Ուսումնատենչ հայուհի, բժշկական կենսատեխնոլոգիայի ճիւղի դոկտորայի մակարդակում ուսանող Միգանուշ Սիմոնեանը, մեծ ճանաչում է գտել իրանական եւ արտասահմանեան բժշկական թերթերում՝ իր տասնեակ հեղինակային մասնագիտական յօդւածների շնորհիւ:
Նա ծնւել է 1989 թւականին Նոր Ջուղայում եւ իր տարրական ու միջնակարգ կրթութիւնն ստացել իր ծննդավայրում, սկզբում «Արմէն» տարրական, ապա «Քանանեան» միջնակարգ ազգային դպրոցներում: Բժշկական գիտութիւնների հանդէպ ունեցած սէրը նրան մղել է բարձրագոյն կրթութիւնն ստանալու հենց այդ բնագաւառում եւ Միգանուշը լիսանսի մակարդակով մասնագիտացել է Սպահանի Բժշկական համալսարանի լաբորատորական գիտութիւնների ճիւղում (علوم آزمایشگاهی), իսկ գերլիսանսինը՝ նոյն համալսարանի բժշկական կենսատեխնոլոգիայի ճիւղում (زیست فن آوری پزشکی): Յատկանշական է, որ յիշեալը լիսանսի եւ գերլիսանսի մակարդակում անցկացւած կոնկուրսներում հերթաբար զբաղեցրել է 134-րդ եւ 4-րդ տեղերը: Նա այժմ իր կրթութիւնը շարունակում է դարձեալ բժշկական կենսատեխնոլոգիայի ճիւղում, Թեհրանի Բժշկական համալսարանում, դոկտորայի մակարդակով:
Յաջողակ ուսանողի հետ առաւել ծանօթանալու նպատակով «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը վարել է հետեւեալ զրոյցը:
Սիրելի Միգանուշ, նախորդ տարի, դոկտորայի (Ph.D) մակարդակում անցկացւած կոնկուրսում փայլուն յաջողութիւն ես արձանագրել: Խնդրեմ մեր ընթերցողների համար բացատրես դրա մասին:
Իրանական 1395 թւականին մասնակցելով դոկտորայի մակարդակում կոնկուրսին, ինձ յաջողւեց նւաճել առաջին տեղը եւ արդիւնքում ընդունւել Թեհրանի Բժշկական համալսարանի բժշկական կենսատեխնոլոգիայի ճիւղում:
Գիտենք որ տասնեակ գիտական յօդւածների հեղինակ ես, որոնք լոյս են տեսել իրանական եւ արտասահմանեան բժշկական զանազան պարբերաթերթերում: Ե՞րբ գրի առեցիր քո առաջին գիտական աշխատութիւնը եւ ո՞ւմ խորհուրդով: Առհասարակ ի՞նչ թեմաների շուրջ են կազմւած քո յօդւածները:
Իրանական 1393 թւականին, երբ դեռ գերլիսանսի մակարդակում էի սովորում, գրեցի իմ առաջին գիտական աշխատութիւնը, որի իրականցաման գործում մեծ դեր ունեցաւ պրոֆ. Սալեհին՝ իր կառուցողական խորհուրդներով: Իմ գիտական յօդւածները հիմնականում արդիւնքն են աղիքի եւ ստամոքսի քաղցկեղի շրջագծում կատարած ուսումնասիրութիւնների: Այդ յօդւածներում անդրադարձ եմ ունեցել հետեւեալ թեմաներին՝ ցողունային բջիջների (سلولهای بنیادی) դերակատարութիւնը քաղցկեղի բուժման հարցում, քաղցկեղածին գեներում առաջացող պոլիմորֆիսմը՝ որպէս սոյն հիւանդութեան ախտորոշման կարեւոր գործօն, Սպահանի բնակչութեան մէջ քաղցկեղի առաջացման միկրոֆակտորները, քաղցկեղի ախտորոշման եւ կանխարգելման հաւանական հնարաւորութիւնները եւ այլն: Սրանք տպագրւել են մի շարք աշխարհահռչակ բժշկական պարբերաթերթերում, որոնցից են՝ «British journal of biomedical science»-ը, «Current medicinal chemistry»-ը, «Journal of Isfahan Medical school»-ը, «Journal of cancer research and therapeutics»-ը, «Journal of gastrointestinal and liver diseases»-ը եւ բազմաթիւ այլ թերթեր:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին յատկապէս գիտութիւնը մեծ առաջընթաց է ունեցել ծանր հիւանդութիւնների բուժման հարցում, արդեօք կարելի՞ է կանխարգելել այսքան տարածւած՝ մարսողական համակարգի քաղցկեղը. որո՞նք են այս մահացու հիւանդութիւնից հեռու մնալու հիմնական եւ կարեւորագոյն միջոցները:
Անշուշտ ոչ ոք չի կարող յստակ պատասխանել այս հարցին, քանի որ նման հիւանդութիւնները հիմնականում առաջանում են մի շարք գեների միջամտութեամբ, սակայն վերջին հետազօտութիւնների արդիւնքում փաստւել է, որ քաղցկեղ առաջացնող գեների առկայութեան դէպքում նոյնիսկ, ենթական իր առողջ կենսակերպով, այսինքը մրգերով ու բանջարեղէններով յագեցած սննդակարգով, սպորտով զբաղւելով եւ ծխախոտ չօգտագործելով, կարող է հեռու մնալ այս հիւանդութիւնից կամ յետաձգել դրա առաջացումը:
Մասնագիտութեան շրջագծում յաւելեալ ի՞նչ աշխատանքներ ես կատարել:
Որպէս զեկուցաբեր՝ ստամոքսի եւ աղիքների քաղցկեղի վաղ ախտորոշման գործօնների թեմայով երկու անգամ բանախօսել եմ Իրանում կայացած համաշխարհային գիտական համագումարներում. նշւած ելոյթներս արժանացել են այս ոլորտի մասնագէտների լայն գնահատանքին: Այժմ գրի եմ առնում լաբորատորական տեխնիկաների եւ պրոտոկոլների մասին ուսուցողական մի գիրք, պարագայաբար իմ մասնագիտութեամբ օգտակար եմ հանդիսանում ուսանողներին՝ կենսաինֆորմատիկ առարկայի շրջագծում կազմակերպւող աշխատանոցներում, իսկ մեկնելով երկրի զրկւած շրջաններ, դասաւանդում եմ տեղի աշակերտութեանը:
Շուտով աւարտելու ես համալսարանը, որոնք են լինելու քո ապագայ անելիքները:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին երկրի կառավարութեան կողմից հովանաւորւում են կենսատեխնոլոգիայի ասպարէզում աշխատող ընկերութիւնները, ինչու չէ նաեւ սոյն ճիւղի շրջանաւարտները, ցանկանում եմ ապագայում ղեկավարել գիտական հիմունքով արտադրական որեւէ ընկերութիւն (شرکتهای تولیدی دانش بنیان): Ցանկանում եմ նաեւ ընդգրկւել Իրանի Կենսատեխնոլոգիայի հետազօտական կենտրոնի գիտական խորհուրդի կազմում: Իսկ քանի որ իմ աւարտաճառի թեման բջջային թերապիայի (سلول درمانی) մասին է, Թեհրանում գտնւող «Սելուլ դարմանի» անւամբ միակ եւ նորաստեղծ հիւանդանոցում աշխատելը նոյնպէս ցանկալի տարբերակ է ինձ համար:
Բնականաբար այս մակարդակին հասել ես քո ջերմեռանդ աշխատանքի եւ ընտանիքիդ խրախուսանքների ու հովանաւորութիւնների շնորհիւ: Իսկ քանի որ նախքան համալսարան մուտք գործելը, սովորել ես հայոց դպրոցներում, որն է այդ վարժարանների դերը քո յաջողութիւնների իրականցման գործում:
Իմ յաջողութիւնների իրականացման գործում անշուշտ մեծ դեր են ունեցել ընտանիքս եւ դպրոցը՝ իրենց ճշգրիտ ուղղութիւններով, բարոյական հովանաւորութեամբ, խրախուսանքներով ու սրտցաւ վերաբերմունքով: Հայկական վարժարանում ոչ միայն ստացայ կրթութիւն եւ հայեցի դաստիարակութիւն, այլեւ սովորեցի հաւատալով ուժերիս՝ իմ տեղը զբաղեցնել այս հասարակութեան մէջ:
Շնորհակալ ենք սիրելի Միգանուշ այս զրոյցի համար եւ մաղթում ենք քեզ նորանոր յաջողութիւններ ու բեղուն գործունէութիւն: