Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական մէկօրեայ վարժարանի 4-րդ ուսումնական տարեշրջանն իր աւարտին հասաւ հինգշաբթի՝ յունիսի 8-ի առաւօտեան՝ ամավերջի հանդէսով, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճանի, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանի, Կրթական խորհրդի եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անդամների, մի շարք այլ հրաւիրեալների, վարժարանի անձնակազմի, սաների եւ ծնողների:

Սկզբում ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերով արտայայտւեց վարժարանի տնօրէն Սաթենիկ Աւետումեանը: Նա անդրադարձ կատարելով այս ուսումնական կենտրոնի  աշխատանքներին՝ յատկապէս որպէս հպարտութեան առիթ նշեց.

«- Վարժարանի ուսումնական ծրագիրը եւ սաների գիտական մակարդակը չեն զիջել թեմի ամենօրեայ դպրոցներին.

- Հակառակ դասապահերի քանակի սահմանափակ լինելուն՝ սաները կրթութեանը զուգահեռ ստացել են ազգային եւ հոգեւոր դաստիարակութիւն.

- Վարժարանը եղել է թեմի ազգային մարմինների ուշադրութեան կենտրոնում ու հովանաւորւել է բարձր մակարդակով»:

Այնուհետեւ իրականացւեց աշակերտական ելոյթների շարան, որտեղ երկրորդ դասարանցի Աննա Շահբազեանը ասմունքեց Պատւական Խաչատրեանի «Հայոց լեզու» բանաստեղծութիւնը, 4-րդ դասարանի սաներ՝ Անի Խոսրովեանն ու Ամարաս Թէյմուրեանը միասնաբար ասմունքեցին Վազգէն Ովեանի «Այս Ղարաբաղն է»-ից հատւածներ, իսկ 6-րդ դասարանից՝ Աննա Թորոսեանն ու Նարեկ Թորոսեանը ընթերցեցին օրւայ աշակերտական խօսքը: Այս բաժնի աւարտին հնչեցին երեք խմբական երգեր վարժարանի աշակերտութեան կատարմամբ:

Յաջորդիւ  հնչեցին խօսքեր: Նախ վարժարանի ծնողական յանձնախմբի անդամ Ժաննա Շահբազեանը բարձր գնահատեց դպրոցի անձնակազմի եւ սաների աշխատանքները եւ լաւագոյն մաղթանքներն ուղղեց նրանց,  որից յետոյ նոյն յանձնախմբի կողմից ծաղկեփնջերով մեծարւեցին  ուսուցիչներն ու տնօրէնուհին:

Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Րաֆֆի Բաբումեանը շնորհաւորելով ուսման տարեշրջանի բարեյաջող աւարտի կապակցութեամբ՝ կանաչ ճանապարհ մաղթեց սաներին: Նա իր խօսքի աւարտին շնորհակալութիւն յայտնեց դպրոցի անձնակազմին՝ իրենց կատարած ջանադիր աշխատանքի, թեմի Կրթական խորհրդին ու ազգային մարմիններին՝ դպրոցի աշխատանքը հովանաւորելու եւ համայնքային վարչութեան պաշտօնեաներին վարժարանի անձնակազմի հետ համագործակցելու համար:

Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանն իր հպարտութեան առիթը համարեց մէկօրեայ վարժարանի ձեռքբերումները՝ ապա ընդգծելով, որ հայ ազգի գոյատեւման հիմնական պատճառներից մայրենի լեզւի եւ մշակոյթի արժեւորումն է, բարձր գնահատեց անձնակազմի աշխատանքը եւ սաների արձանագրած արդիւնքը:

Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը նախ գովեստի խօսք ասաց սաներին՝ իրենց հանգստեան օրը՝  հինգշաբթին, մայրենի լեզու եւ հայերէն այլ առարկաներ սովորելուն յատկացնելու համար: Նա բարձր գնահատեց նաեւ ծնողների բծախնդիր կեցւածքը՝ իրենց զաւակների հայեցի կրթութեան նկատմամբ եւ շնորհակալական խօսք ուղղեց անձնակազմին, ազգային մարմիններին եւ թեմակալ Առաջնորդ Սրբազան հօրը՝ դպրոցի աշխատանքի իրականացման ուղղութեամբ իրենց դերակատարութեան առթիւ:

Արտայայտութիւնների աւարտին վեցերորդ դասարանի երեք սաները՝ Աննա Թորոսեանը, Մելւին Մարկոսեանն ու Նարեկ Թորոսեանը արտասանեցին երդման կարգը, որտեղ խոստացան մաքուր եւ անաղարտ պահել մայրենի լեզուն, ապա թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, ազգային մարմինների եւ համայնքի վարչութեան ներկայացուցիչների ու դպրոցի անձնակազմի միջոցով սաներին շնորհւեցին իրենց վկայականները եւ նւէրներ:

Պաշտօնական բաժնի աւարտին գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին: Նա իր խօսքն ուղղելով սաներին՝ նշեց. «Որեւէ գործ կամ ուսում սկսելը առաջին քայլն է յաջողութեան. բնականաբար ընթացքում սխալներ կը լինեն, սակայն դրանք ոչ միայն չպէտք է ձեզ յետ պահեն ձեր ճանապարհից, այլ նաեւ պէտք է նորանոր յաջողութիւնների եւ ձեռքբերումների պատճառ հանդիսանան: Պէտք է սխալը սրբագրելով՝ հասնել նպատակին»: Սրբազան Հայրը վերջում երախտիքի խօսք ասաց սկսած ազգային մարմիններից՝ ի մասնաւորի Կրթական խորհրդից, մինչեւ վարժարանի անձնակազմը, Շահինշահրի ծխատէր քահանայ հայրը, համայնքային վարչութիւնն ու ծնողները եւ բոլոր այն անհատները, ովքեր դերակատար են եղել «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշխատանքների իրականացման գործում:

Աւարտին տեղի ունեցաւ խմբական լուսանկարում եւ հիւրասիրութիւն:

Թղթակից (Նոր Ջուղա)