Աղբիւր՝ www.operativ.am

 

Հայաստանի ԱԺ պատգամաւոր Արման Սահակեանը, ով վերջերս այցելել է Սիրիա եւ ծանօթացել տեղի հայութեան խնդիրներին, ֆէյսբուքեան էջում տեղադրել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչների դիմումը աշխարհի հայերին.

«Այսօր՝ 2014 թւականի մարտի 21-ին, Մայրերի օրը, մեր գեղեցիկ քաղաքը Թուրքիայի կառավարութեան կողմից նիւթատեխնիկական աջակցութիւն ստացող «Ալ-Քաիդայի» եւ «Ճակատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբաւորման կողմից յարձակման է ենթարկւել: Մենք սարսափահար արթնացել ենք լուսաբացից շատ առաջ հրթիռների ձայնից, որոնք ընկնում էին մեր քաղաքի վրայ: Հազարաւոր ծայրահեղականներ հատել են մեր քաղաքի սահմանները: Թուրքական կողմը որդեգրել է գեղեցիկ Քեսաբի ոչնչացման քաղաքականութիւն Օսմանեան կայսրութիւնում Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախօրէին:

Քեսաբի հերոսներն սկսել են պաշտպանել քաղաքը որսորդական հրացաններով նախքան այն, երբ օգնութիւն են ստացել Սիրիայի կառավարութեան կողմից: Եթէ Քեսաբի բնակիչներին այդ հերոսները տեղեակ չպահէին տներից հեռանալու մասին, ապա աշխարհն ականատես կը դառնար հերթական ցեղասպանութեան, իսկ լրատւամիջոցները կը տարածէին եւս մեկ ապատեղեկատւութիւն:

Դարերի ընթացքում Քեսաբը հազարաւոր հայերի տունն էր:

Առաջին անգամ Քեսաբը հոգեվարքի մէջ էր 1909 թւականին, ողբերգական իրադարձութիւնների ժամանակ, երբ թուրքերը յարձակւեցին քաղաքի վրայ, որի հետեւանքով Քեսաբն աւերւեց, տները հրդեհւեցին եւ 161 հայեր դաժանօրէն սպանւեցին:

1915 թւականին, երբ իրագործւեց Հայոց ցեղասպանութիւնը, թուրքական զօրքերը մտան Քեսաբ եւ սկսեցին աքսորել հայերին, սպանւեց աւելի քան 5000 հայ: Թուրքիայի իրագործած հայերի ցեղասպանութիւնը 1.5 միլիոն հայերի կեանք խլեց: Սակայն այդ թիւը մի քանի անգամ կարող է աւելանալ, թէ միջազգային հանրութիւնը համապատասխան քայլեր չձեռնարկի Սիրիայի հայերին պաշտպանելու համար:

Սիրիայում արաբները պաշտպանում են մեզ, նրանք օգնել են մեզ ոտքի կանգնել եւ շարունակել գոյութիւնը՝ յաղթահարելով սարսափելի յիշողութիւնները մահի ու կոտորածի մասին, մենք առյաւէտ պէտք է շնորհակալ լինենք նրանց:

Մինչ այս պահը մենք ապրում էինք այլադաւանների հետ խաղաղութեան ու ներդաշնակութեան պայմաններում, որպէս մեծ հայկական ընտանիք, որպէս մէկ տուն, որը կոչւում է Սիրիա: Այսօր մենք նոյնպես օգնութեան կարիք ունենք, քանի որ թուրքական կառավարութիւնը, ցաւօք, համարձակւել է յարձակում գործել հայերի վրայ՝ անտեսելով Այ Դաթը:

Այդ կերպ Թուրքիայն դարձեալ հրաժարւում է ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը եւ հնարաւոր ամէն ինչ անում է, որպէսզի այսօր էլ աւելի շատ հայեր մահանան: Մենք թուրք ժողովրդի դէմ ոչինչ չունենք: Մենք ապրել ենք նրանց կողքին, որպէս հարեւաններ եւ ինչ-որ փոփոխութիւն չենք ցանկանում: Թուրքական կառավարութիւնն աջակցելով Քեսաբի բնակիչների սպանութեանը, աջակցում է ահաբեկիչներին, որոնց դէմ ուղղւած է մեր կոչը: Մենք պարզապէս ցանկանում ենք վերադարձնել մեր քաղաքը կամ այն, ինչ մնացել է նրանից, YouTube-ում շատ հոլովակներ վկայում են այն մասին, որ ծայրահեղականները հրդեհում ու ոչնչացնում են մեր գեղեցիկ քաղաքը:

Սիրիան շատ լաւ գիտի, որ այնտեղ, ուր յայտնւում են այդ ծայրահեղականները, ոչինչ եւ ոչ ոք կենդանի չի մնում: Մեզանից խլել են մեր սեփական տները, դարերի մեր ժառանգութիւնն անխնայ ոչնչացւել է: Այս կոչն ուղղում ենք բոլոր հայերին: Այս կոչն ուղղում ենք համայն մարդկութեանը: Էրդողանն ու իր կառավարութիւնը ռազմական յանցագործներ են: Մենք ձեր օգնութեան կարիքն ունենք: Մենք կարիք ունենք, որպէսզի դուք համապատասխան միջոցներ ձեռնարկէք: Մեր կեանքը կախւած է ձեզանից, ձեր որոշումներից: Մենք այլեւս ոչինչ չունենք, բացի հագուստը, որն այժմ կրում ենք: Եթէ մենք հաւաքէինք առաջին անհրաժեշտութեան իրերը, ապա հաւանական է այլեւս ողջ չլինէինք: Շատերը չեն հասցրել անձնագիրն ու այլ փաստաթղթեր վերցնել:

Մենք խնդրում ենք ձեզ՝ դիմել ձեր երկրների կառավարութիւններին, Մ.Ա.Կ.-ին կամ այլ կառոյցներին տւեալ գործին միջամտելու համար:

Մենք միայն ապրել ենք ցանկանում: Եթէ դուք անտեսէք այս խնդրանքը, մենք ծայրահեղականների կողմից կոչնչացւենք, նոյն այն կերպ, ինչպես որ եղել է Հալէբում, Եակուբիայում, Ղենեմիում եւ Սիրիայի ողջ տարածքում:

Նրանք, որոնց դուք անւանում էք ապստամբներ, իրականում արմատականներ են: Այդպիսի խմբավրումների կազմում կան տարբեր ազգութեան ներկայացուցիչներ՝ աֆղաններ, չեչեններ, Սաուդեան Արաբիայից եկածներ եւ այլն: Քեսաբի բնակիչները եւ ողջ Սիրիան ականատես է եղել, թէ ինչպէս են նրանք յարձակւել խաղաղ բնակիչների վրայ ու սպանել նրանց:

Լրատւամիջոցները չեն կարող մշտապէս թաքցնել ճշմարտութիւնը: Դուք միշտ չէք կարող ղեկավարել մարդկային կեանքերը: Այսպէս կոչւած ապստամբները յարձակւում են խաղաղ բնակիչների վրայ: Մենք ձեզ խնդրում ենք ուշքի գալ: Դու չէ՞ք կարծում, որ արդէն բաւական անմեղ արիւն է թափւել: Չէ՞ք կարծում, որ բաւական յարձակումներ են գործւել: Սա յեղափոխութիւն չէ, այլ՝ պատերազմ: Սիրիական բանակը հիմա պայքարում է Քեսաբում, որպէսզի ապահովի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ:

P.S. Այս նամակը գրել են Քեսաբի բնակիչները, որոնք ապաստան են գտել Լաթաքիայի հայկական եկեղեցում»: