Աղբիւր՝ www.asbarez.com
«ԹայմԹիւրք» կայքը, հիմնւելով «Սթար» թերթի լրատւութեան վրայ՝ ուշագրաւ տեղեկութիւններ է փոխանցում Արարատ լեռան ստորոտի գիւղերի բնակիչներին՝ «իսլամացւած հայեր»-ի մասին, որոնք յոյսով են լցւել վարչապետ Էրդողանի ցաւակցական ուղերձից յետոյ եւ որոնց ամենամեծ փափագն է ի վերջոյ գտնել հարիւր տարի առաջ իրենց կորցրած ազգականների հետքերը։
«Սթար» թերթի թղթակիցն այցելել է Արարատ լեռան փէշերի գիւղերը եւ հանդիպումներ ունեցել բնակիչների հետ։ Բուն անունով Մարիամ Աստւածածին, իսկ այժմ անւանափոխեալ մի գիւղի բնակիչները ըսած են, որ «1915ի դէպքեր»ու օրերուն իրենց մեծ հայրերն ու մեծ մայրերը ստիպողաբար լքել էին իրենց ծննդավայրը եւ բռնի կերպով քշւել այլ երկրներ. նրանք փափագ են յայտնել, որ սահմանադուռը բացւի, որպէսզի հանգիստ կերպով կարողանան իրար այցելել:
Գիւղի բնակիչներից Զեքի Շ.-ի խօսքերով՝ առաջին անգամ լինելով է, որ Թուրքիայի մի վարչապետ բաժնեկցել է իրենց ցաւը՝ մեծ ու կարեւոր մի քայլ առնելով։ «Իսկապէս շատ ուրախ ենք։ Ճիշտ չենք նկատում սփիւռքահայութեան մօտեցումը։ Մեր նախնիներն այստեղից բռնի կերպով աքսորւել են։ Անցեալից մե՛նք ենք մնացել այս հողերի վրայ։ Տարիներ շարունակ հաշտ ու խաղաղ ապրեցինք այս գիւղի մէջ ու այս գիւղի թագը եղանք»,- պատմել է Զեքի Շ.-ն, որի թոռներն ու երախաները յոյս ունեն Հայաստանում ապրող իրենց ազգականներին գտնել։ «Այս հողերը մեր տունն են, մի եղբայր անկարելի է եղբօրից բաժանել»,- շեշտել է Զեքի Շ.-ն։
Նա «1915-ի դէպքեր»-ին անդրադառնալով՝ պատմել է, որ իր մեծ հօր ընտանիքի ինը եղբայրներից եօթը տեղահանւել են, իսկ երկուսը մնացել են Թուրքիայում։ «Երկար տարիներ յետոյ մեր ընտանիքից երկու այր եւ մի կին եկել ու փնտռել են մեզ, բայց չեն կարողացել գտնել։ Վարչապետի ուղերձը բաժանում էր մեր ցաւը ու հիմա մաղթում ենք, որ գործընթացը շարունակւի, մենք էլ մեր ազգականներին գտնենք»,- աւելացրել է նա։
Ընտանիքի միւս անդամը՝ Մեհմեդ Էմին Շ.-ն, շեշտել է, որ 1915-ի աղէտից առաջ հայերն ու իսլամները եղբայրաբար ապրում էին գիւղում, որտեղ մի եկեղեցի էլ կար։ Ընտանիքի մի այլ անդամ՝ Սալիհ Շ.-ն, յոյս է յայտնել, որ իրենց բաժան-բաժան եղած ընտանիքն ի վերջոյ կը միաւորւի։
Թերթը լրատւութեան վերջաւորութեանը նշել է Արարատի փէշերի գիւղերի անունները՝ նշելով, որ Դողու Բէյազիտում աւելի քան երկու հազար հայկական գիւղեր կային։ Նրանց կարգին էին՝ Արզափ, Մօսուն, Մարիամ Աստւածածին, Սարըբըյըք, Երանոս, Չամըրլու, Ղազի, Խդըր, Մանկասար, Մեզիրէ, Աշխէն, Երիցու, Եոնջալու եւ Ծիրօ, Սաղլըքսույու, Տալպահչէ, Սուլուչեմ եւ Եանոբա։