Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հայրական տնօրինումով, 2016 թւականի սեպտեմբերին, Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ նշանակւեց Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ով 2017 թւականի մայիսին, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի որոշմամբ ընտրւեց որպէս թեմի հոգեւոր առաջնորդ: Յետագայում, 2018 թւականի ապրիլի 15-ին, Անթիլիասում, դարձեալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի տնօրինումով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան երեք այլ միաբան հայրերի հետ միասին, գերպ. Հայր Սուրբն արժանացաւ եպիսկոպոսական ձեռնադրութեան:
«Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցն առիթը պատեհ համարելով հարցազրոյց է ունեցել գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի հետ՝ Սպահանի հայոց թեմում շուրջ երկու տարի իր ծառայութեան կապակցութեամբ, որն ստորեւ ներկայացւում է:
Շուրջ երկու տարի է ինչ, սկզբում որպէս կաթողիկոսական փոխանորդ, ապա որպէս թեմակալ առաջնորդ պաշտօնավարում էք Սպահանի հայոց թեմում: Խնդրեմ բացատրէք, Ձեր ծառայողական դաշտում ի՞նչ հանգամանքներ փոխւեցին թեմի Պատգամաւորական ժողովի կողմից հոգեւոր առաջնորդ ընտրւելուց յետոյ:
Հոգեւոր առաջնորդ ընտրւելուց յետոյ, մօտեցումներն զգալիօրէն փոխւեցին եւ դա բնական էր, քանի որ կաթողիկոսական փոխանորդի պաշտօնում ժողովուրդը քեզ դիտում է որպէս ժամանակաւոր այցելու անձ: Ես ինձ աւելի հոգեհարազատ որդի զգացի այս թեմում. թէեւ այդ որդիական զգացումը միշտ էլ գոյութիւն ունէր, սակայն առաւել ջերմութիւն ու մտերմութիւն առաջացաւ իմ, ազգային իշխանութեան եւ թեմի ժողովրդի միջեւ:
Բացայայտումների իմաստով նոյնպէս փոփոխութիւններ եղան: Բնականաբար որպէս կաթողիկոսական փոխանորդ ժամանակաւորապէս ես գտնւում որեւէ թեմում եւ այդ փաստը քեզ թոյլ չի տալիս խորքային ուսումնասիրել աշխատանքների ծալքերը: Երբ հոգեւոր առաջնորդ ընտրւեցի, գիտենալով, որ նւազագոյնը չորս տարի ծառայելու եմ այստեղ, աւելի միջամուխ եղայ աշխատանքներին եւ առաւել խորացան փոխ-վստահութիւնները:
Առաջնորդութեան հանգամանքի շնորհիւ իմ եւ թեմի զաւակների միջեւ եղած սէրն ու վստահութիւնը երկկողմանի վերելք արձանագրեց:
Ինչպէ ՞ս էք գնահատում թեմիս երիտասարդութեան մօտ հոգեւոր կեանքը:
Դժբախտաբար թեմի երիտասարդները շատ էլ մօտ չեն եկեղեցականներին: Ես այլ թեմերում էլ եմ ծառայել եւ այս առումով այնտեղի երիտասարդութեանն աւելի ակտիւ եմ տեսել: Այստեղ հոգեւորականի հանդէպ սէրն ու յարգանքն աւելի մեծ է միւս թեմերի համեմատութեամբ, սակայն երեւի դա հենց այն հիմնական պատճառն է, որ երիտասարդը չի կարողանում պէտք եղած չափով մօտենալ հոգեւորականին. կարելի է ասել չափազանց յարգանքը նոյնպէս հեռաւորութեան պատճառ է հանդիսացել:
Ամիսներ առաջ՝ Մեծ պահեցողութեան ժամանակաշրջանում, Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ քահանայական վերապատրաստման համագումար տեղի ունեցաւ, ուր փաստացի տւեալների հիման վրայ կազմւած զեկոյցների եւ հնչած հարցերի շնորհիւ կարողացայ առաւել չափով գնահատել այս կացութիւնը: Թեմի երիտասարդութեան հաւատը զօրաւոր է, սակայն մի բան է հաւատի զօրութիւնը եւ այլ բան՝ կրօնի մասին գիտելիքներ ունենալը: Մեր երիտասարդութեան եկեղեցական գիտելիքները բաւարար չափով չեն. հիմնականում նրանց մօտ այս գիտելիքների աղբիւրը կրօնի դասագրքերն են, որոնք դժբախտաբար դպրոցական տարիներին լոկ դասի նման սովորում եւ մեծ մասը մոռացութեան են տալիս:
Եկեղեցական արարողութիւններին մասնակցողների մեծամասնութիւնը տարեցներ են. մեր երիտասարդութիւնը հոգեւոր կեանքի ծարաւ ունի, որի փարատման համար պէտք է լայն աշխատանք կատարենք:
Որո՞նք են Ձեր կողմից կարեւոր իրագործումները անցնող երկու տարիների ընթացքում:
Անշուշտ կարեւոր իրագործումները միայն հոգեւոր առաջնորդի նախաձեռնութիւնները չեն կարող լինել, քանի որ ազգային իշխանութիւնը որպէս մէկ ամբողջականութիւն է աշխատում՝ սկսած թեմակալ առաջնորդից, որը նախագահում է այն, մինչեւ իւրաքանչիւր ժողովական:
Անցնող երկու տարիների ընթացքում շատ աշխատանքներ են իրականացւել, որոնցից կարեւորագոյնները ցանկանում եմ նշել:
Աւարտւեցին Շահինշահրի եկեղեցու վերանորոգման եւ բարեզարդման աշխատանքները, եւ այսօր սոյն վայրը միայն ծառայում է որպէս Աստծոյ տուն եւ այլեւս անցեալի նման եկեղեցու սրահը չի օգտագործւում զանազան առիթների համար:
Շահագործման հասաւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղին:
Թեմի որոշ շրջանների եկեղեցիներում եւ հայկական գերեզմանատներում իրականացւել են բարեզարդման եւ վերադասաւորման աշխատանքներ:
Լուսահանգիստ սրբավայրում իրականացւել են նորոգութիւններ եւ շինարարական գործեր:
Շիրազի եկեղեցին եւ դրա յարակից տարածքը զբօսաշրջութեան կենտրոնի վերածելու ուղղութեամբ հանդիպումներ են իրականացւել պետական պատկան կազմակերպութիւնների հետ: Տւեալների համաձայն մեծաթիւ զբօսաշրջիկներ են այցելում Շիրազ եւ եթէ մենք կարողանանք Շիրազի եկեղեցին զբօսաշրջութեան կենտրոնի վերածել, լայն հնարաւորութիւն ենք ստեղծելու՝ շիրազահայ համայնքը, մեր թեմն ու ժողովուրդը աշխարհին եւ պարսիկ հայրենակիցներին առաւել չափով ճանաչեցնելու համար:
Թեմիս ժողովրդի բնակարանային խնդիրների լուծման ուղղութեամբ Նոր Ջուղայում կառուցւել է 26 բնակարաններից բաղկացած մի համալիր, որի շինարարական աշխատանքն առաջիկայ օրերին կաւարտւի:
Հարկ է նշել, որ ծրագրում ունենք նաեւ մի այլ բնակելի համալիրի կառուցումը, որի շինարարական աշխատանքների մեկնարկը կը տրւի մօտ ապագայում:
Նիւթական օժանդակութիւն է յատկացւել նորածինների ծնողներին եւ նորապսակ զոյգերին:
Ձեր կարծիքով որոնք են Սպահանի հայոց թեմում հրատապ անելիքները: Եթէ կան նմանատիպ պարագաներ, որո՞նք են ազգային իշխանութեան ծրագրերն այդ ուղղութեամբ, որոնք ի դէպ գլխաւորում էք Դուք:
Անշուշտ հրատապ հարցեր գոյութիւն ունեն, որոնք ազգային իշխանութեան զանազան մարմինների օրակարգի կարեւորագոյն կէտերից են: Առհասարակ թեմերի մակարդակում որոշ հարցերի լուծումը մի քիչ աւելի դժւար է, քանի որ թեմը պետութիւն չէ եւ այդ իմաստով հնարաւորութիւնները սահմանափակ են: Այսօր աշխարհի շատ պետութիւններ նոյնիսկ չեն կարողանում իրենց ժողովրդի բոլոր կարիքները հոգալ, սակայն մեր թեմի ազգային իշխանութիւնը փորձում է հնարաւորինս ժողովրդի կարիքներին ու պահանջներին գոհացում տալ:
Թեմի հրատապ հարցերը երեքն են: Առաջինը արտագաղթն է: Պատմութեան ընթացքում եղել են հսկայական համայնքներ, որոնք արտագաղթի հետեւանքով անգամ անհետացել են: Ի հարկէ վստահ եմ, որ այս համայնքը չի անհետանալու է եւ յոյսեր ունեմ նրա ապագայի հետ կապւած: Այս երեւոյթը մեր ժողովների օրակարգի մնայուն կէտերից է եւ մենք փորձում ենք ժողովրդի համար կենցաղային առաւել բարենպաստ պայմաններ ստեղծելով՝ կարելի եղածը կատարել այն կասեցնելու ուղղութեամբ:
Երկրորդ հրատապ խնդիրը ժողովրդի բնակարանային հարցն է, որը կարելի է ասել՝ արտագաղթի հիմնական պատճառներից է: Համոզւած եմ, որ այս առումով որքան դիւրութիւններ ստեղծենք ժողովրդի եւ յատկապէս երիտասարդների համար, այնքան յաջողելու ենք նրանց մտափոխել՝ արտագաղթելուց:
Իսկ երրորդ հարցը ամուսնութեան եւ որդեծնութեան քանակի նւազումն է, քանի որ եթէ պակասեն նորաստեղծ ընտանիքների քանակը եւ նոր սերունդ լոյս աշխարհ գալը, վտանգւելու է թեմի ապագան:
Դարձեալ պէտք է ասեմ, որ վերոնշեալ բոլոր խնդիրների լուծման համար մեր թեմի ազգային իշխանութեան կողմից իրականացւում են մի շարք աշխատանքներ եւ տայ Աստւած, որ յաջողենք:
Թեմի ժողովրդի վերաբերմունքը Ձեր նկատմամբ ինչպիսի՞ն է:
Թեմի ժողովուրդն իմ նկատմամբ միշտ մեծ սէր ու յարգանք է ցուցաբերել: Վստահ եմ այսպիսի վերաբերմունք ունեցել է նաեւ ինձանից առաջ այստեղ ծառայած առաջնորդների նկատմամբ: Հոգեւոր առաջնորդի նկատմամբ այս թեմի ժողովրդի սէրն ու պատկառանքը բացառիկ է եւ անշուշտ գալիս է նրանց զօրաւոր հաւատից:
Կը յուսամ, որ երբեք այս վերաբերմունքը չի փոխւելու եւ խանգարիչ երեւոյթներ չեն առաջանալու ժողովուրդ-հոգեւոր առաջնորդ եւ ժողովուրդ-ազգային իշխանութիւն յարաբերութիւնների մէջ:
Եթէ աւելացնելիք ունէք, խնդրեմ:
Ընդհանրապէս մի շարք մարդկանց երեւակայութեան մէջ տպաւորւած է, թէ այս երկրից դուրս իրենց դրախտ է սպասւում, սակայն դա ճիշտ երեւակայութիւն չէ:
Որպէս հոգեւոր առաջնորդ խնդրում եմ մեր ժողովրից՝ չթողնել այս գեղեցիկ եւ թանկարժէք գաղութը եւ աղօթում եմ բարձրեալն Աստծուն, որ բոլոր արտագաղթերը դարձնի դէպի հայրենիք կատարւող ներգաղթներ: Թող չստեղծւի մի վիճակ, որ ինչպէս ժողովուրդն է ասում «անձրեւից փախել ենք եւ կարկուտի ենք բռնւել»: