Վերջերս Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանի աշխատանոցում ուսուցողական երկօրեայ դասընթացներ կազմակերպւեց դաշնակարուհի, կոմպոզիտոր եւ Թեհրանի «Հոնար» համալսարանի Դասական երաժշտութեան կատարողական ամբիոնի վարիչ Ռեբեկա Աշուղեանի ուսուցմամբ։
Առիթը պատեհ համարելով «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը հարցազրոյց է ունեցել թեհրանահայ կոմպոզիտորի հետ, որն ստորեւ ներկայացնում ենք.
Հարց.- Ո՞վ է Ռեբեկա Աշուղեանը։
Ծնւել եմ 1980 թւականին Թեհրանում։ Ինչպէս ազգանունիցս կարելի է կռահել հայրական կողմից նախնիներս աշուղներ են եղել։ Մասնագիտութիւնս դասական կատարողական արւեստն է եւ մասնագիտական գործիքս դաշնամուրը։ Դպրոցական կրթութիւնս աւարտելուն պէս բարձրագոյն կրթութիւն ստանալու համար յաճախել եմ համալսարան։ Լիսանսի մակարդակում սովորել եմ Թեհրանի Արւեստի եւ ճարտարապետութեան համալսարանի երաժշտութեան բաժնում, գեր-լիսանսս ստացել եմ Թեհրանի Պետական համալսարանի Երաժշտական ֆակուլտետի կատարողական բաժնում, որից յետոյ Ամերիկայի Ցինցինատիի կոնսերւատորիայից կրթաթոշակ ստանալով տեղափոխւեցի այնտեղ, սակայն անձնական պատճառներով վերադարձայ ԱՄՆ-ից եւ ուսումս շարունակեցի Երեւանի Կոնսերւատորիայում։ Այժմ Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի երաժշտագիտութեան PHD-ի թեկնածու եմ եւ մօտ ապագայում պիտի պաշտպանեմ ատենախօսութիւնս, որն աշխատասիրութիւն է Իրանի երաժշտութեան վերջին 100-ամեայ շրջանում դաշնամուրային արւեստի ստեղծագործութիւնների ու զարգացումների շուրջ։ Երկար տարիներ է, ինչ զանազան բեմերից հանդէս եմ գալիս՝ որպէս դաշնակահար, կոմպոզիտոր եւ մասնագէտ-դասախօս։ 10-ամեայ աշխատանքային անցեալ ունեմ Թեհրանի եւ «Հոնար» Պետական համալսարաններում որպէս դասախօս, որից վերջին եօթ տարիները եղել եմ համալսարանի գիտ-խորհրդի անդամ։ Ներկայիս դասական գործիքների կատարողական բաժնի ամբիոնի վարիչ եմ։ Իմ ստեղծագործութիւնների մասին հրատարակւել են մի շարք գրքեր, իսկ մասնագիտական յօդւածները լոյս են տեսել վերոնշեալ համալսարանների գիտական պարբերականներում։ Ամուսնացած եմ եւ ունեմ մէկ դուստր, ով նոյնպէս դաշնակահար է։
Հարց.- Առաջին անգամն է, որ այցելում էք Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարան։ Ինչպէ՞ս էք գնահատում նորաստեղծ այս վայրը։
Թանգարանի մասին տեղեկացել եմ կայք էջերից. առաջին անգամն է, որ այցելում եմ Երաժշտական թանգարան։ Արժեքաւոր աշխատանք է կատարւել այստեղ։ Թանգարանը մեծ պոտենցեալ ունի առաւել ճանաչւելու եւ հարստանալու համար։ Իրանահայ համայնքը հարուստ աւանդ է ունեցել երկրի արւեստի զարգացման գործում եւ այս թանգարանը մեծ դեր է ունենալու այդ ամէնը հանրութեանը ներկայացնելու իմաստով։
Հարց.- Ըստ ձեզ եւս ի՞նչ իրագործումների պոտենցեալ ունի այս թանգարանը։
Այս վայրն արդէն արւեստով զբաղւող անհատին լաւապէս գրաւում է, իր լիարժէք ճաշակով, դասաւորութեամբ եւ մասնագիտական տւեալներով. այստեղ յարմար վայր է՝ երաժշտութեան ասպարէզում մասնագէտ անհատների աշխատանքների իրականացման համար՝ թէ կատարողական ձեռնարկներ եւ թէ դասախօսական ելոյթներ կազմակերպելով։ Թանգարանը բաւականին գրաւիչ է նաեւ հանրութեան միւս շերտերի համար, սակայն ամենասկզբում պէտք է լայն ծնօթութիւն տալ ժողովրդին այս վայրի մասին, որպէսզի կարողանան կապ հաստատել թանգարանի հետ. այս վայրը պէտք է դառնայ այս քաղաքի զբօսաշրջիկութեան կարեւոր վայրերից։ Թանգարանում ձայնադարանի գոյութիւնը նոյնպէս մեծ թւով մարդկանց է գրաւելու եւ բնականաբար որքանով այս ձայնադարանը համալրւի թէ նոր եւ թէ հին ստեղծագործութիւններով՝ առաւել չափով կը նպաստի այցելուներ յատկապէս մասնագէտներ գրաւելուն։
Հարց.- Ինչպէ՞ս էք գնահատում Երաժշտական թանգարանում կազմակերպւած ձեր ուսուցողական աշխատանոցը։
Սպահանի երաժիշներին վաղուց գիտեմ. այստեղ շատ լաւ մասնագէտներ կան հանձինս այս աշխատանոցի կազմակերպիչ` դաշնակահար եւ դաշնամուրի դասատու Փեդրամ Ղաֆուրեանի, ով իմ առաջին ուսանողններից է եղել։ Հիմնականում այս աշխատանոցին մասնակցել էին երաժշտութեան ճիւղի ուսանողներ եւ արւեստի դպրոցի աշակերտներ ու շրջանաւարտներ, ովքեր հեռակայ կերպով մասնագիտական դասընթացներ են ունեցել ինձ հետ։ Մասնակցել էին նաեւ համալսարանական մուտքի քննութիւններում արւեստի կոնկուրսին մասնակցելու մտադրութիւն ունեցող անհատներ։ Բաւականին հետաքրքիր հարցեր հնչեցին մասնակիցների կողմից, նրանք որ արդէն նւագում են նրանց առաջարկւեցին մի շարք լուծումներ, իսկ միւսներին խորհուրդներ տրւեցին իրենց յուզող հարցերի շուրջ. ընդհանրապէս ես գոհ եմ տեղի ունեցածից։
Հարց.- Ինչպէ՞ս էք տեսնում դասական երաժշտութեան ապագան իրանահայութեան մէջ։ Համալսարանում հայ ուսանողներ ունէ՞ք։
Դասական երաժշտութեան ճիւղում հայ ուսանող չկայ։ Դասախօսների իմաստով էլ նոյն բացը նկատւում է. դասախօսների նախկին սերնդից, որոնց շարքում էին՝ Բերբերեանը, Բաբայեանը եւ Մնացականեանը, մինչեւ իմ սերունդը, մեծ բաց է արձանագրւել։ Դժբախտաբար մասնաւոր դասընթացներին մասնակցողների թիւն էլ է նւազել, եւ այդ երեւոյթի պատճառը կարելի է տեսնել զանազան խնդիրներում, ինչպիսին են՝ համայնքի քանակի նւազումը, տնտեսական դժւարութիւնները, մշակութային աշխատանքներում բացթողումները եւ այլն. սակայն փաստն այն է, որ հետաքրքրութիւնը դասական երաժշտութեան նկատմամբ պակսել է։ Նշեմ նաեւ, որ համաճարակի տարածումը նոյնպէս խոչընդոտ հանդիսացաւ բոլոր մշակութային աշխատանքներին, քանի որ գեղարւեստական ձեռնարկները ոչ միայն ծանօթացնում էին բնագաւառը այլ նաեւ ոգեւորում ցանկացողներին՝ այդ ասպարէզում մուտք գործելու համար։ Հիմա յոյս ունենք բնականոն կեանքին վերադարձը՝ կը նպաստի նաեւ արւեստի տարածմանն ու զարգացմանը։
Պէտք է փոխւի այս դրւածքը, իսկ հակառակ դէպքում իրանահայութեան ապագան դասական երաժշտութեան ուղղութեամբ վտանգւած է լինելու։ Մեր համայնքների դպրոցներն ու մշակութային կառոյցները լայն աշխատանքներ պէտք է ձեռնարկեն այս կացութիւնը փոխելու ուղղութեամբ։ Օրինակի համար Թեհրանի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» կազմակերպութեան մշակութային խորհուրդը, որին անդամակցում եմ նաեւ ես, ինչ որ ուսուցողական աշխատանքներ է ձեռնարկել՝ բարձր լսողութեամբ օժտւած եւ մեղեդիների ըմբռնման ու դերասանական տաղանդի իմաստող բարձր ունակութիւններ ունեցող անհատներին ճանաչելու եւ այդ ընդունակութիւնները զարգացնելու համար։
Հարց.- Որո՞նք են ձեր ապագայ անելիքները՝ մասնագիտական բնագաւառում։
Հիմնականում աշխատելու եմ մասնագիտական յօդւածներիս տպագրութեան ուղղութեամբ, որպէսզի կարողանամ պաշտպանել PHD-ի աւարտաճառը. կոմպոզիտորական իմաստով եւս մի քանի իրագործումներ ունեմ, որոնք պէտք է աւարտին հասցնեմ։
Թղթակից (Նոր Ջուղա)