Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Ապրիլի 20-ին Փարիզի ժամանակով ժամը 5-ին Հ.Յ.Դ. Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութիւնը բողոքի ցոյց էր կազմակերպել Փարիզի կենտրոնական Շանզելիզէ փողոցում՝ Թուրքիայի դեսպանատան կից մշակութային ծառայութեան գրասենեակի դիմաց: Ֆրանսահայ երիտասարդները դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացւած հայերի ցեղասպանութիւնը եւ հատուցման պահանջ ուղղել Թուրքիայի կառավարութեանը, ինչպէս նաեւ Թուրքիային դատապարտել են թուրքական իշխանութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտման քաղաքականութեան ու Քեսաբի վրայ յարձակմանն օժանդակելու համար: Ինչպէս տեղեկացրել է «aparaj.am»-ը, Շանզելիզէում գտնւող Թուրքիայի դեսպանատան կից մշակութային ծառայութեան գրասենեակի դիմաց երիտասարդները արիւն խորհրդանշող կարմիր ներկ են թափել, այնուհետեւ մօտ 15 երիտասարդներ թուրքական մշակութային գրասենեակի դիմաց նստացոյց են արել՝ իրենց հետ կրելով պաստառներ, որոնց վրայ ֆրանսերէնով գրւած է եղել «Արդարութիւն հայ ժողովրդին», «Թուրքիա, դուրս մեր հողերից»:

Բողոքի ցոյցի մեկնարկից մօտ մէկ ժամ անց ժամանել է ֆրանսիական ոստիկանութիւնը: Նրանք պահանջել են դադարեցնել բողոքի ցոյցը: Ապա 7 երիտասարդների ձերբակալել են եւ տարել: Աւելի ուշ 6 երիտասարդների բաց են թողել, իսկ Հ.Յ.Դ. «Նոր սերունդ» Երիտասարդական միութեան նախագահ Լորիս Թուֆանեանը մինչ այժմ ոստիկանական բաժանմունքում է: