Ս. ԱՄԵՆԱՓՐԿՉԵԱՆ ՎԱՆՔԻ «ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՍԱՐԱՑԻ» ԹԱՆԳԱՐԱՆ

   «Նոր Ջուղայի Թանգարանը բացառիկ նշանակութիւն ունի, որովհետեւ խօսում է դարերի լեզւով: Բոլոր նրանք ովքեր այստեղ են գալիս ունկնդրում են դարերի ձայնին: ... Նա մի դպրոց է նաեւ երիտասարդ սերնդի համար, որպէսզի նրանք իմանան թէ ինչ են արել իրենց հայրերը անցեալում եւ ինչ են թողել որպէս մնայուն արժէք...»։

Գարեգին եպս. Սարգիսեան
Առաջնորդ Իրանա-Հնդկաստանի Հայոց Թեմի
19 հոկտեմբեր 1971 թ., Նոր Ջուղա

* * *

   Ս. Ամենափրկչեան Վանքն իր հիմնադրման օրւանից եղել է Իրանա-Հնդկաստանի՝ յետագային Սպահանի Հայոց Թեմի հոգեւոր, մշակութային եւ վարչական կենտրոնը, որի պատճառով էլ ժամանակի ընթացքում նրա կողքին ստեղծւել են մի շարք հաստատութիւններ: Դրանք բոլորն էլ ունեցել են իրենց տեղն ու դերը Իրանահայութեան կեանքում, սակայն Ս. Ամենափրկչեան Վանքի Թանգարանը յատկապէս մեծ հետաքրքրութեան է արժանացել արտասահմանեան եւ տեղացի զբօսաշրջիկների կողմից, որին նպաստել են նաեւ թանգարանում գտնւող եզակի նմոյշները:

***

   Նոր Ջուղայում թանգարանի հասկացութեան նախատիպին ու սկզբնական կերպին հանդիպում ենք 20-րդ դարի սկզբին: 1905-1906 թւականներին, Վանքի Մայր Տաճարի դիմաց, կառուցւում է գրադարան-մատենադարանի համար մի առանձին շէնք՝ բաղկացած երեք մեծ եւ երկու փոքր սենեակներից, որի ծախսը յանձն է առնում Թադէոս Տէր-Յովհանեանը, իր հօր՝ Նոր Ջուղայի պատմագիր Յարութիւն Տէր-Յովհանեանի յիշատակին: Շէնքը մինչեւ 1930-ական թւականները ծառայում է որպէս գրադարան-մատենադարան, ուր ցուցադրւում են նաեւ մի շարք գրչագիր եւ տպագիր գրքեր, կրօնական զանազան իրեր եւ նկարներ:
   1931 թւականին, Իրանի ժամանակի կառավարութեան հրաւէրով Սպահան է ժամանում արւեստագէտ եւ գեղանկարիչ Սարգիս Խաչատուրեանը : Նա 1931-1934 թւականներին զբաղւում է Սպահանի պատմական շինութիւնների որմնանկարների նորոգութեան եւ պատճէնահանման աշխատանքով եւ կարեւոր դեր է ունենում Նոր Ջուղայի մշակութային կեանքում: Խաչատուրեանի այդ շրջանի աշխատանքները, ցուցադրւում են եւրոպական քաղաքներում, այդ թւում՝ Փարիզի արեւելեան արւեստի թանգարանում: Նա կրթւելով Եւրոպայում, ծանօթ էր ժամանակակից արւեստին, հետեւաբար Նոր Ջուղայի Համայնական Խորհուրդը Ճիշտ գնահատելով պահը, օգտւում է նրա խորհուրդներից եւ գրադարան-մատենադարանի շէնքի մէջ որոշ բարեփոխումներ կատարելով՝ նոյն վայրում հիմնում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքի Թանգարանը:
   1930-1933 թւականների ընթացքում Վանքում եւ միւս եկեղեցներում գտնւող արժէքաւոր նկարները, գեղեցիկ իրերը, եւ այլ զանազան թանգարանային իրեր  որոնք Նոր Ջուղայի հայ վաճառականները փոխադրել էին արտասահմանից, հաւաքւում են թանգարանի համար: Այս գործում անմիջական օժանդակութիւն են ցուցաբերում Ստեփան Յանանեանը եւ Մարտիրոս Աբգարեանը: Թանգարանը այդ եռասենեակ շէնքում իր աշխատանքը շարունակում է մինչեւ 1971 թւականը:
   Զբօսաշրջիկութեան նկատմամբ երկրի մէջ օրըստօրէ աճող հետաքրքրութեանը զուգահեռ, առաւել անհրաժեշտութիւն է զգացւում պահպանել եւ ներկայացնել իրանահայութեան աւանդն ու դերը Իրանի մշակոյթի եւ քաղաքակրթութեան զարգացման մէջ:
   Այդ նպատակով ընթանում են խորհրդակցութիւններ իրանահայ թեմերի միջեւ: 29 նոյեմբեր 1968 թւականին, Իրանա-Հնդկաստանի Թեմի Ներկայացուցչական Խորհրդի խորհրդակցական նիստին հրաւիրւում են Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Արտակ արքեպս. Մանուկեանը, Թեմական եւ Ներկայացուցչական խորհուրդների ատենապետներ Վահրամ Դաւիթխանեանը, Դաւիթ Յարութիւնեանը եւ այլ անդամներ, եւ որոշում է ընդունւում թանգարանի շէնքի եւ Ապրիլեան Եղեռնի Յուշարձանի կառուցման կապակցութեամբ: Սոյն ժողովը նախագահում էր Թեմակալ Առաջնորդ Ղեւոնդ արքեպս. Չէպէյեանը եւ հիւրաբար ներկայ էին՝ Իրանի Խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Սեւակ Սագինեանն ու Ճարտարապետ՝ պրն. Ժենիա Ա‎‎‎‎‎‎‎ֆթանդիլեանը:
   Ժողովը նկատի ունենալով Նոր Ջուղայի նշանակութիւնը իրանահայութեան կեանքում եւ այդ շինութեան յոյժ կարեւորութիւնը, որոշում է թանգարանը կառուցել Ս. Ամենափրկչեան Վանքի շրջափակում գտնւող հողամասում: Հաստատւում է 6,000,000 ռիալ յատկացում այդ գործի համար, եւ որոշւում է շինարարական աշխատանքն աւարտին հասցնել մինչեւ 1971 թւականը: Շէնքի յատակագծի գծագրումը յանձնարարւում է պրն. Ժենիա Աֆթանդիլեանին:
   15 Ապրիլ 1969 թւականին, Աֆթանդիլեանը մի նամակով տեղեկացնում է, որ թանգարանի քարտէզը պատրաստւելու է մինչեւ մայիսի վերջը: Համաձայն Թեմական Խորհրդի 41-րդ նիստի արձանագրութեան (27 յուլիս 1970 թ.), քարտէզն օրւայ Թեմական եւ Ներկայացուցչական խորհուրդների, ինչպէս նաեւ Ֆարհանգ-Հոնար նախարարութեան մասնագէտների միջոցով հաստատւելուց յետոյ, Ա‎ֆթանդիլեանի առաջարկով շինարարութեան գործը յանձնւում է նւազուրդ-մրցոյթը շահած պրն. Լեւոն Քեշիշեանին: Ս. Ամենափրկչեան Վանքի Թանգարանը կառուցւում է երկյարկանի, որի առաջին յարկը 600 ք.մ., երկրորդ յարկը՝ 525 ք.մ., իսկ ներքնայարկը 250 ք.մ. տարածք է զբաղեցնում: 1971 թւականին աւարտւում է շինարարութեան գործը:
   Թեմական Խորհրդի 62-րդ նիստի արձանագրութեան մէջ (15 մարտ 1971 թ.), Գարեգին Սրբազանի զեկուցումների բաժնում ընթերցում ենք.-
   «Հայրապետական Պատւիրակ Սրբազան Հայրը խոր ուրախութիւն յայտնեց այս յիշատակելի գործի առթիւ եւ շնորհաւորեց Թեմական Խորհրդին այդ նախաձեռնութեան համար, ապա գեղարւեստական առարկաների կարգաւորման ու դասաւորման աշխատանքների ուղղութեամբ, Սրբազան Հայրն առաջարկեց Բելգիայից հրաւիրել յայտնի գիտնական պրոֆ. Արբակ Մխիթարեանին»։
   Ժողովն ընդունեց այդ առաջարկը եւ հրաւէր նամակ ուղարկւեց պրն. Մխիթարեանին, որն էլ Նոր Ջուղա ժամանեց 1971 թւականի մայիսի 25-ին:
   «Ալիք» օրաթերթի նոյն տարւայ յունիսի 13-ի համարում տպագրւած է մի թղթակցութիւն սոյն այցելութեան մասին, ուր ընթերցում ենք.-
   «...Յաջորդ առաւօտեան պրոֆ. Արբակ Մխիթարեանը գործի ձեռնարկեց եւ առաջնորդութեամբ Հայրապետական Պատւիրակի եւ ընկերակցութեամբ թանգարանի պատասխանատու պրն. Լեւոն Մինասեանի, այցելեց հին եւ նոր թանգարանները, մօտից ծանօթացաւ գեղարւեստական արժէք ներկայացնող առարկաների հետ ու նոր շէնքի տարողութեանը՝ ըստ այնմ կատարելու իր ցուցմունքները:
   «Առաջնորդարանի մէջ իրեն յատկացւած յատուկ սենեակում նա սկսեց նաեւ լուսանկարել մի շարք ձեռագրեր, որոնք վերաբերում էին թէ ընդհանուր հայկական մանրանկարչութեան եւ թէ Նոր Ջուղայի հայ մանրանկարչութեան դպրոցին:
   «Ուրբաթ օրը Գարեգին Սրբազանի, պրն. Լեւոն Մինասեանի ինչպէս եւ նոր թանգարանի ճարտարապետ պրն. Ժենիա Աֆթանդիլեանի, ճարտարապետ պրն. Լեւոն Քեշիշեանի, Թեմական եւ Ներկայացուցչական խորհուդների անդամներ պրնյք. Յովհաննէս Օհանեանի, Մինաս Մինասեանի, Յարութիւն Մկրտումեանի եւ Եղիա Յովհաննիսեանի հետ, նորակառոյց թանգարանի եւ Առաջնորդարանի մէջ պրոֆ. Մխիթարեանը խորհդակցութիւններ ունեցաւ դասաւորման աշխատանքների շուրջ»:

   Թեմական Խորհրդի 72-րդ նիստի արձանագրութեան համաձայն (31 մայիս 1971 թ.)՝ «նկատի ունենալով նորակառոյց թանգարանին բերւելիք նւիրատւութեան առթիւ հրատարակած կոչը, յանձնարարւեց գերաշնորհ Սրբազան Հօրը տեղիս եկեղեցական վարչութիւններին հրաւիրել Վանք եւ կարգադրել, որ հաճին օր առաջ Վանքի Թանգարանին պահ տալ իրենց խնամքին ենթակայ եկեղեցիներում ունեցած արժէքաւոր եւ հնութիւն ներկայացնող գրքերն ու գոյքը»:
   Պրոֆ. Մխիթարեանը յունիս 1971 թւականին աւարտում է նախատեսւած աշխատանքը՝ նորակառոյց թանգարանում եւ «Ալիք»-ին տւած հարցազրոյցում (30 յունիս 1971 թ.) յայտնում է.-
   «...Թանգարանի իրերը բաժանւեցին չորս մասերի. ա- ձեռագրեր բ- իրեր եւ աշխատութիւններ, որոնք կապւում են տեղի հայութեան կեանքին ու պատմութեանը գ- եկեղեցական իրեր եւ դ- արտասահմանից բերւած նկարներ:
   «...Թանգարանում ցուցադրութեան են դրւելու 11-16-րդ դարերին պատկանող՝ 24 եւ 17-18-րդ դարերին պատկանող 20 հատ ձեռագիր. նաեւ ծրագրւած է ցուցադրութեան դնել տեղական գրչութիւն ունեցող եւս նոյն թւով ձեռագրեր:
   «...Երկրորդ բաժնին վերաբերող թանգարանային առարկաներին մաս են կազմում 30-ի չափ ֆարմաններ, որոնք Նոր Ջուղայի գաղթօջախի եւ ընդհանրապէս պարսկահայութեան 17-18-րդ դարերի պատմութեան կապւող առարկաներ են, իսկ այլ առարկաներից ընտրւած ցուցանմուշները բոլորն էլ տեղական գործեր են եւ կարողանում են ընդհանուր գծերով ներկայացնել այդ գաղութի անցեալը»:

   Նոյն հարցազրոյցում պրն. Մխիթարեանը եկեղեցական իրերի կապակցութեամբ նշում է, որ չնայած այդ իրերը հնագիտական եւ թանգարանային մեծ արժէք չեն ներկայացնում, «սակայն այդ առարկաներն ընդհանուր կարծիք կարող են տալ մի անծանօթի՝ մեր եկեղեցական տարազի եւ կամ եկեղեցում գործածւող առարկաների մասին»:
   «...Նորակառոյց թանգարանը մի մեծ սրահ է, որի մէջտեղում տեղադրւած են երկու մեծ ցուցափեղկեր, ուր պիտի ցուցադրւեն ձեռագրերը, իսկ պատերի մէջ հագցւած ցուցափեղկերում պիտի ցուցադրւեն զգեստներն ու այլ ցուցանմոյշները»,- նշւած է հարցազրոյցում:
   Մէկ ամսեայ այցելութեան ընթացքում պրոֆ. Մխիթարեանի միջոցով պատրաստւում է ցուցադրւելիք իրերի ցանկը եւ մի յատակագիծ, ուր նշւած է եղել իւրաքանչիւր ցուցանմուշի վայրը: Կատարւում է նաեւ ցուցանմուշների լուսանկարումը՝ յետագայ ուսումնասիրութիւնների եւ թանգարանի մասին բրոշիւր-ալբոմների հրատարակութեան համար: Վերոնշեալ նախագծի գործադրութիւնը յանձնարարւում է Իրանա-Հնդկաստանի Հայոց Թեմի առաջնորդ Գարեգին Սրբազանին, թանգարանի պատասխանատու պրն. Լեւոն Մինասեանին եւ Սպահանի Պետական Համալսարանի Հայագիտական Ամբիոնի դասախօս Եղիշէ վրդ. Մանջիկեանին:
   Իրերի փոխադրութեան նպատակով, հին թանգարանի աշխատանքը դադարեցւում է սեպտեմբերի 23-ից եւ հաւաքւած ամբողջ իրերը, պրոֆ. Մխիթարեանի նախագծի համաձայն, վերադասաւորւում են թանգարանի նորակառոյց շէնքում. այնուհետեւ Թեմական Խորհրդի 13 սեպտեմբեր 1971 թւականի արձանագրութեան համաձայն, յստակացւում է թանգարանի բացման թւականը:
   Կիրակի 24 հոկտեմբեր 1971 թւականի «Ալիք»-ում տպագրւած թղթակցութեան մէջ ընթերցում ենք. «Երեքշաբթի, հոկտեմբերի 19-ի երեկոյեան ժամը 7-ին, պատշաճ հանդիսութեամբ բացումը կատարւեց Ս. Ամենափրկչեան Վանքի նորակառոյց թանգարանի: Սպահանի նահանգապետ Քիանփուրը, գերշ. առաջնորդներ Արտակ արքեպս. եւ Գարեգին եպս. սրբազանները միասնաբար բացումը կատարեցին հայ ժողովրդին հպարտութիւն պատճառող այս գեղեցիկ թանգարանի: Իրանա-Հնդկաստանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Գարեգին եպս. Սարգիսեանը բացման խօսքն է արտայայտւել: Խօսել են Խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր Սեւակ Սագինեանը եւ Թեհրանի Թեմի առաջնորդ գերշ. Տ. Արտակ արքեպս. Մանուկեանը»:
   Բացման հանդիսութեանը ներկայ են եղել նաեւ Հայր Եղիշէ Մանջիկեանը, «Գալուստ Գիւլբենգեան» հիմնարկութեան ներկայացուցիչները՝ Ազերթօ Բերդիքաօն եւ Ռոբերտ Գիւլբենգեանը՝ իրենց տիկիններով, պետական մի քանի հիմնարկութիւնների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իրանի Խորհրդարանի պատգամաւոր՝ դոկտ. Գագիկ Յովակիմեանը, իրանահայ երեք թեմերի ազգային իշխանութիւնների եւ «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Խուզիստանի, Շիրազի եւ Փերիոյ ազգային մարմինների եւ միութիւնների վարչութեան անդամները եւ այլ ազգայիններ: Այնուհետեւ տեղի է ունեցել գեղարւեստական հանդէս Հայոց Ակումբում, ուր ելոյթ է ունեցել երգչախումբը՝ Հրանդ Աճեմեանի ղեկավարութեամբ եւ Էլմա Օհանեանի դաշնամուրի ընկերակցութեամբ:

***

   Ապագայում ու նոյնիսկ մինչեւ օրս թանգարանի իրերին են աւելացել Թեմական Խորհրդի կողմից գնւած եւ ժողովրդի միջոցով նւիրւած իրեր, որոնք գրանցւում են նւիրատուների կամ նրանց սիրելիների անւամբ:
   1977 թւականի օգոստոսի 11-ին, մեծ հանդիսութեանբ կատարւեց Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Խաչատուր վարդապետ Կեսարացու կիսանդրիների բացումը, որոնք տեղադրւած են թանգարանի մուտքի մօտ: Կիսանդրիները նւիրւել են տկնյք. Արշիկ Մելիքեանի եւ Ռուբինա Մելիքեանի կողմից եւ պատրաստւել են արւեստագէտ Զաւէն Այւազեանի միջոցով՝ Վենետիկում:
   Յետագայում թանգարանը համալրւել է «Հայոց Ցեղասպանութիւն», «1918 թւականի Հայաստանի Հանրապետութիւն», «Եփրեմ Խան», «Ս. Ամենափրկչեան Վանքի տպարան» տաղաւարներով եւ մետաղադրամների հաւաքածոյով:
   Գրադարան-մատենադարանը մինչեւ պաշտօնապէս թանգարան դառնալը, ունեցել է յուշամատեան, որի մէջ առաջին անգամ՝ 1921 թւականի յունւարի 26-ին, ստորագրել են Պարսկաստանում Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցիչ՝ Իշխան Յովսէփ Արղութեանը եւ Տեղեկատու բիւրոյի Վարիչ՝ Գէորգ Ստեփանեանը:
   Տարիների ընթացքում հազարաւոր զբօսաշրջիկներ, ի շարս նրանց բարձրաստիճան անձեր ստորագրել են բազմաթիւ մատեաններում, ինչպէս՝ Սուդանի արքայադուստրը՝ 1933 թ., Ճապոնիայի իշխանուհի Միսական՝ 1956թ., Գերմանիայի վարչապետը՝ 1957 թ., Դանիայի արքան, թագուհին եւ իշխանուհին՝ 6 մայիս 1963, Հնդկաստանի նախագահը՝ 15 մայիս 1963, Հոլանդիայի թագուհին ընտանիքով, Դանեմարկի թագաժառանգը՝ 1 նոյ. 1963, Բելգիայի թագաւորը եւ թագուհին՝ 20 նոյ. 1964, Սպանիայի թագաժառանգը՝ 8 փետր. 1966, Իտալիայի նախկին թագաւոր Ումբերթօն՝ 9 յուլ. 1976, ՄԱԿ-ի ժամանակի գլխաւոր քարտուղար Քուֆի Աննանը՝ 1999 թ. եւ...
   Երկուշաբթի՝ 2012 թւականի հոկտեմբերի 22-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնի առթիւ կազմակերպւած միջոցառման աւարտին, Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ եւ Թեմական Խորհրդի առաջարկով, ինչպէս նաեւ Պատգամաւորական Ժողովի Դիւանի ու Կրօնական Խորհրդի հաւանութեամբ, Նոր Ջուղայի Ազգային Առաջնորդարանի թանգարանը, որը մինչ այժմ նշւում էր «Ս. Ամենափրկչեան Վանքի թանգարան», անւանւեց «Խաչատուր Կեսարացի Թանգարան»:
   Սոյն անւանումը, նւիրւելով հայ գրքի տպագրութեան 500-ամեակին, նպատակ ունի յաւերժացնելու Միջին Արեւելքի առաջին տպարանի հիմնադիր Խաչատուր վարդապետ Կեսարացու արժանայիշատակ անունը:

***

   Ն. Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքի «Խաչատուր Կեսարացի» թանգարանը բաւականին հարուստ է անցեալից ժառանգ թողնւած մշակութային գանձերով, բայց նա չպէտք է մնայ միայն հին ստեղծագործութիւնների գանձարան եւ ցուցահանդէս: Պէտք է լինի նաեւ արդի ստեղծագործութիւնների հանդիսարան. պէտք է լինի այժմեան սերնդի հոգածութեան ու գուրգուրանքի ենթակայ կառոյց:

 

«Խաչատուր Կեսարացի» թանգարանի պատկերասրահ

 


1. Սարգիս Խաչատուրեանը (1886-1947) ծնւել է Մալաթիայում, սովորել է Էրզրումի Սանասարեան Վարժարանում: Գեղարւեստական կրթութիւնն ստացել է Հռոմի Գեղարւեստական Ակադեմիայում, որն աւարտել է ոսկէ մեդալով:
2. Ստեփան Յանանեան. հանրային վաստակաւոր գործիչ եւ բանասէր: Ծնւել է Նոր Ջուղայում 1888 թ. մայիս 22-ին: Ուսանել է Կալկաթայի Մարդասիրական եւ Էջմիածնի Գէորգեան ճեմարաններում: Վերադառնալով Իրան, մի քանի տարի պաշտօնավարել է Նոր Ջուղայի եւ Թեհրանի դպրոցներում: Նրա ջանքերի շնորհիւ է, որ հիմնւում է Նոր Ջուղայի թանգարանը: Ունի բանասիրական օգտաշատ յօդւածներ հայ մամուլի տարբեր օրգաններում: Նոր Ջուղայի վերջին շրջանի աչքառու մտաւորականներից էր եւ բազմահմուտ գործիչ: Իր մահկանացուն կնքնց 1961 թ. մայիս 28-ին, Նոր Ջուղայում (Րաֆֆի օրացոյց, 1962 թ.):
3. Արբակ Մխիթարեանը ծնւել է 1911 թւականին Եգիպտոսում։ 14 տարեկան հասակում ընտանեօք փոխադրւել է Բելգիա, որտեղ եւ ստացել է իր բարձրագոյն կրթութիւնը հնագիտութեան, արեւելագիտութեան եւ եգիպտագիտութեան բնագաւառուներում: Վարել է Բրիւսելի արքայական թանգարանի Իսլամական շրջանի հնութիւների բաժինը, միաժամանակ դասախօսել Բրիւսելի համալսարանի արաբերէն լեզւի ամբեոնում եւ հայերէն լեզւի դասընթացներում։ Անհատական նախասիրութեամբ ուսումնասիրել է մանրանկարչութեան արւեստը: Բազմաթիւ աշխատութիւների հեղինակ է եղել:


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ