Աղբիւր՝ www.yerkir.am
Հ.Յ.Դ.-ի Ամերիկայի Հայ դատի գրասենեակից «Արմէնպրես»-ին յայտնել են, թէ ամերիկաբնակ հայերն իրենց անհանգստութիւնն են յայտնում` կապւած վերջին շրջանում Սիրիայի Հալէբ քաղաքի հայաբնակ շրջաններում սաստկացած յարձակումների հետ, որի հետեւանքով տեղական իշխանութիւնները տարածքը յայտարարել են աղէտի գօտի:
Այս կապակցութեամբ Հայ դատի Ա.Մ.Ն.-ի յանձնախումբը բոլորին կոչ է արել դիմել Ա.Մ.Ն.-ի նախագահ Բարաք Օբամային հետեւեալ պահանջներով` դադարեցնել Հալէբում անմեղ քրիստոնեաների եւ բոլոր քաղաքացիական անձանց ռմբակոծումը, ճնշում գործադրել Թուրքիայի վրայ, որպէսզի վերջինս թոյլ տայ Եփրատ գետի ջրի ազատ հոսքը Սիրիա: Միաժամանակ Հայ դատի յանձնախմբի անդամները Սպիտակ տան ղեկավարութեանը կոչ են անում պատասխանել իրենց մտահոգութիւններին` կապւած պատմական հայաբնակ Քեսաբ բնակավայրից հայերին բռնի կերպով տեղահանելու գործում Թուրքիայի մասնակցութեան հետ:
Հալէբի հայկական Նոր Գիւղ թաղամասը յայտարարւել է աղէտի գօտի:
Հալէբի լրատւական գրասենեակը կոչ է ուղղել համայն հայութեանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգութեան կասեցման, յանուն աղէտահար ժողովրդի ֆիզիկական անվտանգութեան ապահովման: