Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Ակունք» կայքի վրայ Մելինէ Անումեանը գրում է, որ Տերսիմում, Վաքըֆ հայաբնակ գիւղի նման, բացառապէս հայերով բնակեցւած մի գիւղ է հիմնւելու:

Տերսիմի հայերի հաւատի եւ ընկերային փոխօգնութեան միութեան նախագահ Իսմայիլ Ջեմ Հալաւուրթն այս մասին տեղեկութիւններ է հաղորդել Պոլսի Գում Գափու թաղամասի Ս. Յարութիւն եկեղեցու սրահում տեղի ունեցած տերսիմահայերի մի հաւաքի ընթացքում։ Շուրջ 250 հոգու մասնակցութեամբ կայացած երեկոյթին մասնակցել են նաեւ Սահակ եպիսկոպոս Մաշալեանը, Սասունի հայերի միութեան նախագահ Արամ Տեմիրը, Գում Գափուի հայ ղեկավարներից Արուշ Թաշը, ինչպէս նաեւ՝ բազմաթիւ տերսիմահայեր:

Իսմայիլ Ջեմ Հալաւուրթը յայտնել է, որ միութիւնը ծրագրում է վերանորոգել եւ վերաբացել 1938-ի Տերսիմի ջարդերի ընթացքում ռմբակոծւած Հալւորի Ս. Կարապետ հայկական վանքը:

Հալաւուրթի ելոյթին ամենից ուշագրաւ նիւթը հայկական գիւղի մասին ծրագիրն էր:

Տերսիմահայերի միութեան նախագահա ասել է. «Երկարաժամկէտ ծրագրով պատրաստւում ենք հայկական մի գիւղ հիմնել Տերսիմում, որ ստեղծւելիք տնտեսական համաձեռնարկութիւնների միջոցով կարողանալու է ապահովել ինքն իրեն: Այդ գիւղը Անատոլուի մէջ (Արեւմտեան Հայաստան) խորհրդանշական է դառնալու եւ լինելու է զուտ հայաբնակ երկրորդ հայկական գիւղը՝ Վաքըֆլըից յետոյ»:

Միութիւնը յառաջիկայ տարիներին նաեւ 4-5 օրերի ուխտագնացութիւններ է կատարելու դէպի Տերսիմ, ամրապնդելու համար հայրենի հողից հեռացած տերսիմցիների կապը իրենց ծննդավայրի հետ:

Նշելով, որ Տերսիմը հայկական օջախ է եղել՝ Հալաւուրթը շեշտել է. «1915-ին եւ դրանից յետոյ տեղի ունեցած դէպքերի հետեւանքով սպանւածների հոգիներն սկսել են խաղաղութիւն գտնել: Մեր միութիւնը, իբրեւ Անատոլիայում ապրած հայ ժողովրդի մէկ փոքրիկ մասնիկ, շարունակելու է տէր կանգնել իր հողին, անցեալին եւ ինքնութեանը»:

Երեկոյթին մասնակցել է նաեւ համշէնահայերի «Վովա» խումբը, որ հանդէս է եկել համշէնական երգերով: