Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

 

Յաճախ խօսւում է այն մասին, որ բոլոր հայերը պէտք է Հայաստան գան, որովհետեւ վաղ թէ ուշ Սփիւռքը վերանալու է, օրինակ են տալիս Հնդկաստանի համայնքը, կամ ասում են սիրիահայերն ինչո՞ւ Հայաստան չեն գալիս, եկողներն ինչո՞ւ չեն մնում եւ այլ երկրներ են գնում…

Հայաստանը ողջ հայութեան հայրենիքն է, որտեղ էլ ապրեն նրանք, իսկ վերոյիշեալ չմտածւած կոչերին համաձայն չենք. հայրենադարձ լինելով աւելի վստահ կարող ենք ասել, որ այսօր Հայաստանը պատրաստ չէ նոյնիսկ իր ներկայ բնակչութիւնը պահպանելու եւ վերջ դնելու արտագաղթին, ուր մնաց ողջ հայութեան ընդունումը։

Հայաստան պէտք է գան այն հայերը, որոնք հնարաւորութիւն ունեն այստեղ աշխատելու եւ ի վիճակի են նոր կեանք սկսելու, որեւէ բան փոխելու, իսկ եկողները բաձարցակապէս իրաւունք չունեն այպանելու չեկողներին ու արտագաղթողներին, կամ ասելու՝ հերիք է հացիւ ապրէք: Ի վերջոյ ի՞նչ է տարբերութիւնը, եթէ սովից մահացած ես կամ պատերազմի զոհ դարձած: Ըստ մեզ երկրորդն առաւել արժանապատիւ մահ է քան առաջինը։

Միւս կողմից Սփիւռքի գոյութիւնը միշտ անհրաժեշտ է նոյն Հայաստանի համար։ Սփիւռքի շնորհիւ է, որ հայութեան այդ հատւածի մէջ ձեւաւորւում են պետական մտածողութիւն (մի բան, որ Հայաստանում շատ քիչ է), պահպանւում են հայկական աւանդոյթները, որոնք հայրենադարձների շնորհիւ բերւում են Հայաստան, պահպանւում է արեւմտահայերէնը, որի համար Հայաստանի իշխանութիւնը գրեթէ գործնական որեւէ քայլ չի ձեռնարկում՝ ի տարբերութիւն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան…

Այո, կան համայնքներ, որոնք առաջ աւելի ծաղկուն էին,  ինչպէս օրինակ Հնդկաստանի այսօր համեմատաբար խեղճացած համայնքը, բայց ի վերջոյ իբրեւ ազգ եկել ենք մի հետք ձգելու այս աշխարհի վրայ եւ մեր ապրած իւրաքանչիւր համայնքում պատմութիւն կերտելն ու հետք ձգելն էլ ձեռքբերում է. եթէ ասենք՝ տեսէք համայնքները ձուլւում են, հաւաքւենք Հայաստան գնանք, կարելի է ասել՝ ժողովուրդներ էլ կան, որ առաջ հայրենիք ունէին, իսկ հիմա չունեն՝ այս պարագային ի՞նչ պէտք է անենք։

Սփիւռքը Հայրենիքի համար միշտ ուժ է եղել եւ կը մնայ.  հեռուներ երթալու պէտք չունենք.

Նախապէս մեր հրապարակած «Հայրենադարձներ» շարքով ապացուցեցինք եւ շարունակելու ենք ապացուցել, որ Հայաստանի արւեստի եւ այլ ասպարէզների յայտնի գործիչների գերակշիռ մասն եղել են հայրենադարձներ եւ նրանք իրենց մեծ ներդրումն ունեցել են Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման գործի մէջ։ Եթէ հայրենադարձ սփիւռքահայերի անցեալը չլինէր, նրանք այդքան նպաստ չէին կարող տալ ներկայ Հայաստանին։

Հայոց ցեղասպանութեան, իսկ վերջերս Քեսաբի հարցին միջազգային հնչեղութիւն տւողը Սփիւռքն է,  Հայաստանի ու հայութեան անունը աշխարհին ճանաչելի դարձնողը սփիւռքահայն է՝ իր առջեւ բացւած լայն հնարաւորութիւններով. մարմնամարզութեան ոլորտից սկսեալ մինչեւ երգարւեստ ու նկարչութիւն եւ այլ…

Եկէք չայպանենք իրար եւ ով որտեղ կարող է նպաստել իր Հայրենիքին, թող այնտեղ ապրի, սակայն բոլորիս հայեացքները միտքն ու հոգին թող մնայ Հայրենիքի հետ՝ ապրենք հայօրէն, գործենք հայկական ոգով, հզօրացնենք մեր համայնքները՝ սնուցանելով Հայրենիքի հայկական  շնչով: