Աղբիւր՝ www.alikonline.ir
Սիրիայի բոլոր քաղաքացիների պէս, սիրիահայութիւնը եւս անմասն չի մնացել այդ երկրում աւելի քան երեք տարի շարունակւող քաղաքացիական պատերազմի արհաւիրքներից:
2014 թւականի մարտ ամսից ի վեր, Սիրիայի հիւսիարեւմտեան շրջաններում ահաբեկչական-ծայրայեղական խմբաւորումների գործողութիւններն ապացուցում են.
ա) Այդ շրջաններում դրանք ստացել են որոշակիօրէն հակահայկական ուղղւածութիւն: Այդ մասին են վկայում հայահոծ Քեսաբի հայաթափումն ու վերջին օրերին Հալէպի Նոր Գիւղ հայաբնակ թաղամասի անմարդկային ռմբակոծութիւնները:
բ) Իրադարձութիւնների զարգացման ընթացքն արդէն թոյլ է տալիս ենթադրելու, որ դրանք ուղղորդւում են Թուրքիայի իշխանութիւնների կողմից, նպատակ ունենալով կազմաքանդել սիրիահայ հզօր համայնքը՝ յատկապէս Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում:
գ) Վերջին օրերին Հալէպում, ահաբեկիչ զինեալների կողմից սանձազերծւած վայրարգութիւնները, եկան մէկ անգամ եւս ապացուցելու, որ այդ խմբաւորումների գործողութիւնները վաղուց ի վեր դուրս են եկել գաղափարական պայքարի, իշխանափոխութեան ենթադրեալ նպատակի տրամաբանութեան սահմաններից՝վերածւելով անմարդկային բարբարոսութեան դրսեւորումների, որոնք իրենց էութեամբ համապատասխանում են մարդկութեան դէմ յանցագործութիւնների համար սահմանւած չափանիշերին:
Հաշւի առնելով վերը նշւած հանգամանքները՝
1) Միջազգային բոլոր ատեաններին կոչ ենք անում անյապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու համար Հալէպի հայաբնակ թաղամասերի վրայ անմարդկային յարձակումները՝ կանխելու համար արդէն վերահաս դարձած մարդկային ողբերգութիւնը:
2) Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիից պահանջում ենք, որ Թուրքիա կատարելիք պաշտօնական այցի ընթացքում ներդնի իր բոլոր հնարաւորութիւնները՝ համոզելու Թուրքիայի իշխանութիւններին, որպէսզի ստիպեն իրենց հովանաւորեալ ահաբեկչական խմբաւորումներին՝ դադարեցնելու հալէպահայութեան դէմ իրականացւող վայրագութիւնները:
3) Բոլոր գերտէրութիւններից, յատկապէս արեւմտեան պետութիւններից պահանջում ենք դադարեցնել սիրիական ճգնաժամում երկակի չափորոշիչների ձախաւեր քաղաքականութեան կիրառումը: Վերջ տալ սիրիական ընդդիմութեան ֆինանսաւորմանը, յատկապէս որ այդ միջոցները հիմնականում ի չարս են օգտագործւում ահաբեկչական խմբաւորումների կողմից: Կանխել Թուրքիայի, ինչպէս նաեւ տարածաշրջանի այն երկրների գործողութիւնները, որոնք բացառապէս նպաստում են Սիրիայի բոլոր քաղաքացիների՝ մուսուլմանների ու քրիստոնեանների, արաբների, հայերի, քրդերի ու ասորիների կեանքն ու գոյութիւնը հետեւողականօրէն ոչնչացնող ահաբեկչական-ծայրայեղական խմբաւորումների սանձազերծած վայրագութիւնների սաստկացմանը:
Հակառակ դէպքում, նրանք են, որ քաղաքակիրթ մարդկութեան առջեւ կրելու են այս բոլոր բարբարոսութիւնների բարոյական անմիջական պատասխանատւութիւնը: