Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

   Այս եկեղեցին կառուցւեց 1613 թւականին եւ պատկերազարդւել 1666-ին, պատերին յախճապակի զետեղւեց հետզհետէ 1651 թւականից մինչեւ 1666 թւականը, եւ երկրորդ նորոգութիւնը կատարւեց 1841 թւականին։ Ըստ հաւաստի տեղեկութեան, առաջին նորոգութիւնը կատարւեց Գէրաք Աղայի ծախսով, նրա կենդանութեան ժամանակ։
   Եկեղեցին կառուցւել է կամարակապ։ Առաստաղի վրայ կան հին եկեղեցիների պատկերների նման նկարներ։ Ժողովրդատեղի պատին կան քանի պատկերներ, որոնք նկարւել են երկրորդ անգամ եւ կատարելագործւել են աւելի բարձր արւեստով քան առաստաղների նկարները։ Հիւսիսային եւ հարաւային պատերի վրայ կան երկու պատկերներ, որոնք հմուտ պատկերահանի գործ են, որ Գէրաք Աղան պատերի չափի համեմատ Վենետիկում նկարել տւեց կտաւի վրայ եւ այստեղ բերելով՝ զետեղեց եկեղեցում։

   Հիւսիսային պատի նկարը ներկայացնում է Հրովդէսի պալատը եւ Ս. Յովհաննէս Մկրտչի գլխատումը։ Ներքեւում գտնւում է Գէրաք Աղայի նկարը, որ ձեռնամած աղօթում է եւ ձեռքերի միջեւ գրւած է՝ «Գէրաք»։ Հարաւային պատի նկարը քառասնօրեայ Մանկան Տաճար ընծայելն է ներկայացնում, որի ներքեւում կան Աղա Գէրաքի կնոջ եւ երկու որդիների նկարները։

   Այս եկեղեցին Տիրամօր անունով կառուցւած լինելով, անցեալում կանայք աւելի ջերմեռանդ էին մօտենում դրան եւ շատ էր ուխտաւորների թիւը։ Չորեքշաբթի օրերը, Ջուղայի հեռաւոր թաղերից, կանանց խուռն բազմութիւնն այնտեղ էր դիմում։ Զատիկ չորեքշաբթի օրն աւելի մեծ բազմութեամբ եւ ոմանք ոտաբոբիկ էին գնում, եւ իբր խնդակից՝ Յիսուսի յարութեան համար աւետիք էին տալիս Տիրամօրը։
   Եկեղեցու հիւսիսային պատի մօտ կայ մի փոքրիկ մատուռ՝ Սուրբ Յակոբ կոչւած, որ կառուցւել է եկեղեցուց առաջ, ժողովրդի աղքատութեան ժամանակ, որտեղ իրենց աղօթքներն էին կատարում, մինչեւ կառուցւեց Ս. Աստւածածինը։
   Եկեղեցու կառուցող Խոջա Աւետիքի դին ամփոփւած է եկեղեցու արեւմտեան կողմում, որի տապանագիրն այս է.

«Այս է տապան մահդասի Աւետիկին,
Որ փոխեցաւ աշխար վերին։
Թիվն ՌՁԸ. ամի (1639)»
։

   Եկեղեցին մինչեւ 1848 թւականը կոչնակ ունէր, իսկ 1848 թւականին Տէր Բարսեղ Գալստանեանը, երբ վերադարձաւ Հնդկաստանից, զանգակներ բերեց եւ այդ ժամանակից զանգակները կախւեց փոքրիկ զանգակատանը, որ եկեղեցու առաստաղի վրայ է կառուցւած։
   Գմբէթի ներքնակամարի մէջ շրջանակաձեւ յիշատակարան ունի.
   «Շնորհօքն Յիսուսի Քրիստոսի, գերանկար շինեցօ բարձրագոյն զարմանալի սուրբ եկեղեցիս ձեռամբ մահդասի Աւետիկին։ Կարողութեամբն Աստուծոյ աւարտ եղեւ յիշատակ իւր հոգոյն եւ ծնողաց իւրոց, նաեւ զհայրն՝ Խոջա Բաբաքին եւ մայրն՝ Ուլուխաթունն եւ կողակիցն՝ Վալիմէնփաշէն եւ որդիքն՝ Յակոբջանն, Աւդալմսէն եւ դստերքն՝ Խալաֆն, Ղադամղութլու եւ Սոփիէն, եւ եղբայրն՝ Մարգարէն, Յակոբն եւ որդիքն՝ Սիմին եւ Այնալէն։
Շինեցաւ ի թագաւորութեան Շահ Աբբասին։
Շինեցաւ սուրբ եկեղեցիս հայրապետութեան Տէր Դաւիթին։ Թվին ՌԾԲ.»
։
   Առաջին դասի հիւսիսային պատին, կամարին կից, գրւած է.
   «Որք հանդիպիք այսմ տեսութեան նկարիս խորանիս սրբութեան, յիշել յաղօթս ձեր մաքրական նկարօղ զԱպովն երիցփոխան, հարքն եւ ծնօղքն իւր ամենայն, հայրն իւր՝ Մարութայն եւ զմայրն իւր՝ Աղսէրն եւ զմիւս մայրն՝ Թվէլումն եւ եղբարքն իւր՝ Սիմէոն, Գրիգորն, Թասալի եւ կինն՝ Ծաղիքն եւ զքուրսն։ Թիվն ՌՃԺԵ.»։
   Առաջին դասի հարաւային կամարի կից պատին Տէր Յովհաննէս Գալստանեանի կողմից, 1841 թւականին, եկեղեցու երրորդ նորոգութեան ժամանակ գրւել է.
   «Առաջին եւ երկրորդ դասոց շինութիւն էր թիվն 1059, որ եղծաւ։ Եւ երրորդն էր 1062 թիւն փոքր, որ ի կաթողիկոսութեան Դաւթի։ Ի երրորդ անգամ վերանորոգումն սրբոյ տանս համայն եղեւ ի 1841»։
   Եկեղեցու շուրջը, յատակից շուրջ 1 մետր բարձրութեամբ, պատի վրայ զետեղւած է ընտիր յախճապակի, որի վրայ գրւած է յախճապակի շինողների յիշատակը։ 1841 թւականին այդ եկեղեցու նորոգութեան ընթացքում տեղ-տեղ փչացան այդ յախճապակեայ շինութիւնները. փոքր ուշադրութեամբ յայտնի է դառնում, որ այս արձանագրութեան յախճապակիները տեղափոխւել են, որով խախտւել է բնագիրը։
   Ս. Սեղանի արեւելեան կողմի պատին գրւած է.
   «Յիշեցէ՛ք ի Քրիստոս զՏէր Յովհաննէսն Գալստանեան, որ եղեւ պատճառ վերանորոգման սրբոյ տանս համայն, յամի Տեառն 1841-ին, յամսեանն Հոկտեմբերի 21-ին աւարտեցաւ, որ ի կաթուղիկոսութեանն Յովհաննիսի»։
   Արեւմտեան դռան ճակատին գրւած է.
   «Տէր Յ.Գ.
   Յօրինեցաւ այս սուրբ եկեղեցի յանուն Տիրամօր սուրբ Աստւածածնի, իսկ շինօղ այս տան էր այր մահի՝ Խօջա Աւետիք Բաբաքեան ասի. շինեալ արդեամբ նոյն առատաձեռնի, առ ի յիշատակ իւրոցն տոհմի, ի թուին հայոց միոյ հազարի եւ վաթսուն երկուց ի նմին ամի։
   Վերանորոգում սորին կրկնակի, ձեռամբ բարեջան Տէր Յովհաննիսի, որդի լինելով սա Գալստանի, նոյն եկեղեցւոյ վիճակաւորի, ի թուին հայոց միոյ հազարի եւ երկու հարիւր ինսուն սոյն ամի, զոր նա նորոգեաց զայս եկեղեցի։
   Տէր բարեսիրաց յաւէտ գթասցի»
։


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ