Կիրակի՝ յուլիսի 23-ին, Նոր Ջուղայի «Ս. Սարգիս» եկեղեցում մատուցւած Կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում, թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի սրբատառ հռչակագիր-կոնդակը՝ Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի վախճանման 850-ամեակի առթիւ:

Այս հռչակագրում յատկապէս ընդգծւած էր. «Սուրբ Ներսէս Շնորհալի Հայրապետի վախճանման 850-ամեակը մեզ յիշեցնում է  մեծ Հայրապետի հիասքանչ վաստակը արժանի վեհութեամբ ու շքեղութեամբ արժեւորելու մեր հաւաքական կեանքում, նրա անձից ու գործից ճառագայթող հաւատքով ու շնորհներով շաղախելով մեր համայնական եւ անհատական կեանքը: Այս սպասումից մեկնած թելադրում ենք՝

ա. Մեր թեմերին՝ յատուկ նախաձեռնութիւնների ճանապարհով արժանավայել կերպով նշելու կարեւոր յոբելեանը:

բ. Մեր հոգեւոր հայրերին՝ մօտիկից հաղորդ դառնալու Շնորհալիի դաւանաբանական ու միջ-եկեղեցական տեսակէտներին, եւ շեշտելու նրանց կարեւորութիւնը յատկապէս միջ-եկեղեցական շրջանակներում:

գ. Մեր մտաւորականներին՝ լուսարձակի տակ բերելու բանասիրական ու գրական յատուկ կարեւորութիւն ներկայացնող Շնորհալիի հարուստ գրիչի արգասիքը»:

Հարկ է նշել, որ սրբատառ կոնդակը ընթերցւել է նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում մատուցւած Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում՝ հոգշ. Տ. Եզրաս Աբղ. Թէնէքէճեանի միջոցով:

«Ս. Սարգիս» եկեղեցում պատարագեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, իսկ «Սրբոց Վարանանց» եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Շահինշահրի լուսանկարները տրամադրեց Համայնքային վարչութեան գրասենեակը։

  

 

Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ, կիրակի՝ յուլիսի 16-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Կուսանաց Մենաստան»-ի եւ Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի «Ս. Ղուկաս» եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Բոլորան գիւղի «Ս. Ղուկաս» եկեղեցու Պատարագը մատուցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան անդամ հոգշ. Տ. Եզրաս աբղ. Թէնէքէճեանը, իսկ Նոր Ջուղայի «Ս. Կուսանաց Մենաստան»-ում պատարագեց արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը: Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը նախագահեց Բոլորանի «Ս. Ղուկաս» եկեղեցու Պատարագին:

Հոգշ. Տ. Եզրաս աբղ. Թէնէքէճեանն իր քարոզախօսութեան ընթացքում նախ  խօսեց Քրիստոսի Պայծառակերպութեանն անդրադարձող աւետարանական դրւագից, ապա որպէս օրւայ խորհուրդ եւ պատգամ յորդորեց՝ դէպի լոյսի աղբիւր գնալ՝ կեանքի տափակութիւնից բարձրանալու եւ ընթացիկից ու սովորականից վեր ելնելու համար: Նա նաեւ յիշատակելով, որ Քրիստոսը լեռ բարձրացաւ իր պատգամը՝ «Երանիներ»-ը փոխանցելու համար, լեռ բարձրացաւ աղօթելու համար,  խաչւեց բլուրի վրայ եւ երկինք համբարձւեց լեռան վրայից, աւելացրեց, թէ այսօրւայ Այլակերպութեան խորհուրդը հրաւիրում է հոգու եւ մտքի լեռը բարձրանալ ու հաղորդակցութեան մէջ մտնել Աստծոյ եւ Քրիստոսի հետ, ոչ թէ առիթից առիթ, այլ մնայուն կերպով՝ Քրիստոսի լոյսով լուսաւորւելու համար:

Պատարագի աւարտին նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր կատարւեց խնձորի օրհնութիւն. այս կարգը հայկական հինաւուրց կարգերից է, որը ժամանակին կատարւել է գիւղերում՝ Վարդավառի տօնի առթիւ եւ Սրբազան Հայրն այն իրականացրեց՝ նշւած սովորութեան վերականգնման համար:

Նշելի է, որ «Ս. Ղուկաս» եւ «Ս. Կուսանաց Մենաստան» եկեղեցիներում երգեցողութիւնը հերթաբար կատարեցին Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» եւ «Շուշանիկ» երգչախմբերը. Բոլորան գիւղի եկեղեցու Պատարագին ներկայ էր նաեւ Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեցին սարկաւագները

 

 

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի, երկուշաբթի՝ յուլիսի 10-ի առաւօտեան, նոյն դպրոցի շրջափակում, Վարդավառի առիթով կազմակերպւեց «Ջուր-փրփուր»-ի փառատօնը, որտեղ 1.5-ից 6 տարեկան մանուկները վայելեցին նախատեսւած ջրային եւ փրփուրներով խաղերը:

Անակնկալ խաղերով առ լեցուն այս միջոցառումով ամառային շոգ օրը փոքրիկների համար յիշարժան դարձաւ եւ նրանց խանդավառ ճիչերը ողողեցին դպրոցի շրջափակը: Ծրագրի ընթացքում երեխաներին ընկերակցում էին ծնողներն ու Մանկապարտէզ-նախակրթարանի աշխատակազմը:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեց դպրոցի տնօրէնութիւնը

 

 

Նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի, ուրբաթ՝ յուլիսի 7-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայոց Երաժշտական թանգարանի շրջափակում կազմակերպւեց մայեստրօ-դաշնակահար Համիկ Ալեքսանդրեանի հեղինակած գրքերի եւ դաշնամուրային ալբոմների շնորհանդէսը: Ծրագրին ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, թեմի ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչները, երաժիշտներ եւ հեղինակի հարազատները, ուսուցիչներ, աշակերտներ ու մի շարք այլ հայ եւ պարսիկ հայրենակիցներ:

Այս շնորհանդէսով պաշտօնապէս երաժշտութեան աշխարհ մուտք գործեցին «Թռիչք նւագարաններով» (پرواز با سازها), «Կապուտիկ» (گل گندم) եւ «Կապոյտ երկինք»-ի 2-րդ եւ 3-րդ հատորները (آسمان آبی 2 و 3) ուսուցողական գրքերն, ինչպէս նաեւ «Արարչութիւն» (آفرینش) եւ «Փրկութիւն» (رهایی) դաշնամուրային ալբոմները:

«Թռիչք նւագարաններով» գիրքը հիանալի առիթ է հանդիսանում այն անձանց համար, ովքեր ցանկանում են նոր փորձառութիւններ ունենալ զանազան նւագարանների եւ դաշնամուրի զուգորդւած կատարումներով, «Կապոյտ երկինք»-ի 2-րդ եւ 3-րդ հատորները, ինչպէս առաջին հատորը, եզակի հաւաքածուներ են բաղկացած փոփ երգերի երաժշտութիւնների դաշնամուրային վերամշակւած մեղեդիներից, իսկ «Կապուտիկ» գրքում տեղ են գտել հայկական եւ պարսկական ժողովրդական երաժշտութիւններ.   «Արարչութիւն» ալբոմը բաղկացած է թւով 12, իսկ «Փրկութիւն»-ը 11 դաշնամուրային կատարումներից՝ Համիկ Ալեքսանդրեանի նւագակցութեամբ: Նա այս երկու սկաւառակները հերթաբար նւիրել է իր ուսուցիչներին եւ զաւակներին:

Հարկ է նշել, որ դաշնակահարը մինչեւ այս հրապարակել է «Կապոյտ երկինք» գրքի առաջին հատորը (آسمان آبی 1), «Թռիչք դաշնամուրով» (پرواز با پیانو) գիրքը եւ «Թիթեռնիկների պարը» (رقص پروانه ها) ու «Ծաղիկների շշունջը» (زمزمه ی گل ها) դաշնամուրային կատարումներից բաղկացած սկաւառակները:

Շնորհանդէսն սկիզբ առաւ հանդիսավար Վանանդ Իսաղուլեանի ողջոյնի խօսքով, այնուհետեւ նա ընթերցեց Համիկ Ալեքսանդրեանի կենսագրականը եւ ի մասնաւորի ներկայացրեց երաժշտութեան ասպարէզում նրա կրթութիւնն ու ձեռքբերումները, ընդգծելով հետեւեալը. «Համիկ Ալեքսանդրեանը ծնւել է 1971 թւականին, Նոր Ջուղայում: Վեց տարեկանից յաճախել է դաշնամուրի մասնաւոր դասընթացների: 2001 թւականին աւարտել է Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիան մագիստրատուրայի (գերլիսանս) մակարդակով՝ մասնագիտանալով խմբավարական եւ սիմֆոնիկ-օպերայի դիրիժորութեան ճիւղերում: Նա 1999 թւականին թեմի Կրօնական խորհրդի հովանաւորութեամբ հիմնադրել է Ս Ամենափկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը եւ ստանձնել խմբի ղեկավարութիւնը՝ հիմնադրման օրից մինչեւ այսօր: Ուսումը կատարելագործելու նպատակով 2006 թւականին Ֆրանսիայում մասնակցել է Փարիզի «Էքոլ նորմալ սուպերիեր» երաժշտական դպրոցի Սիմֆոնիկ դիրիժորութեան ֆակուլտետի դասընթացներին՝ պրոֆ. Դոմինիք Ռուիթզի դասախօսութեամբ: Հեղինակն է բազմաթիւ ուսուցողական գրքերի եւ երաժշտական ալբոմների, որոնք բոլորը պաշտօնական գրանցում են գտել համաշխարհային պլատֆորմեր՝ «Ամազոն»-ում, «Այ թիունզ»-ում, «Սփաթիֆայ»-ում եւ «Ափլ միուզիք»-ում. երաժշտին նաեւ յաջողւել է իր ստեղծագործութիւնները գրանցել տալ Եւրոպայի եւ Ամերիկայի անւանի հրատարակչութիւններից՝ «Իւնիվերսալ Էդիշն»-ում, որին պատկանող կայքում Համիկն ունի իր անձնական էջը»:

Յաջորդիւ արտայայտւեց Համիկ Ալեքսանդրեանը: Նա նշելով, որ արւեստագէտի գոյութիւնն իմաստաւորւում է արւեստասէր անձանց կողքին լինելով, աւելացրեց, որ իր աշխատանքային գործունէութեան ընթացքում իր առաքելութիւնն է համարել անարատ եւ աստւածային արւեստի արարումը եւ բարձրագոյն արժէք է նկատել այնպիսի սերնդի կրթելն ու դաստիարակելը, որը կը կարողանայ շարունակել այս ընթացքը եւ զարգացնել երաժշտութեան աշխարհը: Նա աւելացրեց, որ իր նպատակին հասնելու համար որդեգրել է երկու ուղի՝ առաջինը՝ ստեղծել եւ կատարել բարձրորակ երաժշտութիւն, որն արդիւնքն է լինելու տարիներ ջանադիր եւ համբերատար աշխատնքի, իսկ երկրորդը՝ հրապարակել համաշխարհային դասական երաժշտութեան ստանդարտներին համապատասխան ուսուցողական որակեալ գրքեր՝ իր ուսանողների համար՝ սկսած սկսնակներից մինչեւ բարձր մակարդակներում կրթւողները: Պրն. Ալեքսանդրեանն իր խօսքի աւարտին յոյս յայտնեց, որ այս տարիների ընթացքում կարողացել է ինչ որ մի արժէք աւելացնել այս ոլորտին եւ ընթացքը աւելի հեշտացնել նոր սերնդի համար:

Ելոյթների շարանում իր սրտի խօսքն ասաց հեղինակի կինը՝ Արսինէ Մարգարեանը, ով աւելի քան 25 տարիներ աշակերտել է մայեստրոյին՝ լինելով «Տաթեւ» երգչախմբի անդամ եւ մենակատար երգիչ: Նա անդրադառնալով իր ամուսնու բնաւորութեան գծերին, որոնց ականատեսն է եղել 20 տարիներ համատեղ կեանքում՝ հանգիստ բնաւորութիւնը, ուսուցման գործում ազնւութիւնը, անաչառութիւնը, անկեղծութիւնը, երախտագիտութեան զգացումն իր ուսուցիչների նկատմամբ եւ միայն իր անցեալի հետ մրցակցութիւնը, նրա ներաշխարհի ամենափայլուն յատկութիւնները համարեց եւ ասաց, որ իրենց կեանքում յաջողութիւնը միշտ դիտւել է որպէս նոր փորձառութիւն ապագայ ձեռքբերումների համար եւ երբեք չեն յուսահատւել դրանցից: Տկն. Արսինէն յատկապէս ընդգծեց, որ Համիկի մօտ ընդունւած չեն գործակիցների նկատմամբ անյարգալից պահւածքը կամ նրանց դատելը, որովհետեւ համոզւած է իւրաքանչիւր անհատ արժեւորւում է իր կատարածի հիմամբ:

Արտայայտւեց նաեւ պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Նա նշելով, որ Համիկ Ալեքսանդրեանի երաժշտութիւնում ոչ միայն արտացոլւած են հայկական եւ իրանական մեղեդիները, այլ նաեւ Սպահանի առոգանութիւնը յիշեցնող մի երեւոյթ, ինչը իւրայատուկ բոյր է հաղորդում նրա ստեղծագործութիւններին: Պրն. Բեգլարեանն ընդգծելով, որ հայկական եւ իրանական մշակոյթում իր ուրոյն դերն է զբաղեցրել երաժշտութիւնը, բարձր գնահատեց հեղինակի ծաւալած գործունէութիւնը՝ նրան մշակութային ոլորտի սահմանային ակտիւիստ (کنشگرمرزی) անւանելով, ովքեր ոչ միայն նոր հասկացութիւններ են ներմուծում մշակոյթի մէջ, այլ նաեւ շարունակ աւանդոյթի եւ արդիականութեան սահմաններում են իրականացնում իրենց աշխատանքները: Պատգամաւորն իր խօսքն աւարտեց Համիկին նորանոր յաջողութիւններ եւ ձեռքբերումներ մաղթելով:

Այնուհետեւ երեք դաշնամուրային կատարումներով երեկոյին իւրայատուկ բոյր հաղորդեց Համիկ Ալեքսանդրեանը: Սկզբում Հայաստանի Ազգային Ֆիլարմոնիկ նւագախմբի առաջին ֆլէյտահար եւ Շիրազի «Արւեստի համալսարան»-ի դասախօս արցախահայ Արտաշէս Գրիգորեանի ֆլէյտայի նւագակցութեամբ, նա նւագեց «Կապուտիկ» գրքից հայկական եւ պարսկական երաժշտութիւններից շարան, ապա մենակատարեց դարձեալ իր ստեղծագործութիւններից՝ «Արարչութիւն»-ը եւ «Փրկութիւն»-ը, որոնք տեղ են գտել նոյնանուն երկու սկաւառակներում:

Վերջում պրն. Ալեքսանդրեանը ցանկացողների համար ստորագրեց իր գրքերն ու սկաւառակները:

Նշելի է նաեւ, որ երեկոյի ընթացքում հեղինակի ստեղծագործութիւններից նւագեցին մի շարք պատանի կատարողներ. նւագողներից մեծամասնութիւնը Համիկի աշակերտներից էին: Կատարումներից մէկում հանդէս եկան երաժշտի երկու զաւակները՝ Արամէն ու Տաթեւիկը՝ հերթաբար դաշնամուրի եւ ֆլէյտայի նւագակցութեամբ: Ի դէպ Արամէն աշակերտում է հէնց իր հայրիկին:

 Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր հովւական այցելութիւնների շրջագծում, այս անգամ այց կատարեց Շիրազ, ուրբաթ՝ յունիսի 30-ին: Սրբազան Հօրն նշւած ճամբորդութեան ընթացքում ընկերակցում էր Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանը:

Եռօրեայ այս այցելութեան ժամանակաշրջանում, ուրբաթ երեկոյեան, Սրբազան Հայրն «Հայ տուն»-ում հանդիպեց շիրազահայ համայանքի անդամներին, որտեղ հիմնականում քննարկւեցին համայնքի առջեւ ծառացած դժւարութիւնները, ապա դրանց փարատման ուղղութեամբ փոխանակւեցին առաջարկներ ու տեսակէտներ: Հանդիպումն աւարտւեց ընթրիք-երեկոյով, որի ընթացքում համայնքի փոքրիկները հանդէս եկան աղօթքների արտասանութեամբ, եւ երգերի ու ասմունքների կատարումներով:

Յաջորդ օրը՝ շաբաթ՝ յուլիսի 1-ի առաւօտեան, Սրբազան Հօր միջոցով հերթաբար նախկին եւ ներկայ գերեզմանատներում կատարւեց Հոգեհանգստեան պաշտօն. նշելի է, որ շուրջ 50 տարի է, ինչ Շիրազի հայ համայնքի ննջեցեալների դիերը ամփոփւում են այժմեան գերեզմանատանը: Նոյն օրը երեկոյեան գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն այցելեց «Ս. Աստւածածին» եկեղեցի, ուր իրականացրեց «Կիրակնամուտի Ժամերգութիւն»՝ համայնքի անդամների ներկայութեամբ, իսկ աւելի ուշ հանդիպում ունեցաւ թեմի Պատգամաւորական ժողովի Շիրազի պատգամաւոր Հերմոնդ Յարութիւնեանի եւ Շիրազի Հայ եկեղեցական վարչութեան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկւեցին ապագայ աշխատանքային ծրագրերը՝ համայնքի առնչութեամբ:

Սրբազան Հօր այցն աւարտւեց կիրակի՝ յուլիսի 2-ի ուշ երեկոյեան՝ Նոր Ջուղա վերադարձով:

 Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Հինգշաբթի՝ յուլիսի 6-ի երեկոյեան ժամը 4:30-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում մեկնարկեց Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի 6-րդ հաշւետու նիստը, նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, Նոր Ջուղայի, Շահինշահրի, Շիրազի եւ Փերիոյ շրջանների պատգամաւորների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անդամների, ենթամարմինների ներկայացուցիչների եւ ժողովի կողմից հրաւիրեալ ազգայինների: Նշելի է, որ թեմի կանոնագրութեան տրամադրութեան համաձայն՝ Ազգային Կենտրոնական վարչութեան անդամ Յովսէփ Աւետեանը հրաւիրւել էր նշւած նիստին, ով հանդիպումների հետ խաչաձեւումներ առաջանալու պատճառով ներկայ չգտնւեց, սակայն իր յաջողութեան մաղթանքները փոխանցեց ժողովին:

Նիստը բացւած յայտարարւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր «Տէրունական», «Իմաստութիւն Հօր՝ Յիսուս» եւ «Զգործս ձեռաց Մերոց ...» աղօթքներով: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն ժողովին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ողջոյններն ու օրհնութիւնները, իսկ Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը բացման խօսքում հանդէս եկաւ ողջոյնի արտայայտութեամբ. նա յոյս յայտնեց, որ ժողովն իր կառուցողական որոշումներով կը նպաստի թեմի վերելքին եւ ժողովրդի բարօրութեանը:

Հաշւետու նիստն ընթացաւ յուլիսի 6 եւ 7-ին, որտեղ օրակարգի համապատասխան գլուխների ներքոյ՝ նախ 2022 թւականի դեկտեմբերին, Անթիլիասում, Ազգային Ընդհանուր ժողովին մասնակցութիւն ցուցաբերած թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն ու թեմիս երեք պատգամաւորները՝ Նոէլ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ Արբի Բաբայեանը, զեկոյցով հանդէս եկան սոյն ժողովի ընթացքի եւ ի հարկէ այդ ժամանակաշրջանում իրականացրած հանդիպումների մասին. յաջորդիւ Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի տեղեկագրերի շուրջ հնչեցին հարցումներ, որոնց պատասխանեցին պատկան մարմինները, ապա տեղի ունեցան ըստ էութեան արտայայտութիւններ գործադիր մարմինների նիւթա-բարոյական գործունէութեան վերաբերեալ: Հնչեցին նաեւ գործադիր մարմինների ու յանձնաժողովների կողմից ներկայացւած առաջարկները, որոնք առ ի ուսումնասիրութիւն փոխանցւեցին Պատգամաւորական ժողովի պատկան յանձնաժողովներին:

Աւելացնենք նաեւ, որ նիստը շարունակւելու է յաջորդ շաբաթների ընթացքում, որտեղ քննարկւելու եւ հաստատւելու են գործադիր մարմինների կողմից ներկայացւած ընթացիկ ու արտակարգ նախահաշիւները եւ ընտրւելու են՝ Պատգ. ժողովի դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի նոր կազմերը, ինչպէս նաեւ ապագայ միամեայ ժամանակաշրջանի համար խորհրդակցական ձայնի իրաւունքով հրաւիրեալները:

 Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ նախաձեռնութեամբ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային  միաւորի վարչութեան, հինգշաբթի՝ յունիսի 29-ի երեկոյեան, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում կայացաւ երգչախմբային փառատօն, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ դպրոցների ներկայացուցիչների, Թեհրանից ու Նոր Ջուղայից մի շարք այլ հրաւիրեալների եւ ներկաների:  

Փառատօնի գեղարւեստական ղեկավարներն էին՝ Ռիմա Սիմոնեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը. վերջինս ստանձնել էր նաեւ երեկոյի հաղորդավարութիւնը:

Ծրագրում գեղարւեստական կատարումներով ելոյթ ունեցան կազմակերպիչ միաւորի «Կռունկ» համոյթի պարի եւ ասմունքի խմբի անդամները, Հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի «Ղօղանջ», Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» եւ «Կոմիտաս» երգչախմբերը եւ պարի ու երգի մի շարք անհատ կատարողներ, որոնք ներկայացրին Սայեաթ Նովայի, Աշուղ Ալլահվերդիի, Աշուղ Աշոտի, Գուսան Շերամի, Գուսան Շահէնի, Աշոտ Գրաշու, Մակար Եկմալեանի, Առնօ Բաբաջանեանի եւ այլ հանճարների ստեղծագործութիւններից բարձրորակ երգեր ու ասմունքներ. ասմունքներին զուգահեռ կատարւեցին պարային ելոյթներ: 

Նշելի է, որ ծրագրի ամբողջ ընթացքում գեղարւեստական կատարումները ընդմիջւում էին հաղորդավարուհու միջոցով ընթերցւած «Աշուղական երանգներ» խորագրով խօսքերով, որտեղ ոչ միայն անդրադարձ կար Նոր Ջուղային՝ որպէս աշուղական դպրոցի բնօրրան, այլ նաեւ բացատրութիւններ եւ հետաքրքիր տեղեկութիւններ էր փոխանցւել աշուղական երգերի զարգացման եւ տարածման փուլերի ու վարպետութեան կոչում ստանալու դժւարին ուղու մասին. խօսքի եզրափակիչ մասում բացատրւեց, թէ ինչպէս Նոր Ջուղայի աշուղական դպրոցը պահպանւեց մինչեւ 18-րդ դարը, իսկ դրանից յետոյ տարածում գտաւ հայկական այլ գաղթօջախներում:

Ելոյթների աւարտին միութեան Կենտրոնական վարչութեան անունից, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան հօր եւ նոյն վարչութեան նախագահ՝ Ժորժիկ Ղազարեանի, գեղարւեստական ղեկավարներին, մասնակից խմբերի ղեկավար կազմին, ինչպէս նաեւ Թեհրանից հրաւիրեալ պարուհի Քառոլին Խուդադադեանին շնորհւեցին յուշանւէրներ ու ծաղկեփնջեր:

Երեկոյի եզրափակիչ խօսքը վերապահւած էր թեմակալ Առաջնորդին, ով իր ուրախութիւնը յայտնելով նման երեկոյին մասնակցելու համար, լրացուցիչ տեղեկութիւններ փոխանցեց գուսանի եւ աշուղի տարբերութեան մասին: Նա աւելացրեց նաեւ, որ աշուղի սազը իր զէնքն էր, իր հոգին եւ երբ երկու վարպետ առճակատւում եւ մրցակցում էին, պարտւողը սազը յանձնում էր յաղթողին: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը փառատօնը բացառիկ եւ բարձր մակարդակով կազմակերպւած ձեռնարկ  որակելով, ասաց, որ ելոյթները հոգեզմայլ էին եւ ձեռնարկի շնորհիւ ազգայինը յաղթեց օտարամոլութեանը:   

Սրբազան Հայրն իր խօսքն աւարտեց՝ շնորհակալական, շնորհաւորանքի եւ գնահատանքի արտայայտութիւններով, ուղղւած՝ կազմակերպիչներին, մասնակից խմբերի անձնակազմին, նաեւ միութեան Կենտրոնական վարչութեանը, ազգային իշխանութեանը՝ ի մասնաւորի Թեմական խորհրդին՝ նիւթաբարոյական օժանդակութիւն ցուցաբերելու համար:

Ստորեւ ներկայացնում ենք մասնակիցներին.

  - Աշուղ Ալլահվերդի- «Հեռեւանց ճանաչում աս»,  ասմունքեցին Շաղիկ Մատթէոսեանը եւ Վանանդ Իսաղուլեանը:

-Աշուղ Աշոտ- «Երկար անցար», մեներգեց՝ Այլին Քեշիշեանը:

- Սայեաթ Նովա- «Թամամ աշխարհ պտուտ էկայ», ասմունքեց Մանիա Ղուկասեանը՝  Սիւնէ Շահիջանեանի եւ Նազէ Ասատրեանի պարային կատարումներով զուգորդւած:

- Գուսան Շերամ- «Շորորա», մեներգեց Վանանդ Իսաղուլեանը, իսկ զուգահեռ մենապարեց Քաթրին Մարկոսեանը:

-Սայեաթ Նովա- «Դուն էն գլխէն իմաստուն իս», ասմունքեց Լեռնիկ Ծատուրեանը:

-Սայեաթ Նովա- «Նազանի», մենապարեց  Քառոլին Խուդադադեանը:

-Գուսան Շերամ- «Պարտէզում վարդ է բացւել» եւ «Մարալ ջան», կատարեցին՝ Նարբէ Գրիգորեանը, Արայիկ Սիմոնեանը, Թադէ Մկրտչեանը եւ Արւին Մինասքանեանը. երգը ներկայացւեց Հարմա Կարապետեանի մշակմամբ եւ Նարբէ Գրիգորեանի ղեկավարութեամբ:

-Ս.Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբ, խմբավար՝ Արբի Բաբումեան.

Խումբը կատարեց՝ «Ճախարակ» (խօսք՝ Ղազարոս Աղայեանի, մշակում՝ Մակար Եկմալեանի), «Ծամերդ» եւ «Կոլոտ էր» (մշակում՝ Մակար Եկմալեանի) երգերը:

-Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» դպրոցի «Ղօղանջ» երգչախումբ, ղեկավար՝  Նայիրա Ալեքսանեան.

 Կատարեց՝ «Ազգային-հայրենասիրական երգերի շարան»-ը եւ «Ազգ իմ փառապանծ»-ը (խօսք՝ Աշոտ Գրաշիի, երաժշտ.՝ Առնօ Բաբաջանեանի):

-Ս.Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբ, խմբավար՝ Համիկ Ալեքսանդրեան.

Խումբը կատարեց՝ Գուսան Շահէնից երկու երգ՝ «Նայիրեան դալար բարդի» (մշակում՝ Հենրիկ Անասեանի) եւ «Խռոված էր» (մշակում՝ Համիկ Ալեքսանդրեանի):

Աւելացնենք նաեւ, թէ «Կռունկ» համոյթի ասմունքի խմբի ղեկավարն է Ռիմա Սիմոնեանը:

 Հարկ է նշել, որ ընթացքում, վարագոյրի վրայ ցուցադրւեցին թեմատիկ լուսանկարներ եւ ֆիլմեր. այս ծիրում պարային շարժումներից բաղկացած տեսանիւթի պատրաստման համար համագործակցել էին պարուսոյց Քաթրին Թորոսեանը եւ պարուհիներ՝ Քաթրին Ակոնը, Էմիլի Ծատուրեանն ու Տեսիլ Գալստանեանը:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ «Գեւիկ» Ստուդիօ

 

 

Հինգշաբթի՝ յունիսի՝ 15–ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական դպրոցի 6-րդ դասարանցիների աւարտական հանդէսը, ուր հրաւիրւել եւ ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, «Արմէն» տարրական դպրոցի անձնակազմը, շրջանաւարտների հարազատները եւ մի շարք այլ հրաւիրեալներ:    

Բացման խօսքով ելոյթ ունեցաւ դպրոցի աշխատակազմի անդամ եւ երեկոյի հանդիսավար Արփինէ Յովսէփեանը, ով կարեւորութեամբ ասաց. «Դժւար է երկրորդ տուն դարձած հարազատ դպրոցին եւ ուսուցիչներին հրաժեշտ տալը, սակայն բոլորս էլ գիտենք աճելու եւ հասակ նետելու համար անխուսափելի է բաժանումը: Այսօր հրաժեշտի երեկոն է մեր սիրելի 6-րդ դասարանցիների, ովքեր իրենց կեանքի այս հանգրւանը բարեյաջող աւարտելով, մուտք են գործում մի այլ ասպարէզ՝ առաւել պատասխանատու պարտականութիւններով»:

Այնուհետեւ դպրոցի տնօրէնութեան խօսքն ասաց տնօրէն Գեղարդ Մանսուրեանը: Նա  կարեւորութեամբ ասաց. «Ընտանիքից յետոյ դպրոցը այն վայրն է որտեղ ուսուցիչների ջանքերով մատաղ սերունդը կրթւում ու դաստիարակւում է։ Հայ դպրոցի կարեւորագոյն առաքելութիւններից է՝ աշակերտների մէջ առաւել զարգացնել սէրն ու յանձնառութիւնը մայրենի լեզւի, պատմութեան, կրօնի եւ ընդհանրապէս գիտութեան հանդէպ: Բարձր գիտութեամբ իր ազգային արժէքներով զինւած ու պատրաստւած աշակերտը կարող է տէր եւ պաշտպան կանգնել ազգին ու հայրենիքին»:

Շարունակութեան մէջ իրականացւեց շրջանաւարտների կատարմամբ գեղարւեստական յայտագրով ծրագիր: Ծրագիրը հիմնականում քաղւած էր վեցերորդի Մայրենի գրքից եւ նւիրւած էր՝ հայրենիքին: Այս բաժինը ողողւած էր խօսքերով, ասմունքներով եւ երգերի ու երաժշտութիւնների կատարումներով: Շրջանաւարտներ՝ Լիա Մկրտչեանը, Ջիւանի Թահմազեանը, Նայիրա Անդրէասեանը, Էջմին Թահմազեանը, Ռոմիկ Դաւթեանը, Արիէլ Բաբումեանը, Վեդի Օրոջեանը, Նարեկ Մկրտչեանը եւ Մելիսա Սիմոնեանը հանդէս եկան խօսքերով եւ երկխօսութիւններով. դաշնամուրով նւագեց Էմիլի Մկրտչեանը, իսկ ջութակով՝ Նելլի Շահմիրզայեանը. հայրենասիրական բանաստեղծութեան ասմունքով հանդէս եկաւ Անդրի Պօղոսեանը. հնչեցին Արցախին նւիրւած երկու երգեր, որոնցից մէկը զուգերգեցին Էդլին Յովսէփեանն ու Ադելայդ Մինաս-Խաչիկեանը, իսկ միւսը մենակատարեց Արիէլ Սուքիասեանը: Այս բաժնի աւարտին հնչեցին երեք խմբական երգեր՝ բոլոր շրջանաւարտների կատարմամբ:

Գեղարւեստական ելոյթներից յետոյ, հանդիսավարի միջոցով հատւածներ ընթերցւեց աշակերտների «Իմ հայրենիքը» խորագրով շարադրութեան աւարտական քննութիւնից, ապա էկրանի վրայ սփռւեց տեսանիւթ, որտեղ լուսանկարներով ու ֆիլմերով արտացոլւած էին շրջանաւարտների վեցամեայ ուսումնական տարեշրջանները:

Յաջորդիւ, դարձեալ բեմը տրամադրւեց 6-րդ դասարանցիներին, ովքեր հագնւած աւարտական զգեստներով կատարեցին «Հրաժեշտ «Արմէն» դպրոցին» երգը եւ աւանդական Երդման կարգը, որի բառերն արտասանելով խոստացան անաղարտ պահել Մայրենի լեզուն եւ փոխանցել իրենց զաւակներին:

Արտայայտւեց Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Նա շնորհաւորանքի խօսք ասաց շրջանաւարտ աշակերտներին, ապա բարձր գնահատելով երեկոյի գեղարւեստական ելոյթները, իր խօսքում անդրադարձ ունեցաւ հայոց ազգային դպրոցների գերազանցող հնարաւորութիւններին՝ շրջանի միւս դպրոցների համեմատութեամբ եւ ասաց, որ հարկաւոր է արժեւորել այս ունեցւածքը եւ քննադատութիւնները կատարել կառուցողական նպատակներից ելնելով: Պրն. Մովսիսեանն իր խօսքի մի այլ բաժնում փայլուն ապագայ ցանկացաւ վեցերորդ դասարանցիներին եւ նրանց բարի երթ մաղթեց կեանքի յետագայ բոլոր ասպարէզներում:

Այնուհետեւ, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետներ՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Վարուժ Մովսիսեանի, «Արմէն» դպրոցի տնօրէններ՝ Արսինէ Դաւթեանի եւ Գեղարդ Մանսուրեանի, ինչպէս նաեւ պատկան ուսուցիչների, վեցերորդ դասարանի աշակերտութեանը յանձնւեց իրենց վկայագրերն ու գնահատագրերը. գնահատւեցին նաեւ գիտական, մարզական եւ մշակութային բնագաւառներում յաջողութիւններ արձանագրած դպրոցի աշակերտները:

Որպէս եզրափակիչ ելոյթ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին: Նա պատգամեց աշակերտներին ուսումն ու դաստիարակութիւնը դարձնել նպատակակէտ եւ որեւէ ջանք չխնայեն այդ ճանապարհում, իսկ ուղեղը լցնել բարի, առաքինի եւ ազգային ու կրօնական մտածումներով՝ տիպար աշակերտ, հայորդի եւ ծնողներ դառնալու համար:  Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին շնորհակալական խօսքեր ուղղեց՝ ազգային մարմիններին, դպրոցի անձնակազմին ու ծնողական խորհրդին եւ ի հարկէ ծնողներին:   

Հանդիսութիւնն աւարտւեց շրջանաւարտների միջոցով աւարտական գլխարկների վեր նետումով եւ հիւրասիրութեամբ:

Աւելացնենք նաեւ, որ շրջանաւարտները հանդիսութեան յաջորդ օրը՝ յունիսի 16–ին,  աւանդոյթ դարձած սովորութեան համաձայն, պատասխանատուների ուղեկցութեամբ  մեկնեցին աւարտական ճամբարի՝ եռօրեայ այցելութիւն կատարելով Թեհրան, որտեղ զանազան այցելութիւններ իրականացրին քաղաքի թանգարաններ, «Ալիք» հաստատութիւն եւ Թեհրանի հայոց թեմի Առաջնորդարան, ուր սաներին ընդունեց թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սպահանի Կրթա-Դաստիարակութեան 3–րդ շրջանի հիմնարկի կողմից զանազան փառատօններում եւ մրցոյթներում յաջողութիւն արձանագրած «Արմէն» տարրական դպրոցի աշակերտներին.

- Բասկետբոլի մրցոյթ

Դպրոցի աղջկանց բասկետբոլի խումբը, անցնող տարեշրջանում մրցել է զանազան խմբերի հետ եւ գրւել է երկրորդ կարգը.

Խմբի անդամներն են՝

Մելիսա Սիմոնեան

Ադելայդ Մինաս-Խաչիկեան

Ադրիանա Տէր-Յարութիւնեան

Էլլադա Մելիքեան

Թենի Շահիջանեան

Էլեն Շահբազեան

Անժելինա Թորոսեան

Մանէ Վարդանեան

Նարէ Շահիջանեան

Փարելի Աղաբաբայեան

Յատկանշելի է, որ Մելիսա Սիմոնեանը, Ադրիանա Տէր-Յարութիւնեանը, Էլլադա Մելիքեանն ու Թենի Շահիջանեանը, իսկ տղաների խմբից Նարեկ Մկրտչեանը ընտրւել են՝ նահանգի մրցութիւնների համար:

 

- «Ջաբեր Էբնէ Հայեան»  գիտական փառատօն

Էմիլի Մկրտչեան

Նելլի Շահմիրզայեան

Մանէ Բարսեղեան

Անի Թորոսեան

Աննա Մարիա Նահապետեան

Թէօ Մանսուրեան

Դանիէլ Փանոսեան

Մենուա Մարկոսեան

Քեւին Թորոսեան

Հայկ Ղարախանեան

 

- Ջրաներկի մրցոյթ՝

Թենի Շահիջանեան՝ առաջին կարգ

Ադելայդ Մինաս-Խաչիկեան՝ առաջին կարգ

 

- Լուսանկարչական մրցոյթ

Դանիէլ Փանոսեան՝ առաջին կարգ

 

- Փաստելի մրցոյթ

Նարեկ Մկրտչեան՝ երրորդ կարգ

 

- Թանաքով գեղանկարչութիւն

Արիէլ Սուքիասեան՝ երկրորդ կարգ

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Ուրբաթ՝ յունիսի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը հանդիպեց Նոր Ջուղայի հայ համայնքի հետ:

Նախ պրն. Բեգլարեանը հանդէս եկաւ իր գործունէութեան շուրջ բացատրութեամբ: Սկզբում նշեց, որ խորհրդարանի 11-րդ նստաշրջանի իր գործունէութեան ընթացքում ձեռք է բերել աշխատանքային տարբեր փորձառութիւն՝ յատկապէս համաճարակի տարածման եւ Արցախեան 44-օրեայ պատերազմի պատճառներով:

Նա անդրադարձ ունեցաւ խորհրդարանական օրէնսդրական եւ վերահսկման աշխատանքներին զուգահեռ կատարած իր իրագործումներին՝ ի մասնաւորի նշելով, սոցցանցերի միջոցով ժողովրդի հետ կապը, պատկան գրասենեակին ներկայացւած բազմահարիւր դիմումները եւ դրանց բնոյթը, երկրի տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով ծանր վիճակում յայտնւածներին պարենային եւ դրամական օժանդակութիւնները, դէպի հայոց ազգ. դպրոցներ ուղղորդւած օժանդակութիւնները, որոնցից է պատգամաւորի անմիջական միջամտութեամբ դպրոցները  օպտիկաթելքային (ֆիբր նուռի) համակարգով օժտելը եւ այլ աշխատանքներ:

Ռոբերտ Բեգլարեանը նաեւ աւելացրեց, որ բանակցութիւններ է վարում պատգամաւորին յատկացւող յաջորդ տարւայ բիւդջէն, իր ընտրատարածքում բնակարանաշինութեան կամ որեւէ այլ նախագծի ծառայեցնելու ուղղութեամբ:

Պատգամաւորը յատկապէս անդրադարձ ունեցաւ Արցախեան 44-օրեայ պատերազմի սկզբնական օրերից սկսած պաշտօնական հանդիպումներին, որոնք իրականացրել է իրանահայութեան միւս պատգամաւոր Արա Շահվերդեանի ընկերակցութեամբ:

Ծրագրի երկրորդ բաժնում պրն. Բեգլարեանը պատասխանեց ներկաների հարցումներին եւ ունկնդրեց նրանց տեսակէտները:

Հանդիպումը վարեց Մանիա Ղուկասեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական մէկօրեայ վարժարանի 4-րդ ուսումնական տարեշրջանն իր աւարտին հասաւ հինգշաբթի՝ յունիսի 8-ի առաւօտեան՝ ամավերջի հանդէսով, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճանի, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանի, Կրթական խորհրդի եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անդամների, մի շարք այլ հրաւիրեալների, վարժարանի անձնակազմի, սաների եւ ծնողների:

Սկզբում ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերով արտայայտւեց վարժարանի տնօրէն Սաթենիկ Աւետումեանը: Նա անդրադարձ կատարելով այս ուսումնական կենտրոնի  աշխատանքներին՝ յատկապէս որպէս հպարտութեան առիթ նշեց.

«- Վարժարանի ուսումնական ծրագիրը եւ սաների գիտական մակարդակը չեն զիջել թեմի ամենօրեայ դպրոցներին.

- Հակառակ դասապահերի քանակի սահմանափակ լինելուն՝ սաները կրթութեանը զուգահեռ ստացել են ազգային եւ հոգեւոր դաստիարակութիւն.

- Վարժարանը եղել է թեմի ազգային մարմինների ուշադրութեան կենտրոնում ու հովանաւորւել է բարձր մակարդակով»:

Այնուհետեւ իրականացւեց աշակերտական ելոյթների շարան, որտեղ երկրորդ դասարանցի Աննա Շահբազեանը ասմունքեց Պատւական Խաչատրեանի «Հայոց լեզու» բանաստեղծութիւնը, 4-րդ դասարանի սաներ՝ Անի Խոսրովեանն ու Ամարաս Թէյմուրեանը միասնաբար ասմունքեցին Վազգէն Ովեանի «Այս Ղարաբաղն է»-ից հատւածներ, իսկ 6-րդ դասարանից՝ Աննա Թորոսեանն ու Նարեկ Թորոսեանը ընթերցեցին օրւայ աշակերտական խօսքը: Այս բաժնի աւարտին հնչեցին երեք խմբական երգեր վարժարանի աշակերտութեան կատարմամբ:

Յաջորդիւ  հնչեցին խօսքեր: Նախ վարժարանի ծնողական յանձնախմբի անդամ Ժաննա Շահբազեանը բարձր գնահատեց դպրոցի անձնակազմի եւ սաների աշխատանքները եւ լաւագոյն մաղթանքներն ուղղեց նրանց,  որից յետոյ նոյն յանձնախմբի կողմից ծաղկեփնջերով մեծարւեցին  ուսուցիչներն ու տնօրէնուհին:

Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Րաֆֆի Բաբումեանը շնորհաւորելով ուսման տարեշրջանի բարեյաջող աւարտի կապակցութեամբ՝ կանաչ ճանապարհ մաղթեց սաներին: Նա իր խօսքի աւարտին շնորհակալութիւն յայտնեց դպրոցի անձնակազմին՝ իրենց կատարած ջանադիր աշխատանքի, թեմի Կրթական խորհրդին ու ազգային մարմիններին՝ դպրոցի աշխատանքը հովանաւորելու եւ համայնքային վարչութեան պաշտօնեաներին վարժարանի անձնակազմի հետ համագործակցելու համար:

Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանն իր հպարտութեան առիթը համարեց մէկօրեայ վարժարանի ձեռքբերումները՝ ապա ընդգծելով, որ հայ ազգի գոյատեւման հիմնական պատճառներից մայրենի լեզւի եւ մշակոյթի արժեւորումն է, բարձր գնահատեց անձնակազմի աշխատանքը եւ սաների արձանագրած արդիւնքը:

Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը նախ գովեստի խօսք ասաց սաներին՝ իրենց հանգստեան օրը՝  հինգշաբթին, մայրենի լեզու եւ հայերէն այլ առարկաներ սովորելուն յատկացնելու համար: Նա բարձր գնահատեց նաեւ ծնողների բծախնդիր կեցւածքը՝ իրենց զաւակների հայեցի կրթութեան նկատմամբ եւ շնորհակալական խօսք ուղղեց անձնակազմին, ազգային մարմիններին եւ թեմակալ Առաջնորդ Սրբազան հօրը՝ դպրոցի աշխատանքի իրականացման ուղղութեամբ իրենց դերակատարութեան առթիւ:

Արտայայտութիւնների աւարտին վեցերորդ դասարանի երեք սաները՝ Աննա Թորոսեանը, Մելւին Մարկոսեանն ու Նարեկ Թորոսեանը արտասանեցին երդման կարգը, որտեղ խոստացան մաքուր եւ անաղարտ պահել մայրենի լեզուն, ապա թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, ազգային մարմինների եւ համայնքի վարչութեան ներկայացուցիչների ու դպրոցի անձնակազմի միջոցով սաներին շնորհւեցին իրենց վկայականները եւ նւէրներ:

Պաշտօնական բաժնի աւարտին գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին: Նա իր խօսքն ուղղելով սաներին՝ նշեց. «Որեւէ գործ կամ ուսում սկսելը առաջին քայլն է յաջողութեան. բնականաբար ընթացքում սխալներ կը լինեն, սակայն դրանք ոչ միայն չպէտք է ձեզ յետ պահեն ձեր ճանապարհից, այլ նաեւ պէտք է նորանոր յաջողութիւնների եւ ձեռքբերումների պատճառ հանդիսանան: Պէտք է սխալը սրբագրելով՝ հասնել նպատակին»: Սրբազան Հայրը վերջում երախտիքի խօսք ասաց սկսած ազգային մարմիններից՝ ի մասնաւորի Կրթական խորհրդից, մինչեւ վարժարանի անձնակազմը, Շահինշահրի ծխատէր քահանայ հայրը, համայնքային վարչութիւնն ու ծնողները եւ բոլոր այն անհատները, ովքեր դերակատար են եղել «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշխատանքների իրականացման գործում:

Աւարտին տեղի ունեցաւ խմբական լուսանկարում եւ հիւրասիրութիւն:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը՝ յունիսի 1-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, տեղի ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդէսը, որտեղ եզրափակւեց այս կրթօջախի 2022-2023 ուսումնական տարեշրջանը:

Ծրագրին հրաւիրւած էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն եւ սաների հարազատները:

Սկզբում բացման խօսքով ելոյթ ունեցաւ դպրոցի տնօրէնուհի Քառոլին Դիլանչեանը: Նա շնորհակալական խօսքերի շարան ուղղեց բոլոր այն անձանց, ովքեր սատար էին հանդիսացել հանդէսի իրականացման գործում՝ ի մասնաւորի պարուսոյց Քաթրին Թորոսեանին: Խօսքի շարունակութեան մէջ տկն. Դիլանչեանը յայտնելով, որ լրացնում է իր աշխատանքային ժամանակաշրջանը եւ հանգստի է կոչւելու, յուզախառն արտայայտութիւններով ներկաների հետ կիսւեց իր բազմամեայ գործունէութեան գեղեցիկ տպաւորութիւններով: Նա շնորհակալական խօսքեր ասելով նաեւ տարիների ազգային մարմիններին, գործակիցներին, ծնողական խորհուրդներին եւ ծնողներին, պատիւ համարեց, որ իր աշխատանքային ժամանակաշրջանում աւելի քան 1500 աշակերտի հետ աշխատելու առիթ է ունեցել: 

Մանկական ներկայացումների սկիզբն հանդիսացաւ մանկապարտէզի կրտսեր խմբակների՝ կանաչի եւ դեղինի  միասնական ելոյթը, որտեղ երգերով, արտասանութեամբ եւ գեղեցիկ շարժումներով ներկայացւել էին բնութեան երեւոյթները՝ արեւը, ամպը, ծիածանը, ծաղիկները եւ ի հարկէ բարի պարտիզպանը, ով խնամում է քնքուշ ծաղիկներին:

Երկրորդ արարի ներքոյ հանդէս եկան դպրոցի աւագները՝ նախակրթարանի սաները: Այստեղ բեմականացւել էին Հայաստան աշխարհի եօթ հրաշալիքները՝ հայրենի հողը, Արցախը, մայրենի լեզուն, խաչքարը, Էջմիածինը, դուդուկը եւ հայկական լաւաշը: Այս արարը նոյնպէս ողողւած էր խօսքերով, արտասանութեամբ, երգերով ու պարային շարժումներով: Աւարտին նախակրթարանի սաները կատարեցին աւանդոյթ դարձած  «Հրաժեշտ այբենարանին» երգը եւ  վեր նետեցին իրենց աւարտական գլխարկները:

Աշխոյժ ու գունագեղ արարներին յաջորդեց վկայականաբշխման արարողութիւնը, որտեղ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետներ՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ու Վարուժ Մովսիսեանի, ինչպէս նաեւ դպրոցի տնօրէնուհու եւ պատկան ուսուցչուհիների միջոցով՝ սաները խմբակ առ խմբակ ստացան իրենց վկայագարերը:

Եզրափակիչ ելոյթների շարանում արտայայտւեց Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, ով գովասանքի խօսքեր ասաց սաներին՝ իրենց համարձակ ելոյթների եւ արտայայտութիւնների համար: Նա նաեւ գնահատեց դպրոցի անձնակազմի աշխատանքը: 

Ներկաներին իր պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա բարձր գնահատելով փոքրիկների կատարումները՝ աւելացրեց, որ բեմականացւած եօթ հրաշալիքների կողքին գոյութիւն ունի եւս մէկը՝ ութերորդ հրաշալիքը եւ դա մատաղ սերունդն է, որը պէտք է պահի ու պահպանի իր հայկական ինքնութիւնը: Սրբազան Հայրը գնահատելով նաեւ Մանկապարտէզ-նախակրթարանի անձնակազմի կատարած աշխատանքը՝ նշեց, որ նրանք սէր են արմատաւորում փոքրիկների մէջ եւ դիմացը ստանում են նրանց յարգանքը: Նա ընդգծեց, որ մանկավարժութեան առաքելութիւնը լաւագոյնս կատարած կը լինի այն անհատը, ով փոքրիկներին ինչ մտածել սովորեցնելու փոխարէն, սովորեցնում է ինչպէս մտածելը:

Նշելի է նաեւ, որ դպրոցի տնօրէնուհի Քառոլին Դիլանչեանը եւ նախակրթարանի ուսուցչուհի Ռայեա Խուդավերդեանը իրենց աշխատանքային ժամանակաշրջանը բոլորելու եւ հանգստի կոչւելու համար՝ ծաղկեփնջերով մեծարւեցին իրենց համագործակիցների կողմից:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Հայաստանի առաջին Հանրապետութեան 105-ամեակի առիթով, ուրբաթ՝ յունիսի 2-ի երեկոյեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցու շրջափակում իրականացւեց ժոովրդական տօնակատարութիւն՝ նախաձեռնութեամբ ՀՀ հիմնադրման 105-ամեակի տօնակատարութեան Շահինշահրի յանձնախմբի: Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, Շահինշահրի՝ Հայ համայնքի վարչութեան եւ Հայ Դատի գրասենեակի անդամերը, Նոր Ջուղայի եւ Շահինաշհրի միութիւնների ներկայացուցիչները, համայնքի «Սրբոց Վարդանանց» մէկ օրեայ վարժարանի անձնակազմն ու ժողովուրդ:

Սկզբում Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սկաուտական միաւորի անդամների միջոցով շրջափակ բերւեց Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը, որից յետոյ տեղի ունեցաւ հանրապետական մաղթանք՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցականաց դասի մասնակցութեամբ: Այնուհետեւ հնչեց ՀՀ օրհներգը եւ օրհնւեց ու ծածանւեց եռագոյն դրօշը:

Այնուհետեւ բացման խօսքով ելոյթ ունեցաւ հանդիսավար Անահիտ Այւազեանը, ով ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել՝ հայրենիքի համար նահատակւած քաջարի հայորդիների անմոռաց յիշատակը, ապա տօնակատարութեան կազմակերպիչ յանձնախմբի խօսքն ընթերցեց Մառիթա Քեշիշեանը: Նա շեշտելով, որ 1918 թւականից 105 տարիներ անց, չեն վերացել մեր ազգի եւ հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրները, աւելացրեց, որ քանի դեռ մեր սահմանները անապահով են եւ պատերազմը շարունակւում է, վտանգւած է մեր պետականութիւնը:

Խօսքում ընդգծւած էր նաեւ, որ պայմանները թելադրում են առաւել քան եբեւէ զգօն լինել եւ միասնական ուժերով լծւել հայկական պետականութեան պահպանման ու ամրապնդման գործին՝ շարունակելով ազգի նւիրեալների կիսատ մնացած գործը:

Օրւայ բանախօսն էր Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանը: Նա անդրադառնալով 1918 թւականին հայրենիքում տիրող կացութեանն ու ժողովրդի տրամադրութեանը՝ յատկապէս Մայիսեան սխրագործութիւնը վերազարթօնքի շրջան համարելով, ասաց, որ լինելու եւ չլնելու երկընտանքի առջեւ կանգնած հայ ժողովուրդը կարողացաւ դիմադրել եւ յետ մղել թրքական արշաւանքները, որն այս անգամ կազմակերպւել էր Արեւելահայասանը գրաւելու եւ պանթուրքիստական ծրագիրն ամբողջացնելու նպատակով:

Բանախօսն թւարկելով նշւած մայիս 28-եան յաղթանակի արդիւնքում ձեռքբերումերը, այդ յաղթանակի հոգեբանութեան շարունակութիւնը համարեց՝ Արցախի ազատագրումը, Հայաստանի 2-րդ Հանրապետութեան կերտումը, իսկ անցնող ամիսների ընթացքում Արցախի շրջափակման դէմ համայն հայութեան ի մասնաւորի արցախահայութեան դիմադրութիւնը:

Այնուհետեւ պրն. Մանսուրեանն համեմատութիւններ անցկացնելով այսօր եւ 105 տարի առաջ հայրենիքում տիրող իրավիճակների միջեւ, կարեւորութեամբ ընդգծեց. «Այսօր նոյնպէս հայ ժողովուրդը կանգնած է իր պետականութեանը եւ գոյութեանն սպառնացող մարտահրաւէրների առջեւ: Խաղաղութիւնը ցանկալի երեւոյթ է, բայց եթէ այն պէտք է ձեռք բերւի ի գին գերիների ազատազրկման, հողային կորուստների, անվտանգութեան խաթարման եւ պետականութեան վտանգւած լինելու արդիւնքում, կորցնում է իր արժէքը»:

Երեկոյի գեղարւեստական բաժնում պարային կատարումներով հանդէս եկաւ Փերիոյ Կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախումը՝ ղեկավարութեամբ Ալինա Գրիգորեանի, ասմունքեց Լուսիա Մինասեանը, իսկ ազգային-հայրենասիրական երգեր սփռւեցին դիջէյ Վահէ Յարութիւնեանի միջոցով:

Տօնախմբութեան աւարտին ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց՝ թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա յիշեցնելով Քրիստոսի այն խօսքը, որտեղ մարդ արարածին արգելում է ստացած աշխարհիկ ժառանգութիւնների նկատմամբ անհոգ եւ անփոյթ լինելը,  աւելացրեց. «Երկու տեսակ ժառանգութիւն գոյութիւն ունի, առաջինը՝ հոգեւոր գանձերն են, որոնք տրւում են Աստծոյ կողմից, իսկ երկրորդը աշխարհիկ ժառանգութիւնն է, որը բաժանւում է անձնական եւ ազգային-հաւաքական խմբերի: Անձնական ժառանգութեան հետ կարող ենք մեր ցանկացած ձեւով վարւել, սակայն ազգային-հաւաքականի նկատմամբ իրաւունք չունենք անհոգ եւ անփոյթ գտնւել»:

Սրբազան Հայրն իր պատգամի շարունակութեան մէջ յիշատակելով, որ 1918-ի մայիսի 28-ի հետ կապւած ձեռքբերումները, հայ ժողովրդի ազգային-հաւաքական ժառանգութիւնն է, որի շնորհիւ պահպանւել են հայրենիք, պետութիւն, ազգ, լեզու եւ  մշակոյթ արժէքները, յորդորեց ոչ միայն ամենայն բծախնդրութեամբ պահել ու պահպանել այդ ժառանգութիւնը, այլ նաեւ զարգացնել ու  ծաղկուն վիճակում փոխանցել յաջորդ սերունդներին:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Ուրբաթ՝ յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակում, խանդավառ եւ զւարճալի մթնոլորտի ներքոյ իրականացւեց մանկական դաշտահանդէս՝ Մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրւայ առթիւ:

«Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ եւ նոյն միաւորի Ձեռնարկային յանձնախմբի համագործակցութեամբ իրականացւած այս միջոցառմանը մասնակցել էին մինչեւ 10 տարեկան մանուկներ:

Միջոցառման շրջագծում նախատեսւել էր՝ փոքրիկներին լուսանկարելու տաղաւար, հնչեցին մանկական երգեր, որոնց ընթացքում մանուկների մասնակցութեամբ կատարւեցին համապատասխան պարային շարժումներ եւ դիմայարդարման կրպակ՝ փոքրիկների դէմքերին իրենց նախասիրած պատկերները դաջելու համար:

Շարունակութեան մէջ նաեւ մասնակիցներին միացան ծաղրածուն եւ իր ընկերը՝ մարզիկ առիւծը՝ անմոռանալի պահեր պարգեւելով նրանց: Տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, իսկ երեխաները մեծ բաւականութիւն ստացան շրջափակում տեղադրւած բազմաթիւ անհատական ու խմբական զւարճալի խաղերից օգտւելով:

Աւարտին բոլոր մասնակիցները մեծ խանդավառութեամբ եւ բարձր տրամադրութեամբ թողեցին խաղահրապարակը:

Թղթակից (Նոր Ջուղա)

«Հայաստանը եւ յարակից անվտանգութեան խնդիրները» (ارمنستان و مسائل امنیتی پیرامون) խորագրով գրքի շնորհանդէսը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ մայիսի 31-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում, նախաձեռնութեամբ եւ հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ նոյն վանքի «Ներսէս Շնորհալի» գրադարանի:

Հինգ գլուխներից բաղկացած պարսկերէնով այս գրքի համահեղինակներն են՝  Իսլամական Ազատ համալսարանի միջազգային յարաբերութիւններ ճիւղի դոկտորայի թեկնածու, Կովկասի եւ տարածաշրջանի հարցերի շուրջ տասնեակ յօդւածների հեղինակ, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանը եւ Իսլամական Ազատ համալսարանի դասախօս, միջազգային յարաբերութիւնների մասնագէտ, քաղաքական, դիւանագիտական եւ այլ թեմաներով բազմաթիւ գրքերի եւ յօդւածների հեղինակ դոկտ. Բաշիր Էսմայիլին:   

Շնորհանդէսին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, քահանայ հայրեր, Ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ, համալսարանների դասախօսներ եւ ուսանողներ ու մի շարք այլ հրաւիրեալներ եւ ներկաներ:

Ծրագրի ելոյթների շրջագծում նախ հնչեց հասարակագէտ եւ Սպահանի Ազատ համալսարանի դասախօս դոկտ. Հասան Սաղաֆեանի խօսքը: Նա գովեստի խօսքեր ասելով գրքի տպագրման կապակցութեամբ՝ յատկապէս իր հպարտութեան առիթը համարեց իր ժամանակի ուսանող Գեղարդ Մանսուրեանի այս յաջողութիւնը: Պրն. Սաղաֆեանը իր խօսքի մի այլ բաժնում ցաւ եւ ափսոսանք յայտնեց այն փաստից, որ աշխարհում դեռ կան ժողովուրդներ, ովքեր ազգայնամոլութեան եւ դաւանանքի զոհ են դառնում: Նա վերջում նորանոր յաջողութիւններ մաղթելով հեղինակներին՝ վստահութիւն յայտնեց, որ նման աշխատասիրութիւններ օգտակար կը հանդիսանան շրջանում խաղաղութիւն հաստատելու գործին:

Դոկտ. Բաշիր Էսմայիլին նշելով, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական հարցերի շուրջ տպագրւել են բազմաթիւ յօդւածներ, սակայն  սակաւ է ակադեմիկ եւ վստահելի աղբիւրների առկայութիւնը, կարեւորութեամբ ընդգծեց, որ պասկերէնով համապատասխան աղբիւրներ չունենալու պատճառով պրն. Մանսուրեանը հարկադրւած է եղել ուսումնասիրել հայերէն եւ ռուսերէն աղբիւրները: Նա անդրադառնալով այն փաստին, որ գիրքը որպէս համալսարանական հրատարակչութեան արտօնութիւն ստացած ձեռնարկ ընկալեալ ձեւի համաձայն ստացել է չորս իրաւարար դասախօսների դրական կարծիքն ու հաստատումը, եւ զերծ է կողմնակալութիւնից, յորդորեց այն ընթերցել առանց նախապաշարումների եւ փորձել գիտական մօտեցում ցուցաբերել գրքի բովանդակութեան նկատմամբ:

Գեղարդ Մանսուրեանն իր խօսքերի սկզբում անդրադարձ կատարելով Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական յոյժ կարեւորութեանը՝ բացատրեց, որ գրքում հիմնականում տեղ են գտել միջազգային յարաբերութիւնների տեսանկիւնից վերլուծութիւններ՝ Հայաստանի անվտանգութեան հարցի կապակցութեամբ՝ որպէս պանթուրքիստական նպատակների իրականացումը խոչընդոտող երկիր եւ լուծումներ է առաջարկւել այդ պայթիւնավտանգ կացութեան վերացման ուղղութեամբ: Նա վերջում շնորհակալական խօսք ուղղեց Իսլամական մշակոյթի նախարարութեանը՝ գրքի տպագրման արտօնութիւնը շնորհելու եւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին՝ արտօնութեան ստացման հարցով ցուցաբերած օժանդակութեան համար: Հարկ եղած համագործակցութիւնների եւ շնորհանդէսի կազմակերպման համար հեղինակը շնորհակալ եղաւ թեմի Թեմական խորհրդին:

Հարկ է նշել, որ ծրագրի ընթացքում մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը դաշնամուրով նւագեց իր հեղինակային գործերից՝ «Դիանա Աբգար» երաժշտութիւնը, իսկ ընթերցւեց Կովկասեան եւ Միջին Ասիայի հարցերի մասնագէտ, բազմաթիւ յօդւածների եւ գրքերի հեղինակ եւ Ազատ համալսարանի դասախօս դոկտ. Հոսէյն Ահմադի շնորհաւորանքի մաղթանքը. ներկաները նաեւ դիտեցին քաղաքական գիտութիւնների մասնագէտ, լրագրող, քաղաքական եւ դիւանագիտական թեմաներով աւելի քան քսան գրքերի հեղինակ դոկտ. Էհսան Էղբալ Սաիդից տեսանիւթ, որով գովասանքի խօսքեր էր ասել իրականացւած աշխատասիրութեան մասին:

Ծրագիրը վարեց «Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու-գրադարանավար Վերգինէ Միրզախանեանը:

Վերջում ցանկացողների համար գրքերը մակագրեցին եւ ստորագրեցին  հեղինակները:

Թղթակից (Նոր Ջուղա)

Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ-Ապարանի հերոսամարտերի յաղթանակների արդիւնքում կերտւած հայոց պատմութեան պանծալի իրադարձութիւններից՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 105-ամեակի առիթով, կիրակի՝ մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում իրականացւեց ժողովրդական տօնախմբութիւն:

Ծրագրում նախ «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով շրջափակ բերւեց Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը, որից յետոյ տեղի ունեցաւ դրօշի արարողութիւն եւ Հանրապետական մաղթանք՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ. այս բաժինն աւարտւեց ՀՀ հիմնի ունկնդրութեամբ: Արարողութեան ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արբի Բաբումեանի։

Այնուհետեւ երեկոյի բացման ելոյթով հանդէս եկաւ հանդիսավար Շաղիկ Մատթէոսեանը. խօսքում կարեւորութեամբ ընդգծւած էր. «Մենք այսօր եկել ենք յայտնելու, որ ոչ ոքու թոյլ չենք տալու մեր անունից զիջելու Հայաստանի եւ Արցախի ոչ մի սանտիմետր հողը, ոչ ոք իրաւունք չունի Արցախը համարելու ոչ հայկական եւ Ադրբեջանի մաս: Մենք տէր ենք կանգնելու մեր պապերից ժառանգւած հայրենիքին: Մենք կը դառնանք արժանի հետեւորդը մեր քաջ նախահայրերի, որոնց յաղթական պայքարի շնորհիւ այսօր կանք: Փառք Սարդարապատի հերոսներին եւ փառք մեր նորօրեայ անձնուրացներին»:

Տօնախմբութեան շարունակութեան մէջ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Նոէլ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ Զաւէն Սիմոնեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը եւ օրւայ բանախօս, ՀՀ ազգային ժողովի պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը ընդունեցին թեմի ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների աշակերտութեան եւ պատասխանատուների, միութիւնների եւ յանձնախմբերի շքերթ տողանցքը:

Այնուհետեւ բանախօսական ելոյթ ծաւալեց Թադէոս Աւետիսեանը: Նա հակիրճ անդրադարձ ունեցաւ 1918 թւականի գոյապայքարին եւ դրանից բխած Հայաստանի Հանրապետութեան կերտմանը, ապա վերադառնալով մերօրեայ խնդիրներին եւ գոյաբանական իմաստով այն պայքարին, որ այսօր տեղի է ունենում Հայաստանում ու Արցախում, յատկապէս ընդգծեց հայրենիքի գոյութեանը սպառնացող թշնամիների կողմից առաջացած պայմանները եւ աւելացրեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի իրական նպատակն  է՝ Արցախը կտրել արտաքին աշխարհից, կազմաքանդել պետական կառավարման համակարգը, անդառնալի եւ կործանարար հարւած հասցնել տնտեսութեանը եւ ի վերջոյ հայաթափել Արցախը:

Բանախօսն իր ելոյթի մի այլ բաժնում շեշտելով, որ Հայաստանի գործող իշխանութիւնն Ադրբեջանի հետ համաքայլ սլանում է հակահայ ընթացքով եւ բացայայտ կերպով մեր հայրենիքի անբաժանելի մասը՝ Արցախը, ճանաչում է Ադրբեջանի կազմում, պետականութեան պահպանման եւ արժանապատիւ խաղաղութեան հասնելու միակ ճանապարհը դիմադրութեան եւ համահայկական միասնական պայքարի շարունակութեան մէջ նկատեց:

Նա անդրադառնալով օրեր առաջ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից միաձայնութեամբ կատարւած յայտարարութիւնը, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերը համահայկական ներուժի համախմբման եւ հայրենիքի պաշտպանման գործում, վստահութիւն յայտնեց, որ հայ ժողովուրդը կերտելու է իր յաղթանակը նոր Սարդարապատով: Պրն. Աւետիսեանը խօսքի եզրափակիչ մասում շեշտելով, որ Հայաստանի ազգային ուժերը կամք ու պատրաստակամութիւն ունեն կանխելու վերահաս կապիտուլացիան, այս գոյապայքարում բարձր գնահատեց Իրան-Հայաստան բարեկամական յարաբեութիւնները, սփիւռքի կազմակերպւած համայնքների հսկայական ներուժը եւ այդ թւում նաեւ իրանահայ համայնքների անփոխարինելի դերն ու անուրանալի աջակցութիւնը:

Գեղարւեստական բաժնում ազգային-յեղափոխական եւ իր հեղինակային երգերով ելոյթ ունեցաւ Արթուր Խաչենցը:

Երեկոյի աւարտին իր հայրական պատգամը փոխանցեց գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճանը: Նա զուգահեռներ անցկացնելով 1918 թւականի եւ այսօրւայ պայմաններում մղւող գոյապայքարների միջեւ՝ նշեց, որ ինչպէս 105 տարի առաջ մեր ժողովրդի պայքարը մղւեց Սարդարապատ, Ղարաքիլիսա եւ Բաշ-Ապարան երեք ճակատներում, այսօր նոյնպէս մեր պայքարի ճակատները երեքն են՝ Հայաստանը, Արցախը եւ Սփիւռքը:

Նա ընդգծելով նաեւ, որ մեր պապերը մեզ կտակեցին՝ հայրենիք, պետականութիւն, ազգ ու ժողովուրդ եւ այսօր մեր պարտականութիւնն է ոչ միայն այդ բոլորը պահել ու պահպանել նոյնութեամբ, այլ նաեւ աւելի զարգացնել եւ արժեւորել, հայ ազգի յաղթանակի կերտման գրաւականը համարեց հայրենասիրութեան, ազգասիրութեան եւ միասնականութեան ոգու դրսեւրումը:

Տօնախմբութիւնն աւարտւեց հրավառութեամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Թւականիս մայիսի 8-ին, 9-ին եւ 21-ին, Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիւրերն էին «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների 7-րդ եւ 8-րդ դասարանցիները, եւ Նոր Ջուղայի մանկապարտէզի ու մանկամսուրի սաները՝ իրենց ուսուցչուհիների ուղեկցութեամբ։

Սկզբում, գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանի միջոցով աշակերտները ծանօթացան գրադարանի տարբեր բաժինների եւ գործունէութեան հետ, այնուհետեւ գրքերի զարմանահրաշ աշխարհում ապրեցին հաճելի եւ անմոռաց պահեր՝ խաղալով հայկական զւարճալի եւ զարգացնող խաղեր։

Յատկանշելի է, որ զոյգ հանդիպումները կազմակերպւել էին պատկան դպրոցների տեսչութեան նախաձեռնութեամբ։

Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի

 

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ՝ հինգշաբթի՝ մայիսի 18-ին, Նոր Ջուղայի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եւ Սնկերտ գիւղի «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը նախագահեց Սնկերտ գիւղի եկեղեցու Պատարագին. այստեղ պատարագիչ հայրն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ երգեցողութիւնը կատարեցին Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամները:

Սրբազան Հայրը տօնին պատշաճ իր քարոզում հակիրճ անդրադառնալով Քրիստոսի Յարութիւնից մինչեւ Համբարձումը տեղի ունեցած իրադարձութիւններին, բացատրութեամբ հանդէս եկաւ Համբարձման տօնը նաեւ Վիճակի տօն անւանելու պատճառի մասին. նա նշեց. «Քրիստոսի համբարձւելուց անմիջապէս յետոյ, Յուդայի տեղ այլ անհատի նշանակելու եւ  12 առաքեալների շարքը համալրելու համար՝  աշակերտները նշանակեցին երկու թեկնածուներ՝ Բարսաբա Յովսէփը եւ Մադաթիան: Այնուհետեւ նրանք աստւածային կամքն իրենց յայտնւելու համար՝ դիմեցին վիճակահանութեան, ինչի արդիւնքում Մադաթիան դասւեց առաքեալների շարքին»: Նա շարունակութեան մէջ աւելացրեց նաեւ, որ յետագայում հեթանոսական ժամանակաշրջանից եկած՝ բնութեան հետ կապւած աւանդութիւններն ու սովորութիւնները միախառնւելով քրիստոնէական Համբարձման տօնին, Համբարձումը նաեւ Վիճակի տօն անւանւելու պատճառ հանդիսացաւ:

Աւարտին Սրբազան Հայրը նշելով, որ իւրաքանչիւր անհատի ծնունդն ու մահը անկախ իր կամքից է տնօրինւում, սակայն  անձն է որոշում իր կեանքի որպիսութիւնն ու ճանապարհը, յորդորեց՝ հեռու մնալ սնահաւատութիւնից եւ հաւատացեալ քրիստոնեայի նման ընտրել աստւածատաճոյ կեանք:

Արարողութեանը ներկայ էին՝ Կրօնական խորհրդի անդամ Սաքօ Տէր-Յովհաննիսեանը եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ: Արարողութեան կազմակերպական աշխատանքներն իրականացւել էին գիւղի «Ս. Ստեփանոս» եկեղեցու վարչութեան միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Երկուշաբթի՝ մայիսի 15-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, իր աւարտին հասաւ Հայ եկեղեցասէր կանանց հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի հիմնադրման 20-րդ ամեակին նւիրւած լսարանների շարանը: Վերջին նիստը, որը միեւնոյն ժամանակ 6-րդն էր այս շարանից,  կայացաւ «Փրկաբանութիւն» խորագրով: Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Կանանց հոգեւոր լսարանի պատասխանատու արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, եկեղեցական դասը, ազգային մարմինների, դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները, յոբելեար լսարանի եւ երգչախմբի անդամուհիները եւ մի շարք այլ հրաւիրեալներ:

Ծրագիրն սկիզբ առաւ «Տէրունական աղօթք»-ի միասնական արտասանութեամբ, ապա ընթացքում հնչեցին թեմայի շուրջ բացատրութիւններ, Աստւածաշնչեան համարների ընթերցումներ եւ մի շարք որմնանկարների մասին մեկնաբանութիւններ ու վերլուծական բացատրութիւններ. ցուցադրւեցին նաեւ թեմային առնչւող մի շարք ֆիլմերից հատւածներ:

Երեկոյի աւարտին, ի գնահատանք ծրագրի կազմակերպիչների, ձեռամբ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի նւէրներ շնորհւեցին բանախօսական նիւթերի հայթայթման եւ մատուցման գործում գլխաւոր դերակատարներ՝  Անուշ Յովհաննիսեանին, Մարինէ Առաքելեանին, Մարինէ Մխիթարեանին եւ Ալբերտ սրկ. Ղազարեանին:

Այնուհետեւ, որպէս եզրափակիչ խօսք, իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը։ Նա նախ իր գնահատանքի եւ շնորհակալական խօսքն ուղղեց կազմակերպիչներին եւ այս գործում իրենց աջակցութիւնը ցուցաբերած բոլոր ազգային մարմիններին ու անհատներին, ապա յայտարարելով, որ մօտ ապագայում տեղի է ունենալու այս առիթին նւիրւած բուն ձեռնարկը, բարձր գնահատեց այն լայնածաւալ եւ անզուգական աշխատանքը, որը կատարւել է լսարաններում փոխանցւած նիւթերի պատրաստման եւ գրաւիչ ու մատչելի մատուցման ուղղութեամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Կիրակի՝ մայիսի 14-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան յարկի ներքոյ, Սպահան նահանգի Արդարադատութեան իրաւաբանների եւ պաշտօնական փորձագէտների կենտրոնի միջոցով կազմակերպւել էր հանրային իրաւունքի յանձնաժողովի (کمیسیون حقوق عامه) նիստը, ուր նշւած կենտրոնի պաշտօնական փորձագէտներն ու ընտանեկան հարցերի շուրջ խորհրդատուները ունկնդրելով հայ  այցելուներին յուզող հարցերին, համապատասխան խորհուրդներ տւեցին առկայ խնդիրների փարատման եւ դատական հայցերի արդարացի լուծման ուղղութեամբ: Նիստին ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը՝ ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Լորիս Նաւասարդեանի:

Ընթացքում Սրբազան Հայրն ողջունելով կենտրոնի գովելի նախաձեռնութիւնը, նման միջոցառումների կազմակերպումը սիրոյ եւ եղբայրութեան նշան համարեց եւ երախտագիտութեան ու շնորհակալական խօսք ասաց նախաձեռնողներին, ովքեր իրենց հանգիստը զիճելով, դրական քայլ են վերցրել հայ համայնքին պատկանող իրենց հայրենակիցների խնդիրների փարատման համար:

Այնուհետեւ հանրային իրաւունքի յանձնաժողովի (کمیسیون حقوق عامه) նիստերի կազմակերպման մասին բացատրութեամբ հանդէս եկաւ Արդարադատութեան իրաւաբանների եւ պաշտօնական փորձագէտների կենտրոնի փորձագէտ Մոհամմադ Փառւառեշը, ով նշելով, որ նշւած միջոցառումների շարանը իրականացւում է, թէ՛ հայրենակիցներին օգտակար հանդիսանալու եւ թէ՛ Արդարադատութեանը ներկայացւող հայցերի քանակը նւազեցնելու նպատակով, յոյս յայտնեց, որ կը կարողանան այս ծիրում իրենց լաւագոյն ծառայութիւնը մատուցել:

Նշելի է, որ աւարտին Սպահան նահանգի Արդարադատութեան պաշտօնական փորձագէտների կենտրոնի եւ Թեմական խորհրդի անդամների միջեւ կայացաւ հանդիպում, ուր քննարկումներ անցկացւեցին նշւած երկու կողմերի միջեւ կայանալիք համաձայնագրի կէտերի շուրջ: Համաձայնագիրը ստորագրւելու է հայ համայնքին եւ իհարկէ ազգային մարմիններին, նշւած կենտրոնի կողմից դատական հարցերի կապակցութեամբ անվճար կերպով խորհուրդներ եւ ուղղութիւններ մատուցելու շրջագծում:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Կանադահայ լուսանկարիչ եւ արւեստագէտ Հրայր Բազէ Խաչերեանը իր հերթական գիրք-ալբոմը հրատարակելու նպատակով, որում ընդգրկւած են նաեւ Նոր Ջուղայի եկեղեցիների լուսանկարները, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ ժամանեց Սպահան-Նոր Ջուղա։

Հրայր Բազէի աշխատանքային այցը պատեհ առիթ համարելով՝ Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ, մայիսի 11-ի երեկոյեան, գրադարանում տեղի ունեցաւ զրոյց-հանդիպում՝ «Արեւմտեան Հայաստանը՝ Բազէի աչքերով» խորագրով:

Հանդիպման սկզբում գրադարանավար Վերգինէ Միրզախանեանը, ծանօթացրեց լուսանկարիչ-արւեստագէտին, նրա արժէքաւոր աշխատութիւններն ու հարուստ պատկերագրքերը, ապա Բազէն սկսեց իր ելոյթը՝ ցուցադրելով Արեւմտեան Հայաստան կատարած ճամբորդութիւնների եւ Կիլիկիոյ շրջանի բերդերի ու մշակութային այլ յուշարձանների վերաբերեալ պատրաստած տեսանիւթը, որի ընթացքում նա բացատրեց, թէ յատկապէս վերջին տարիներին կենտրոնացել է Կիլիկիայի թագաւորութեան վրայ եւ առաջիկայ զոյգ ալբոմները նւիրւած են այդ թագաւորութեան հարուստ պատմութեանն ու մշակոյթին։

Նա պատմեց, թէ ինչքան դժւարութիւնների եւ խոչընդոտների է հանդիպել, ինչ արկածների ու փորձանքների միջով է անցել սոյն փաստերը հաւաքելու համար։

Վերջում ներկաներն իրենց յուզող հարցերն ուղղեցին լուսանկարչին, ապա ներկայանալով Ս. Ա. Վանքի շրջափակում, ծանօթացան մայրամուտը լուսանկարելու աշխատանքային ընթացքին:

Լուսանկարիչ Բազէն 30 տարուց ի վեր Հայաստանի, Արցախի եւ Արեւմտեան Հայաստանի մասին պատմող աւելի քան 16 եռալեզու գիրք-ալբոմներ է հրատարակել, որոնցից 4-ը առկայ են «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում, որոնք են՝ «Հայկական զարդատառ», «Հայկական զարդանախշային արւեստը», «Խաչքարեր», «100. 1915-2015», «Խաչքար» ալբոմները։ Բազէն սաւառնել է հայկական արւեստի երկրակամարում եւ պատկերել ու ներկայացրել է մեր հայրենիքի չտեսնւած պատկերները։

Նրա լուսանկարների հաւաքածուն, մեծ արխիւ ու նաեւ հետազօտական նիւթ է այն բոլոր մասնագէտների, գիտնականների, հետազօտողների համար, որոնք ընդհանրապէս եւ այս օրերին մասնաւորապէս, հետեւողականօրէն զբաղւած են մեր մշակութային յուշարձանների պահպանութեան հարցերով։

Թղթակից (Նոր Ջուղա)