Ս. ԲԵԹՂԵՀԷՄ ԵԿԵՂԵՑԻ

   Ս. Բեթղեհէմ եկեղեցին գտնւում է Նոր Ջուղայի Մեծ Մէյդան թաղում, Ս. Աստւածածին եկեղեցու հիւսիսային կողմում, որոնք միմեանցից բաժանւում են միայն մէկ փոքր փողոցով։
   Եկեղեցու հիւսիսային կողմից է անցնում Ջուղայի յայտնի հին վաճառականներից Խոջա Նազարի անունը կրող պողոտան, իսկ արեւմտեան կողմում գտնւում է Ջուղայի Մեծ Հրապարակը (Մէյդանը), որտեղ անցեալում, կիրակի օրերը լինում էր տօնավաճառ, որ վերջին տասնամեակներում փոխւել էր շաբաթ օրւան, իսկ յետոյ էլ սկսեալ 1970-ական թւականներից, փոխադրւեց Նազար պողոտայի արեւմտեան վերջաւորութեան՝ Վահիդ պողոտայի վրայ։
   Ս. Բեթղեհէմ եկեղեցին Նոր Ջուղայի ամենափառաւոր ու վայելչաշէն եկեղեցին է, իր բարձրակառոյց շէնքով ու հսկայական գմբէթով։ Եկեղեցին անցեալում, արեւելեան եւ հիւսիսային ու հարաւային կողմերում եւս ունեցել է բակ, որոնցից հիւսիսայինը 1935-36 թւականներին կտրւեց բոլորովին, Նազար պողոտայի լայնացման պատճառով, իսկ արեւելեան եւ հիւսիսային բակերը, դարձան խանութներ եւ մեքենաների կառատուն։ Այժմ միայն արեւմտեան կողմից ունի բակ եւ երկու մուտք՝ արեւմտեան եւ հարաւային կողմերից։

  Ջուղայի պատմագրի համաձայն, 1850-ական թւականներին եկեղեցին լքւած է եղել բոլորովին եւ ենթակայ փլման, բայց ինչպէս Յովհաննէս Աւ. Քհնյ. Խաչիկեանն է գրում իր «Աւազանագիրք»-ի մէջ, (էջ 128), Աղա Յովանջան Էլիազեանի միջոցներով, 1870-ական թւականներին, ենթարկւում է նորոգութեան, որով եւ փրկւում է վերջնական խոնարհումից, ի ուրախութիւն Նոր Ջուղայի եւ հայ ժողովրդի։

   Վերջին տասնամեակներում, երբ հիւսիսային կողմից լայնացւեց Նազար պողոտան եւ սկսեցին անցնել բեռնատար մեծ մեքենաներ, գմբէթի վրայ բացւեցին ճեղքեր, բայց բարեբախտաբար 1970 թւականին, Իրանի «Մշակոյթ եւ արւեստ» հնագիտական հիմնարկի միջոցով, ենթարկւեց երկաթեայ գօտեպատման ու նորոգման, որով գմբէթն ընդմիշտ ապահովւեց փլման վտանգից։
   Եկեղեցին կառուցւել է 1628 թւականին, Խոջա Պետրոս Վելիջանեանի կողմից։ Սրա մասին կայ այն աւանդութիւնը, ըստ որի, իբր մի անգամ Զատիկ կիրակի օրը, երբ Խոջան ուզում է եկեղեցի մտնել, իրեն կամ կնոջը տեղ չի լինում, եւ կամ ըստ այլոց ասութեան, Խոջա Աւետիքը պատւիրում է ծառային, որ արգելի Խոջա Պետրոսի մուտքը, որպէսզի նա էլ պարտաւորւի մի եկեղեցի կառուցել, որով եւ նա էլ հէնց դրա կողքին կառուցում է Ս. Բեթղեհէմ փառաւոր եկեղեցին, շքեղ ու վայելուչ, քան Ս. Աստւածածինը։
   Եկեղեցին կառուցւած է քառակուսի կենտրոնագմբէթ ոճով, որը երկյարկանի է եւ ունի ութը պատուհան։
   Ըստ աւանդութեան պատմւում է, որ հայ վարպետը կառուցում է Շահի Մզկիթի գմբէթը, եւ որպէսզի նա այլեւս դրա նման մեծ գմբէթ չկառուցի, կտրում են նրա մէկ ձեռքը։ Բայց նա մէկ ձեռքով կառուցում է նրանից աւելի փառաւորը։ Պատմւում է նաեւ, որ այս գմբէթի կառուցումը այդքան մեծութեամբ ուզում են արգելել պարսիկները եւ բողոքում են Շահի մօտ, բայց արքան ընթացք չի տալիս այդ բողոքին։
   Եկեղեցու ժողովրդեան մասը քառակուսի է, որի չորս հսկայ կամարասիւների (մոյթերի) եւ նրանց իրար միացնող կամարների վրայ, բարձրանում է հսկայ գմբէթը, որն ունի 11 մեթր տրամագիծ, որի ընդհանուր բարձրութիւնը կամարների վրայից 12.5 մեթր է, իսկ երկրորդ յարկի բարձրութիւնը 5.7 մեթր, գմբէթի ընդհանուր բարձրութիւնը գետնից մինչեւ ծայրը հասնում է 25 մեթրի։
   Եկեղեցին ունի երկու մուտք, հարաւից եւ արեւմուտքից։ Անցեալում ունեցել է նաեւ հիւսիսից, որ պողոտայի լայնացման պատճառով փակւել է։ Արեւմտեան մուտքի առաջամասի վերեւում ունի պատշգամբ, ուր անցեալում յատկացւած է եղել աղջիկների ու նորահարսների կանգնելու համար։
Եկեղեցու ներսը ամբողջութեամբ նկարազարդ ու ծաղկազարդ է, իսկ գետնից 1 մեթր աւելի բարձրութեամբ, որմերը պատած են գունաւոր ու նկարազարդ յախճապակիներով։ Որմանկարները ամբողջ Հին եւ Նոր Կտակարաններից են, գծւած է նաեւ դրախտն ու դժոխքը։ Թէեւ ժողովրդական մասի նկարչութիւնները չեն հասնել Ամենափրկչեան Վանքի նկարների գեղարւեստական բարձրութեանը, բայց բեմի մասինը, որ զուտ հայկական մանրանկարչութեամբ են, վստահաբար գերազանցում են դրանց։ Բեմի առաջամասում ունի խորանազարդ ու քանդակազարդ եօթը կտորից բաղկացած քարեր, որոնց վերեւում ունի արձանագրութիւն։
   Արեւելեան կողմի՝ բեմի ետեւի պատուհանը, որն այժմ ծածկւած է, եղել է խաչաձեւ եւ գաջազարդ, որի որոշ մասերը դեռեւս մնում են չեղծւած վիճակում։ Սրա վերին մասում կայ մի արձանագրութիւն, որտեղ առաջին անգամ լինելով, Ջուղայի շինութեանց յիշատակարանների մէջ, յիշւած է 17-րդ դարի յայտնի նկարիչ Մինասի անունը։
   Ստորեւ բերում ենք այդ արձանագրութիւնը, որի վերջին մասը եղծւած է.
   «Նկարեցաւ պատկերս ձեռամբն Մինասին, Մարտիրոսին։ Նկարեցաւ ծաղիկս ձեռամբն Աստուծատուրին...»։
   Այս գրութիւնից ներքեւ, խաչ-պատուհանի տակի ծաղիկների հետ միախառնւած զարդերի մէջ, գրւած է նաեւ «Աւետ» անունը։ Մինասի հետ յիշատակւած «Աստուածատուր»-ը, շատ հաւանաբար լինի Բոգդան Սալթանովը, որը յետոյ՝ 1667 թւականին, գնում է Մոսկւա եւ այնտեղ ցարի պալատներն է նկարազարդում։
   Եկեղեցու նկարներն առնւած են Հին եւ Նոր Կտակարաններից։ Սրանց միջից յատուկ ուշադրութեան արժանի են դասի 2 եւ բեմի 12 պատկերները, որոնք նկարւած են զուտ հայկական ոճի մանրանկարներով։
   Բեմի կամարակապ որմախորշերում եւս կան զանազան նկարներ, որոնցից երկուսը նկարւած են հայկական ոճի մանրանկարներով։
   Ժողովրդեան մասի նկարներից առանձնապէս յիշատակութեան արժանի է «Դրախտ»-ի պատկերը, որի վերեւի ձախ անկիւնում երեւում է Խոջա Պետրոսը իր հին տարազով, որ ձեռքերը իրար միացրած աղօթում է, որի գլխից վերեւ նկարւած է մի թագ, որով թերեւս ուզում է ասել, նա արժանի է թագի՝ իր կառուցած այս փառաւոր եկեղեցու համար։
   Խոջա Պետրոսի այս նկարի վրայից է որ 1930 թւականին յայտնի նկարիչ Սարգիս Խաչատրեանը նկարել է Խոջաի դիմանկարը, որոնցից մէկը գտնւում է եկեղեցում, իսկ միւսը Ս. Ամենափրկչեան Վանքի Տաճարի գաւթում, մի սիւնի վրայ՝ դէմ դիմաց Վանքի եկեղեցին նկարազարդել տւող Խոջա Աւետիքի նկարի։
   Կամարները, ինչպէս եւ գմբէթի ներսի մասը ամբողջութեամբ, զարդարւած է ոսկեզօծ ու գեղեցիկ զարդանկարներով ու ծաղկազարդերով։
Եկեղեցին ունի մի փոքր զանգակատուն, որը կառուցւել է 1897 թւականին, արեւմտեան մուտքի վերեւում, տանիքի վրայ, չորս սիւնով եւ հայկական ոճի մի փոքր գմբէթով, որի արեւմտեան կամարի վերեւում գրւած է «Կառուցաւ 1897»։
   Եկեղեցին կառուցող Խոջա Պետրոսի եւ այլ նւիրատուների համար, եկեղեցու մէջ, կան մի շարք յիշատակարաններ։ Այս արձանագրութիւններից ամենակարեւորը, պատկանում է եկեղեցու կառուցմանը, որը գտնւում է ժողովրդեան մասի պատուհանների ներքեւում, որ բերում ենք այստեղ.

«Հազար Հ եւ Է թուին
Որ էր անցեալ հայոց ազգին,
Աւարտեցաւ եկեղեցին
երահռչակ եւ պանծալին,
Համանման ադին դրախտին,
Եւ կամ Նոյեան սուրբ տապանին,
Ի ժամանակս Շահ Աբբասին,
Եւ մեր սրբոյ Հայրապետին,
Տէր Մովսիսի քաջ հռետորին,
Դիտապետի այսմ նահանգին,
Հեզահոգի Տէր Խաչատրին,
Որ շինեցաւ ձեռամբ մեծին,
Խօջայ Պետրոս այր ցանկալին,
Խօջայ Պօղոս որդի նորին,
Եւ փափագմամբ աւարտեցին,
Սակս յիշման հոգի նոցին,
Ծնողաց սորին Վիլիջանին,
Շուշան անուն մաւրն նորին,
Տէր ողորմեսցի ամենեսին,
Որք հանդիպիք տեսլեամբ սորին,
զԽաւջայ Պետրոսն բաղձալին,
Յիշեալ լինէք միշտ արժանին,
Եւ որք յիշեն, յիշեալ լիցին,
Ի Քրիստոս յաւիտենին։

   Բեմի արեւելեան կողմի պատի կիսակոր մասում, մի շրջագծի մէջ նկարւած է Յիսուսը, չորս աւետարանիչների եւ հրեշտակների հետ, որի ներքեւում Յիսուսի ոտքերի տակ, ոսկեզօծ տառերով, գրւած է.

   «Յիշեցէք ի Քրիստոս զԽաւջա Պետրոսն, որ շինեցաւ ձեռամբ մեծին Խաւջա Պետրոս այր ցանկալին, հօրն իւրոյ Վէլէջանին եւ մօրն Շուշանին, Տէր Աստուած ողորմեսցի սոցին, թիւն ՌՀԷ, (1628)»։
   Եկեղեցու հիմնական նորոգութիւններից մէկը կատարւել է 1899 թւականին, երբ Յովսէփ Աբգարեանը Հնդկաստան գնալով, հանգանակութիւն է կատարել այդ նպատակի համար։
   Եկեղեցու բակում կան որոշ թւով տապանաքարեր, որոնցից մի քանիսը, որ պատկանում են եկեղեցին կառուցող Խոջա Պետրոսին եւ իր ազգակիցներին, գտնւում են եկեղեցու բակի հիւսիսային կողմի դռան մօտիկ, ծածկւած բայց երկու կողքերից բաց սենեակի մէջ։
   Խոջա Պետրոսի տապանաքարը կճեայ է (մարմար) եւ ունի հետեւեալ արձանագրութիւնը.

«Ի տապանի աստ զետեղի,
Դի մահդասի մեծ Խօճայի,
Որոյ անուն Պետրոս կոչի,
Այր մեծաշուք եւ անւանի,
Ըստ անուանակցին իւրոյ վիմի,
Կարծր հաւատով գործովք բարի,
Քան գկար մարդոյ ողորմածի,
Եւ սրբութեան հետեւողի,
Եւ այլ գործօք անթերի լի,
Որ հաւատուն վկայ լինի,
Որոյ գործոց արդիւնքն յայտնի,
Եկեղեցեաւս հրաշալի,
Կացեալ մաքուր ի յաշխարհի,
Ըստ հաճոյից մերոյն Փրկչի,
Որպէս գործօք ալեօք ծաղկի,
Մինչ սահմանեալ կէտ կոչողի,
Ի նոյն Տեառնէ մեր հրաւիրի,
Ընդ անմահիցն դասակցի,
Խնդրեմք զԱստւածն կենդանի,
Սորա գործեալ մեղքն թողցի,
Եւ յիշողացն ամենայնի,
Թիվն ՌՂԸ-ի (1649),
Յաւուր մեծի պասեքի,
Ս. Յարութեան մէջ գիշերի»
։

   Եկեղեցու բակի հարաւային կողմում կան մի քանի սենեակներ։ 1984 թւականին ամբողջութեամբ ծեփւեց եկեղեցու հիւսիսային կողմի պատը եւ որոշ նորոգութիւններ եղան դամբարանի եւ միւս մասերում, Նոր Ջուղայի Եկեղեցեաց Վարչութեան կողմից։


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ