Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Հինգշաբթի՝ 27 մարտ 2014-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին հեռաձայնեց Միացեալ ազգերի կազմակերպութեան ընդհանուր` քարտուղար Բան Քի Մունի քաղաքական հարցերի պատասխանատու Ջէֆրի Ֆելթմանը:

Նա Վեհափառին յայտնեց, որ Մ.Ա.Կ.-ը մտահոգ է Քեսաբում ստեղծւած ապահովական կացութեամբ, աւելացնելով, որ ինքն այս ուղղութեամբ հանդիպումներ է ունեցել Սիրիայի տագնապի գծով, Մ.Ա.Կ.-ի եւ արաբական Լիգայի յատուկ պատւիրակ Լախդար Իբրահիմիի հետ ինչպէս նաեւ տեսակցել է Մ.Ա.Կ.-ում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանների հետ:

Վեհափառ Հայրապետը Ֆելթմանին պարզելուց յետոյ Քեսաբում տիրող կացութիւնը, այդ գծով շեշտեց թրքական գործօնի կարեւորութիւնը: Նորին Սրբութիւնն առաջարկեց, որ  Մ.Ա.Կ.-ի կողմից քննւեն Քեսաբի շրջանն ապազինելու կարելիութիւնները: Ֆելթմանը շինիչ գտաւ Վեհափառ Հայրապետի առաջարկը եւ խոստացաւ այս ուղղութեամբ Լախդար Իբրահիմիի հետ անհրաժեշտ խորհրդակցութիւններն ունենալ: