Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Լաթաքիայից Քեսաբի ազգային իշխանութեան ներկայացուցիչ Կարօ Մանջիկեանը մեր հեռուստաընկերութեանը տեղեկացրեց, որ շուրջ 50 հայ երիտասարդ արդէն գործուղւել է Քեսաբ` տեղում ծանօթանալու իրավիճակին, ուսումնասիրելու աւերածութիւնների եւ վնասների չափերը։

Երէկ արդէն տեղեկացրել էինք, որ նախօրէին սիրիական բանակին յաջողւել է ազատագրել իսլամ գրոհայիններից։

Շատերն են ցանկանում օր առաջ վերադառնալ Քեսաբ, սակայն բանակն առայժմ արգելում է բնակչութեան մուտքը քաղաք, քանի որ իրականացնում են ականազերծման աշխատանքներ։ Համաձայն Կարօ Մանջիկեանի հաղորդած տեղեկութիւնների, Քեսաբում կան վնասւած, քանդւած եւ որոշ դէպքերում հրդեհւած տներ, հիմնականում մեծ վնասներ են կրել եկեղեցիները։ Գողացւել է գիւղատնտեսական ողջ տեխնիկան։

Քեսաբցիները սպասում են բանակի պաշտօնական յայտարարութեանը, գիւղաքաղաք վերադառնալու համար։ Այնտեղ պէտք է վերականգնւի էլեկտրականութիւնն ու հեռախոսակապը։

Քեսաբը մարտի 21-ից հակակառավարական զինեալների վերահսկողութեան տակ էր, որոնք քաղաքի վրայ յարձակւել էին թուրքական սահմանից: Քեսաբի հայ բնակչութեան մեծ մասը տարհանւել էր Սիրիայի ծովափնեայ Լաթաքիա քաղաք, ինչպէս նաեւ Լիբանան՝ Բէյրութ եւ Այնճար: