ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԿՐԹԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ԳՈՐԾԻՉ՝ ՏԿՆ. ԺԵՐՄԷՆ ԲԱԲԱՅԵԱՆԻ ՀԵՏ

ԵՍ ԿԱՐՕՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՆՑԵԱԼԸ…

Ծնւել եմ Թաւրիզում: Ուսումս ստացել եմ տեղի «Թամարեան» երկսեռ տարրական դպրոցում, որն այժմ կոչւում է «Թումանեան»: Չարաճճի, բայց միեւնոյն ժամանակ շատ ընդունակ աշակերտ էի:

Դպրոցս աւարտելուց յետոյ ամուսնացել եւ տեղափոխւել եմ Իսֆահան: Չորս զաւակների մայր եմ եղել: Նրանք յաճախել եմ Իսֆահան քաղաքի «Անուշիրւան» դպրոցը, որը միակ հայկական դպրոցն էր, քանի որ Ռեզաշահի օրոք՝ նրա հրամանով, փակւել էին հայկական թեմական դպրոցները: Անդամակցել եմ դպրոցի ծնողական խորհրդներին, նոյնիսկ զաւակներիս ուսումն աւարտելուց յետոյ, շարունակել եմ իմ աշխատանքը այդ կազմերում 17 տարի զբաղեցնելով այդ կազ մերինախագահի պաշտօնը:

Միշտ սիրել եմ ուսուցչութիւնն ու երեխաներին եւ երազել եմ ուսուցիչ դառնալ, այդ իսկ պատճառով աւարտելով «Դանեշսարա»-ն, «Քանանեան» դպրոցում աշխատանքի եմ ընդունւել որպէս ուսուցիչ: Քանի տարի ուսուցչութեամբ զբաղւելուց յետոյ, տարիներ վարել եմ վերակացուի, այնուհետեւ տեսչի պաշտօնը:

Դպրոցում պաշտօնավարելու տարիներին աշակերտների հետ ուսուցիչ-աշակերտ էինք խաղում: Շատ աշխուժութեամբ էինք աշխատում, անենայն զգուշութեամբ եւ հպարտութեամբ էինք պահպանում մեր հայկական դպրոցները: 

Գերազանցօրէն տիրապետել եմ պարսկերէն եւ հայերէն  լեզուներին, այնպէս որ պաշտօնավարութեանս տարիներին, պետական այցելութիւնների ընթացքին, ինձ է վստահւել պաշտօնական ելոյթ ներկայացնելը, իսկ յաճախ ասմունքել եմ բեմական ծրագրերի ընթացքում: 

Երկար տարիներ եղել եմ Հայ Կանանց Գթութեան միութեան անդամ:  Զբաղեցրել եմ սոյն միութեան նախագահի պաշտօնը: Բազմիցս համագործակցել եմ Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան հետ եւ աշխատել զանազան յանձնախմբերում:

Իմ անձնական փորձից ելնելով բոլոր հայ կանանց եւ աղջիկներին խորհուրդ եմ տալիս աշխատելու ցանկութիւն ունենալու դէպքում աշխատել հայկական դպրոցներում եւ միութիւններում: 

Յաճախ ամուսինս եւ երեխաներս դժգոհում էին իմ բացակայութիւններից, սակայն այդ բոլորով հանդերձ ես շարունակել եմ իմ աշխատանքը հայկական միջավայրում:

Երբէք չեմ զղջացել այս ասպարէզ մուտք գործելուց: Ես իմ աշակերտների համար եղել եմ սրտցաւ ու հոգատար, բայց միեւնոյն ժամանակ շատ խիստ եւ լուրջ, նրանք ինձանից վախենում էին, բայց միեւնոյն ժամանակ յարգում: Ես նրանց հետ միասին աշակերտ եմ եղել:

Իմ ապրած իւրաքանչիւր օր լի է եղել քաղցր յուշերով: Յիշում եմ, երբ ամէն առաւօտ աշակերտներն ուշանում էին շարքից եւ միւս դռնով էին մուտք գործում դպրոց, որպէզսի նրանց չբռնացնեմ, ճաշւայ դադարի պահերին արագ տուն էի գնում, ճաշում եւ անմիջապէս վերադառնում՝ աշակերտների հետ ուսուցիչ-աշակերտ խաղալու եւ … 

Այնքան քաղցր ու հաճելի պահեր եմ ապրել, որ ամէն օր մեծ կարօտով եմ յիշում անցեալս: Իւրաքանչիւր առաւօտ երբ թոռնորդիներս դպրոց գնալիս ինձ հրաժեշտ են տալիս, ես դարձեալ ընկնում եմ անցեալի գիրկը: