Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ երէկ՝ յունիսի 13-ին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում եւ ապա շրջափակում կազմակերպւել էր հաւաքական աղօթք, զօրակցութիւն եւ բողոքի համահաւաք՝ ի դատապարտութիւն Սիրիայում, մասնաւորապէս հալէպահայութեան նկատմամբ տեղի ունեցող անմարդկային վայրագութիւնների եւ Թուրքիայի դերակատարութեան՝ սոյն իրադարձութիւններում:

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց ս. պատարագ՝ նախագահութեամբ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, որի ընթացքում քարոզեց թեմակալ առաջնորդը:

Ապա Իրանի պետական հիմնով եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ մեկնարկեց բողոքի համահաւաքը:

Սկզբում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի խօսքը փոխանցեց փոխատենապետ Արա Շահնազարեանը՝ կարեւորելով Հայաստանի եւ ի սփիւռս աշխարհի հայութեան կողմից դրսեւորւող զօրակցութիւնը՝ սիրիահայութեան նկատմամբ:

Օրւայ առիթով ներկաներին խօսք ուղղեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Նա նշեց, որ այն, ինչ վերջին երեք տարիներում տեղի է ունենում Սիրիայում, անմարդկային քայլեր են՝ մի ժողովրդի ինքնիշխանութեան ու անկախութեան դէմ:

Պատգամաւորը նշեց, որ Սիրիայում ահաբեկչական ուժերը, որոնք ազգային ու ժողովրդական ակունք չունենալով՝ հովանաւորւում են այլ երկրների՝ ԱՄՆ-ի, Ս. Արաբիայի ու Թուրքիայի կողմից, նպատակ են հետապնդում ոչնչացնել Սիրիայի տարածքային ամբողջականութիւնը եւ անկախութիւնը:

Պատգամաւորը աւելացրեց, որ Սիրիայի նախագահական ընտրութիւններից յետոյ, երբ ժողովրդի ձայների մեծամասնութեամբ վերընտրւեց Բաշշար Ասադը, ահաբեկչական խմբաւորումները, որոնցից հիմնականը «ԴԱԷՇ»-ը, ժողովրդի ընտրութիւնից յուսախաբ լինելով իր թիրախը Սիրիայից թեքեց դէպի Իրաք: Նա ասաց, որ այսօր Սիրիայում ահաբեկիչների կողմից ֆաշիստական մօտեցումներ են ծաւալւում տարբեր կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ, իսկ հայկական գիւղերի ու քաղաքների դէմ միտումնաւոր յարձակումները վկան են պանթուրքիստական հակումների դրսեւորման եւ աւելացրեց, որ տարածաշրջանի խնդիրների նկատմամբ Թուրքիայի կողմից նման մօտեցումը նոր չէ:

Բողոքի համահաւաքում ներկաներին խօսք ասաց. Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրը նշեց, որ վերջին երեք տարիներում խանգարւեց Սիրիայի ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կեանքը եւ աւելացրեց. «Խաղաղ կեանքը խանգարւեց, որովհետեւ Սիրիան վերջին աւելի քան 50 տարիների ընթացքում կանգնած է եղել որպէս արաբական դատի եւ Պաղեստինի ժողովրդի իրաւունքների պաշտպան»:

Թեմակալ առաջնորդը դատապարտեց ԱՄՆ-ի, իր արբանեակների ու Թուրքիայի հովանաւորութեամբ ահաբեկչական խմբակների արարքները, որոնց զոհ են գնում խաղաղ բնակչութիւնը եւ սիրիահայութիւնը:

Այնուհետեւ իրաւաբան Թալին Բանդարին ընթերցեց օրւայ յայտարարագիրը, որը եւ յանձնւեց Իրանի զանգւածային լրատւամիջոցներին:

Բողոքի հաւաքին ներկայ էին նաեւ՝ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, քահանայից դասը, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ: