի է ընկնում պատերի վրայ, որմախորշերի եւ սիւնաեզրերի որմազարդ գունաւոր զարդանկարները, կան նաեւ մի քանի որմանկարներ՝   դասի պատերի վրայ եւ առաջամասի սիւների երեք կողմերում։ Խորանն ամբողջապէս նկարազարդւած ու ծաղկազարդւած է, իսկ ժողովրդեան մասի կենտրոնական տարածութեան հիւսիսային պատի սիւների միջոցում եղած կամարի մասում, նկարւած է դրախտն ու դժոխքը, որ խիստ նմանութիւն ունի Ս. Ամենափրկչեան Վանքի Տաճարի նկարի հետ։ Այստեղ եւս Յիսուսի պատկերից ներքեւ եղած Խաչը գրկել է մի մարդ, որը թերեւս հէնց նոյն Խոջա Աւետիքը լինի։
   Եկեղեցու բեմի հարաւային ու հիւսիսային կողմերի պատերի ցածի մասերը, ինչպէս եւ դասի երկու կողմերը՝ արեւելքն ու հարաւ-հիւսիսը, պատած են գունագեղ յախճապակիներով։ Բեմի առջեւում կան վեց կտորից բաղկացած քարեր, գեղեցիկ կամարներով, ծառերով ու ծաղիկներով զարդարւած, որոնք բերւել են Շաւէլենց Ս. Յովհաննէս եկեղեցուց։
   Անցեալում եկեղեցու մէջ եղել է մի արձանագրութիւն, գմբէթի ներսի կողմում շուրջանակի ձեւով, բայց մտածելով, որ եկեղեցու նորոգութիւնների ժամանակ կարող է աւերւել, որը պատահել  է արդէն, ուստի այն ընդօրինակւել եւ քանդակւել է երկու կտոր մարմարի վրայ եւ զետեղւել առաջամասի երկու սիւների հիւսիս եւ հարաւային կողմերում, որոնց բովանդակութիւնը բերում ենք ստորեւ.
   «Արդ եղեւ սկիզբն շինութեան եւ հիմնարկութեան սուրբ եկեղեցւոյս, որ ըստ անուամբ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ի թուականութեան հայազնեայ սեռիս ՌՃԸ (1659) ամի ի թագաւորութեան Շահ Աբբաս սանի (երկրորդի Լ. Մ.) եւ ի հայրապետութեան Տեառն Յակոբայ սուրբ Աթոռոյն Էջմիածնի եւ յառաջնորդութեան Ջուղայոյ եւ մերոյ նահանգիս Դաւթի արհի Եպիսկոպոսի եւ աջողութեամբն Աստուծոյ եւ առաջնորդութեան Սուրբ Հոգւոյն եւ միաբանութեամբ Սուրբ Գրիգորի եկեղեցւոյ ժողովրդեան Թաւրիզեցւոց եւ Նախիջեւանցւոցն, կատարեցաւ շինուած սուրբ եկեղեցւոյս, թվին ՌՃԺԲ (1663) ամէն։ Զոր եւ բազում ջանիւք եւ աշխատութեամբ շինեցաք սուրբ եկեղեցիս այս»։
   Այս արձանագրութեան վերջում, 1909 թւականին, երբ ըստ երեւոյթին նորոգւել է եկեղեցին եւ վերի արձանագրութիւն քանդակւել քարի վրայ, աւելացւել է նաեւ մի քանի տող, որ բերում ենք ստորեւ.
   «Վերանորոգեցաւ Ս. եկեղեցիս արդեամբ յիշատակի կտակեալ գումարոյ հանգուցեալ Յովսէփայ Պօղոսխանեանի յամի Տեառն 1909»։ Գրութեան ներքեւում, մի կլոր կնիքի մէջ քանդակւած է. «Փորագրեաց Յովհաննէս Ա. Աղէքսեան»։
   Եկեղեցին ունի մի փոքր զանգակատուն, որ գտնւում է տանիքի հարաւ-արեւմտեան կողմում։
   Արձանագրութիւններ կան նաեւ եկեղեցու երկու գլխաւոր՝ արեւմտեան եւ հարաւային դռների վերեւում, քարի վրայ։
   Եկեղեցին ունի նաեւ մի մատուռ (ամռան եկեղեցի), որը գտնւում է բակի արեւելեան եւ եկեղեցու հարաւ-արեւելեան կողմում, կառուցւել է 1713 թւականին եւ կոչւել է Ս. Աստւածածին անունով։ Մատուռի հիւսիսային ու հարաւային պատերին կան յախճապակիներ, ունի գեղեցիկ Սեղան ու խաչկալ եւ փոքր գմբէթ, գունաւոր ապակեայ պատուհաններով։ Մատուռի կառուցման ստոյգ թւականը յայտնի չէ։
   Եկեղեցու արեւմտեան եւ հարաւային կողմերում կան սենեակներ։ Արեւմտեան սենեակներից մի քանիսը, որոնք անցեալում ծառայել են որպէս դպրոց, այժմ վերածւել են մի փոքրիկ սրահի, իր խոհանոցային յարմարութիւններով։ Եկեղեցու բակը շուրջանակի պատերի վրայ ունի կամարներ, որոնց վերին մասերում կան գեղեցիկ աղիւսապատումներ, իսկ պատերի վերին մասերում, տանիքի եզրին, աղիւսաշէն ծակոտկէն ցանկապատ։
   Եկեղեցու բակում կան մեծ թւով տապանաքարեր։ Այդ տապանաքարերից մէկը պատկանում է մատուռն կառուցողին։ Միւս տապանաքարերից յիշատակելի են երկու վրացիներինը, որոնց անուններն են գօրեցի Միրիանենց Ըռամազի որդիներ Զօրապբէկ եւ Դաւիթբէկ, որ ունեն 1709 եւ 1735 թւականները, ինչպէս եւ՝ Մեծ Բրիտանիայի փոխ հիւպատոս Մինաս Աղանուրեան 1862-1930 եւ Ստեփանոս Աղանուրեանց 1826-1896։ Նաեւ Աշուղ Ոհանէս՝ 1793 թ., Ոսկերիչ Ոսկան՝ 1784 թ. ինչպէս եւ՝ գրիչ ու ծաղկող Մարտիրոսը, որը թաղւած է մատռան առջեւում, հարաւային պատին կից։


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ