«Նոր Ջուղայի թանգարանը բացառիկ նշանակութիւն ունի, որովհետեւ խօսում է դարերի լեզւով: Բոլոր նրանք ովքեր այստեղ են գալիս ունկնդրում են դարերի ձայնին: ... Նա մի դպրոց է նաեւ երիտասարդ սերնդի համար, որպէսզի նրանք իմանան թէ ինչ են արել իրենց հայրերը անցեալում եւ ինչ են թողել որպէս մնայուն արժէք...»։

Գարեգին եպս. Սարգիսեան
Առաջնորդ Իրանա-Հնդկաստանի Հայոց Թեմի
19 հոկտեմբեր 1971 թ., Նոր Ջուղա

* * *

Նոր Ջուղայում թանգարանի հասկացութեան նախատիպին ու սկզբնական կերպին հանդիպում ենք 20-րդ դարի սկզբին: 1905-1906 թւականներին, Վանքի Մայր Տաճարի դիմաց, կառուցւում է գրադարան-մատենադարանի համար մի առանձին շէնք՝ բաղկացած երեք մեծ եւ երկու փոքր սենեակներից, որի ծախսը յանձն է առնում Թադէոս Տէր-Յովհանեանը, իր հօր՝ Նոր Ջուղայի պատմագիր Յարութիւն Տէր-Յովհանեանի յիշատակին: Շէնքը մինչեւ 1930-ական թւականները ծառայում է որպէս գրադարան-մատենադարան, ուր ցուցադրւում են նաեւ մի շարք գրչագիր եւ տպագիր գրքեր, կրօնական զանազան իրեր եւ նկարներ:

1931 թւականին, Իրանի ժամանակի կառավարութեան հրաւէրով Սպահան է ժամանում արւեստագէտ եւ գեղանկարիչ Սարգիս Խաչատրեանը1: Նա 1931-1934 թւականներին զբաղւում է Սպահանի պատմական շինութիւնների որմնանկարների նորոգութեան եւ պատճէնահանման աշխատանքով եւ կարեւոր դեր է ունենում Նոր Ջուղայի մշակութային կեանքում: Նոր Ջուղայի Համայնական խորհուրդը Ճիշտ գնահատելով արւեստագէտի Սպահան այցելելու պահը, օգտւում է նրա խորհուրդներից եւ գրադարան-մատենադարանի շէնքի մէջ որոշ բարեփոխումներ կատարելով՝ նոյն վայրում հիմնում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանը:

1930-1933 թւականների ընթացքում վանքում եւ միւս եկեղեցներում գտնւող արժէքաւոր նկարները, գեղեցիկ իրերը եւ այլ զանազան թանգարանային իրեր, որոնք Նոր Ջուղայի հայ վաճառականները բերել էին արտասահմանից, հաւաքւում են թանգարանի համար: Այս գործում անմիջական օժանդակութիւն են ցուցաբերում Ստեփան Յանանեանը2 եւ Մարտիրոս Աբգարեանը: Թանգարանը այդ եռասենեակ շէնքում իր աշխատանքը շարունակում է մինչեւ 1971 թւականը:

Զբօսաշրջիկութեան նկատմամբ երկրի մէջ օրըստօրէ աճող հետաքրքրութեանը զուգահեռ, առաւել անհրաժեշտութիւն է զգացւում պահպանել եւ ներկայացնել իրանահայութեան աւանդն ու դերը Իրանի մշակոյթի եւ քաղաքակրթութեան զարգացման մէջ:

Այդ նպատակով ընթանում են խորհրդակցութիւններ իրանահայ թեմերի միջեւ: 29 նոյեմբեր 1968 թւականին, Իրանա-Հնդկաստանի թեմի Ներկայացուցչական խորհուրդը խորհրդակցական հանդիպման է հրաւիրում Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ Արտակ արք. Մանուկեանին, Թեմական եւ Ներկայացուցչական խորհուրդների ատենապետներ Վահրամ Դաւիթխանեանին ու Դաւիթ Յարութիւնեանին եւ այլ անդամների, որտեղ որոշում է ընդունւում թանգարանի շէնքի եւ Ապրիլեան Եղեռնի յուշարձանի կառուցման կապակցութեամբ: Սոյն ժողովը նախագահում էր Թեմակալ Առաջնորդ Ղեւոնդ արք. Չէպէյեանը եւ հիւրաբար ներկայ էին՝ Իրանի խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Սեւակ Սագինեանն ու Ճարտարապետ Ժենիա Ա‎‎‎‎‎‎‎ֆթանդիլեանը:

Ժողովը նկատի ունենալով Նոր Ջուղայի նշանակութիւնը իրանահայութեան կեանքում եւ այդ շինութեան յոյժ կարեւորութիւնը, որոշում է թանգարանը կառուցել Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում գտնւող հողամասում: Հաստատւում է 6,000,000 ռիալ բիւջէ եւ որոշւում է շինարարական աշխատանքն աւարտին հասցնել մինչեւ 1971 թւականը: Շէնքի յատակագծի գծագրումը յանձնարարւում է Ժենիա Աֆթանդիլեանին:

Համաձայն Թեմական խորհրդի 41-րդ նիստի արձանագրութեան (27 յուլիս 1970 թ.), քարտէզը հաստատւում է Թեմական ու Ներկայացուցչական խորհուրդների, ինչպէս նաեւ Իրանի Մշակոյթի եւ արւեստի նախարարութեան մասնագէտների կողմից եւ պրն. Ա‎ֆթանդիլեանի առաջարկով շինարարութեան գործը յանձնւում է Լեւոն Քեշիշեանին: Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանը կառուցւում է երկյարկանի, որի առաջին յարկը 600 ք.մ., երկրորդ յարկը 525 ք.մ., իսկ ներքնայարկը՝ 250 ք.մ. տարածք է զբաղեցնում: 1971 թւականին աւարտւում է շինարարութեան գործը:

Թեմական խորհրդի 62-րդ նիստի արձանագրութեան մէջ (15 մարտ 1971 թ.), Գարեգին Սրբազանի զեկուցումների բաժնում ընթերցում ենք.-

«Հայրապետական Պատւիրակ Սրբազան Հայրը խոր ուրախութիւն յայտնեց այս յիշատակելի գործի առթիւ եւ շնորհաւորեց Թեմական խորհրդին այդ նախաձեռնութեան համար, ապա գեղարւեստական առարկաների կարգաւորման ու դասաւորման աշխատանքների ուղղութեամբ, Սրբազան Հայրն առաջարկեց Բելգիայից հրաւիրել յայտնի գիտնական պրոֆ. Արբակ Մխիթարեանին3»։

Ժողովն ընդունեց այդ առաջարկը եւ հրաւէր նամակ ուղարկեց պրն. Մխիթարեանին, որն էլ Նոր Ջուղա ժամանեց 1971 թւականի մայիսի 25-ին:

«Ալիք» օրաթերթի նոյն տարւայ յունիսի 13-ի համարում տպագրւած է մի թղթակցութիւն սոյն այցելութեան մասին, ուր ընթերցում ենք.-

«Ուրբաթ օրը Գարեգին Սրբազանի, պրն. Լեւոն Մինասեանի ինչպէս եւ նոր թանգարանի ճարտարապետ պրն. Ժենիա Աֆթանդիլեանի, ճարտարապետ պրն. Լեւոն Քեշիշեանի, Թեմական եւ Ներկայացուցչական խորհուրդների անդամներ պրնյք. Յովհաննէս Օհանեանի, Մինաս Մինասեանի, Յարութիւն Մկրտումեանի եւ Եղիա Յովհաննիսեանի հետ, նորակառոյց թանգարանի եւ Առաջնորդարանի մէջ պրոֆ. Մխիթարեանը խորհդակցութիւններ ունեցաւ դասաւորման աշխատանքների շուրջ»:

Թեմական Խորհրդի 72-րդ նիստի (31 մայիս 1971 թ.) որոշման համաձայն, նկատի ունենալով նորակառոյց թանգարանին բերւելիք նւիրատւութեան առթիւ հրատարակած կոչը, Սրբազան Հօրից խնդրւում է կարգադրել, որպէսզի տեղի եկեղեցական վարչութիւնների խնամքին ենթակայ եկեղեցիներում պահւող արժէքաւոր եւ հնութիւն ներկայացնող գրքերն ու գոյքը պահ տալ Վանքի թանգարանին:

Պրոֆ. Մխիթարեանը 1971 թւականի յունիսին աւարտում է նախատեսւած աշխատանքը՝ նորակառոյց թանգարանում եւ «Ալիք»-ին տւած հարցազրոյցում (30 յունիս 1971 թ.) յայտնում է.-

«...Թանգարանի իրերը բաժանւեցին չորս մասերի.

ա. Ձեռագրեր,

բ. Իրեր եւ աշխատութիւններ, որոնք կապւում են տեղի հայութեան կեանքին ու պատմութեանը,

գ. Եկեղեցական իրեր,

դ. Արտասահմանից բերւած նկարներ:

«...Թանգարանում ցուցադրութեան են դրւելու 11-16-րդ դարերին պատկանող 24 եւ 17-18-րդ դարերին պատկանող՝ 20 ձեռագիր, նաեւ ծրագրւած է ցուցադրութեան դնել տեղական գրչութիւն ունեցող եւս նոյն թւով ձեռագրեր: Երկրորդ բաժնին վերաբերող թանգարանային առարկաներին մաս են կազմում 30-ի չափ ֆարմաններ, որոնք Նոր Ջուղայի գաղթօջախի եւ ընդհանրապէս պարսկահայութեան 17-18-րդ դարերի պատմութեան կապւող առարկաներ են, իսկ այլ առարկաներից ընտրւած ցուցանմուշները բոլորն էլ տեղական գործեր են եւ կարողանում են ընդհանուր գծերով ներկայացնել այդ գաղութի անցեալը»:

Նոյն հարցազրոյցում պրն. Մխիթարեանը եկեղեցական իրերի կապակցութեամբ նշում է. «Չնայած այդ իրերը հնագիտական եւ թանգարանային մեծ արժէք չեն ներկայացնում, սակայն այդ առարկաներն ընդհանուր կարծիք կարող են տալ մի անծանօթի՝ մեր եկեղեցական տարազի եւ կամ եկեղեցում գործածւող առարկաների մասին»:

«...Նորակառոյց թանգարանը մի մեծ սրահ է, որի մէջտեղում տեղադրւած են երկու մեծ ցուցափեղկեր, ուր պիտի ցուցադրւեն ձեռագրերը, իսկ պատերի մէջ հագցւած ցուցափեղկերում պիտի ցուցադրւեն զգեստներն ու այլ ցուցանմոյշները»,- ասւած է հարցազրոյցում:

Մէկամսեայ այցելութեան ընթացքում պրոֆ. Մխիթարեանի միջոցով պատրաստւում է ցուցադրւելիք իրերի ցանկը եւ մի յատակագիծ, ուր նշւած է եղել իւրաքանչիւր ցուցանմուշի վայրը: Կատարւում է նաեւ ցուցանմուշների լուսանկարումը՝ յետագայ ուսումնասիրութիւնների եւ թանգարանի մասին բրոշիւր-ալբոմների հրատարակութեան համար: Վերոնշեալ նախագծի գործադրութիւնը յանձնարարւում է Իրանա-Հնդկաստանի հայոց թեմի Առաջնորդ Գարեգին Սրբազանին, թանգարանի պատասխանատու Լեւոն Մինասեանին եւ Սպահանի Պետական համալսարանի Հայագիտական ամբիոնի դասախօս Եղիշէ վրդ. Մանջիկեանին:

Իրերի փոխադրութեան նպատակով, հին թանգարանի աշխատանքը դադարեցւում է սեպտեմբերի 23-ից եւ հաւաքւած ամբողջ իրերը, պրոֆ. Մխիթարեանի նախագծի համաձայն, վերադասաւորւում են թանգարանի նորակառոյց շէնքում։ 

Կիրակի՝ 24 հոկտեմբեր 1971 թւականի «Ալիք»-ում տպագրւած թղթակցութեան մէջ ընթերցում ենք. «Երեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ի երեկոյեան ժամը 7-ին, պատշաճ հանդիսութեամբ բացումը կատարւեց Ս. Ամենափրկիչ Վանքի նորակառոյց թանգարանի: Սպահանի նահանգապետ Քիանփուրը, գերշ. առաջնորդներ Արտակ արք. եւ Գարեգին եպս. սրբազանները միասնաբար բացումը կատարեցին հայ ժողովրդին հպարտութիւն պատճառող այս գեղեցիկ թանգարանի: Իրանա-Հնդկաստանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Գարեգին եպս. Սարգիսեանը բացման խօսքն է արտայայտւել: Խօսել են Խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր Սեւակ Սագինեանը եւ Թեհրանի թեմի Առաջնորդ գերշ. Տ. Արտակ արք. Մանուկեանը»:

Բացման հանդիսութեանը ներկայ են եղել նաեւ Հայր Եղիշէ Մանջիկեանը, «Գալուստ Գիւլբենգեան» հիմնարկութեան ներկայացուցիչներ՝ Ազերթօ Բերդիքաօն եւ Ռոբերտ Գիւլբենգեանը, պետական մի քանի հիմնարկութիւնների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իրանի խորհրդարանի պատգամաւոր՝ դոկտ. Գագիկ Յովակիմեանը, իրանահայ երեք թեմերի ազգային իշխանութիւնների եւ «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Խուզիստանի, Շիրազի եւ Փերիոյ ազգային մարմինների ու միութիւնների վարչութեան անդամները եւ այլ ազգայիններ: Այնուհետեւ տեղի է ունեցել գեղարւեստական հանդէս Հայոց ակումբում, ուր ելոյթ է ունեցել երգչախումբը՝ Հրանդ Աճեմեանի ղեկավարութեամբ եւ Էլմա Օհանեանի դաշնամուրի ընկերակցութեամբ:

Թանգարանի մուտքի մօտ կանգնեցւած են Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Խաչատուր վարդապետ Կեսարացու կիսանդրիները, որոնց բացումը կատարւել է 1977 թւականի օգոստոսի 11-ին։ 

Ժամանակի ընթացքում թանգարանի ֆոնդը հարստացել է Թեմական խորհրդի կողմից գնւած եւ ժողովրդի միջոցով նւիրւած իրերով ու ցուցանմուշներով, որոնք գրանցւել են նւիրատուների կամ նրանց սիրելիների անւամբ:

2012 թւականի հոկտեմբերի 22-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցու անւանակոչութեան տօնի առթիւ կազմակերպւած միջոցառման աւարտին, Սպահանի հայոց թեմի Թեմակալ Առաջնորդի նախագահութեամբ եւ Թեմական խորհրդի առաջարկով, ինչպէս նաեւ Պատգամաւորական ժողովի դիւանի ու Կրօնական խորհրդի հաւանութեամբ, Նոր Ջուղայի Ազգային առաջնորդարանի թանգարանը, որը մինչ այդ նշւում էր «Ս. Ամենափրկչեան Վանքի թանգարան», անւանւեց «Խաչատուր Կեսարացի» թանգարան:

Սոյն անւանումը, նւիրւելով հայ գրքի տպագրութեան 500-ամեակին, նպատակ ունէր յաւերժացնելու Միջին Արեւելքի առաջին տպարանի հիմնադիր Խաչատուր վարդապետ Կեսարացու արժանայիշատակ անունը:

***

Ն. Ջուղայի Ս. Ամենափրկիչ Վանքի «Խաչատուր Կեսարացի» թանգարանը բաւականին հարուստ է անցեալից ժառանգ թողնւած մշակութային գանձերով, բայց նա չպէտք է մնայ միայն հին ստեղծագործութիւնների գանձարան եւ ցուցահանդէս: Պէտք է լինի նաեւ արդի ստեղծագործութիւնների հանդիսարան. պէտք է լինի այժմեան սերնդի հոգածութեան ու գուրգուրանքի ենթակայ կառոյց:

 


1. Սարգիս Խաչատրեանը (1886-1947) ծնւել է Մալաթիայում, սովորել է Էրզրումի Սանասարեան Վարժարանում: Գեղարւեստական կրթութիւնն ստացել է Հռոմի գեղարւեստական ակադեմիայում, որն աւարտել է ոսկէ մեդալով:

2. Ստեփան Յանանեան. հանրային վաստակաւոր գործիչ եւ բանասէր: Ծնւել է Նոր Ջուղայում 1888 թ. մայիս 22-ին: Ուսանել է Կալկաթայի «Մարդասիրական» եւ Էջմիածնի «Գէորգեան» ճեմարաններում: Վերադառնալով Իրան, մի քանի տարի պաշտօնավարել է Նոր Ջուղայի եւ Թեհրանի դպրոցներում: Ունի բանասիրական օգտաշատ յօդւածներ հայ մամուլի տարբեր օրգաններում: Նոր Ջուղայի վերջին շրջանի աչքառու մտաւորականներից էր եւ բազմահմուտ գործիչ: Իր մահկանացուն կնքնց 1961 թ. մայիս 28-ին, Նոր Ջուղայում («Րաֆֆի» օրացոյց, 1962 թ.):

3. Արբակ Մխիթարեանը ծնւել է 1911 թւականին Եգիպտոսում։ 14 տարեկանում փոխադրւել է Բելգիա, որտեղ եւ ստացել է իր բարձրագոյն կրթութիւնը՝ հնագիտութեան, արեւելագիտութեան եւ եգիպտագիտութեան բնագաւառներում: Վարել է Բրիւսելի Գեղեցիկ արւեստների թագաւորական թանգարանի իսլամական շրջանի հնութիւնների բաժինը, միաժամանակ դասախօսել Բրիւսելի համալսարանի արաբերէն լեզւի ամբիոնում եւ հայերէն լեզւի դասընթացներում։ Անհատական նախասիրութեամբ ուսումնասիրել է մանրանկարչութիւն: Բազմաթիւ աշխատութիւնների հեղինակ է եղել: