Գերեվարւած Մարալ Նաջարեանը մարտի 10-ին ազատ արձակւելուց եւ Բէյրութ վերադառնալուց յետոյ հարցազրոյց է տւել լիբանանեան «Արարատ» օրաթերթին եւ մանրամասներ պատմել իր գերի ընկնելու մասին: Գրում է Yerkir.am–ը:
«Սեպտեմբերի 16-ին ենք ցանկացել գնալ Արցախում հաստատւել: Երբ պատերազմը սկսեց, ես եւ քոյրս վերադարձանք Երեւան: Իսկ Վիգէնը` նշանածս, կամաւորագրւեց Մարտունու շրջանում: Նոյեմբերի 10-ին, երբ լսեցի, որ Շուշին գրաւել են, նշանածիս հետ որոշեցի գնալ Շուշի եւ մեր իրերը բերել», - պատմել է նա:
Մարալի խօսքով` նախ գնացել են Բերձոր, յետոյ Շուշի, սակայն Շուշիի մուտքի մօտ հասնելուն պէս տեսել են, որ փակ է ճանապարհը, նրանց մօտեցել են ադրբեջանցի զինւորականներ.
«Սկզբում մեր հեռախօսները վերցրին մեր ձեռքից, յետոյ դրամապանակները եւ միւս իրերը: Այնուհետեւ մեզ իրենց մեքենաներով տարան այլ ուղղութեամբ», - պատմեց Մարալը:
Մարալ Նաջարեանը պատմում է, որ իրենց տեղափոխել են Բաքու եւ բանտում պահել, որտեղ էլ նրանց հարցաքննել են:
«Մինչեւ փետրւարի 12-ը ոչ ոքի հետ տեսակցութիւն չի եղել, ինձ առանձին սենեակում էին պահում: Փետրւարի 12-ին Կարմիր Խաչից երկու կանայք եկան ինձ մօտ եւ հարցազրոյց ունեցան ինձ հետ: Ինձ ասացին, որ մօտ ժամանակներս պէտք է ազատւեմ: Ուրախութեանս չափ չկար, նրանք ինձ յոյս տւեցին», - պատմեց նա:
Մարտի 10-ի առաւօտեան Մարալին օդանաւակայան են ուղեկցել Կարմիր Խաչի ներկայացուցիչները, ինչից յետոյ էլ նա վերադարձել է Բէյրութ:
Հարցազրոյցի վերջում Մարալ Նաջարեանը շնորհակալութիւն է յայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտէին, Լիբանանի Արտաքին գործերի նախարարութեանը, կուսակցութիւններին եւ Հայաստանին` ստացած աջակցութեան համար: