Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org
- ՍԻՐԻՈՅ ԴԵՍՊԱՆԸ ՈՒՇ ԳԻՇԵՐԻՆ ԱՅՑԵԼԵՑ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԵՊԵՏԻՆ
- ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՄԻ ՊԱՏՒԻՐԱԿՈՒԹԻՒՆ Է ՈՒՂՂՒԵԼ ԼԱԹԱՔԻԱ
- ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆ ԻՐ ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆՆ Է ՅԱՅՏՆԵԼ ՔԵՍԱՊԻ ՀԱՅՈՒԹԵԱՆԸ
Ուրբաթ առաւօտ զինեալ ուժերի թրքական սահմանից Քեսապ ներթափացման առաջին իսկ ժամերից սկսեալ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մօտկից հետեւեց ստեղծւած կացութեանը եւ յատկապէս Քեսապի մեր ժողովրդի դիմագրաւած դժւարութիւններին։ Այս ուղղութեամբ Վեհափառ Հայրապետը մնայուն կերպով կապեր հաստատեց Հալէպի, Լաթաքիայի, Դամասկոսի ու Լիբանանի մեր հոգեւոր, համայնքային ու քաղաքական պատասխանատուների հետ եւ խորհրդակցութիւններ ունեցաւ նրանց հետ։
Երբ շաբաթ յետմիջօրէին Թուրքիայից աւելի կազմակերպւած կերպով եւ մի քանի ճակատների վրայ ներթափանցումներ կատարւեցին՝ սաստիկ ռմբակոծումների թիրախ դարձնելով Քեսապը, Վեհափառ Հայրապետն անմիջապէս կապ հաստատեց Սիրիոյ նախագահական պալատի հետ եւ պահանջեց, որ անմիջապէս բանակային նոր ջոկատներ ուղարկւեն Քեսապ՝ պաշտպանելու համար շրջանի հայութիւնը։
Շաբաթ գիշեր, ուշ ժամին, Վեհափառ Հօրն այցելեց Լիբանանում Սիրիոյ դեսպանը։ Հանդիպմանը ներկայ եղան Երեսփոխանական բլոքի ներկայացուցիչ՝ Յակոբ Բագրատունին եւ Կենտրոնական կոմիտէի հերթապահ՝ Յակոբ Խաչերեանը։ Սիրիայի դեսպանը յայտնեց, որ Սիրիայի նախագահի կողմից իրեն պարտականութիւն է տրւել անմիջապէս այցելելու Վեհափառ Հայրապետին՝ իրեն վստահեցնելու, թէ Սիրիայի պետութիւնն ու բանակն իրենց կարելին կանեն՝ վերահաստատելու շրջանի խաղաղութիւնը։
Աւելի քան մէկ ժամ տեւող հանդիպման ընթացքում դեսպանը յայտնեց, որ յստակ տւեալների համաձայն Թուրքիան ո՛չ միայն քաջալերել է զինեալների մուտքը Քեսապ՝ այլ նաեւ նրանց տրամադրել է ծանր զէնքեր եւ դիւրացրել նրանց յառաջխաղացքը։ Նա յայտնեց, որ սիրիական բանակը թէեւ զոհեր է տւել, սակայն կարողացել է լայն չափով ետ մղել զինեալ ուժերի թափանցումները։ Շարունակելով իր խօսքը, դեսպանն ասաց, որ նախագահը եւ Սիրիայի պետութիւնը խոր յարգանաք ունեն հայ ժողովրդի նկատմամբ եւ սիրիահպատակ հայերին նկատում են սիրիական հայրենիքի հաւատարիմ քաղաքացիներ, հետեւաբար նրանց պաշտպանութիւնը պետութեան աւագ պարտաւորութիւնն է։ Միաժամանակ նա յիշեցրեց, որ Քեսապը ռազմավարական կարեւորութիւն ունի Սիրիայի բանակի համար։ Դեսպանը նաեւ յայտնեց, որ բանակը ժամանակաւորապէս հայութեանը փոխադրել է Լաթաքիա ապահովութեան համար: Նա նաեւ տեղեակ պահեց Վեհափառ Հայրապետին, որ Լաթաքիայի նահանգապետն այցելել է եկեղեցու եւ դպրոցի սրահներում հաստատւած Քեսապի հայութեանը եւ խոստացել ամէն տեսակ օգնութիւն ընծայել:
Վեհափառ Հայրապետը ողջունելով Սիրիայի նախագահի նախանձախնդրութիւնն ու յանձնառութիւնը՝ ասաց, թէ ինքը մտահոգութեամբ հետեւում է Սիրիայի անցուդարձերին, եւ ո՛չ միայն Սիրիայի հայերով, այլ ամբողջ Սիրիայի ժողովրդի ու Սիրիայի բոլոր շրջանների ապահովութեամբ մտահոգ է։ Խօսելով Քեսապի մասին, Վեհափառն ասաց, որ Քեսապը խորհրդանշական իմաստ ունի մեր ամբողջ ժողովրդի համար։ Վեհափառը յիշեցրեց, որ նոյն ցեղասպան Թուրքիան է, որ առիթն օգտագործում է հարւածելու հայ ժողովրդին։
Կիրակի առաւօտեան, Վեհափառ Հայրապետը միաբան հայրերից բաղկացած մի պատւիրակութիւն ուղարկեց Լաթաքիա։ Պատւիրակութեան նպատակն է մեր ժողովրդի զաւակներին փոխանցել Վեհափառ Հայրեպետի աղօթքներն ու զօրակցութիւնը, տեղեակ դառնալ ստեղծւած կացութեանը եւ յատկապէս ուսումնասիրել ժողովրդի կարիքները, որպէսզի Կաթողիկոսարանի կողմից անհրաժեշտ կարգադրութիւնները կատարւեն։
Կիրակի առաւօտեան, Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը մի պատգամ ուղղեց մեր ժողովրդին։ Նա ընդհանուր գծերով բացատրեց Քեսապում ստեղծւած կացութիւնը եւ յիշեցրեց, որ նոյն ցեղասպան թուրքը 100 տարի յետոյ դարձեալ գաղթական է դարձնում մեր ժողովրդի զաւակներին: Ապա Վեհափառը շեշտեց, որ աղօթքի եւ զօրակցութեան ճամբով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մնում է Քեսապի ու ամբողջ Սիրիայի հայութեան կողքին:
Կիրակի կէսօրին, Լիբանանում Սիրիայի դեսպանը երեսփոխան Յակոբ Բագրատունիի միջոցով Վեհափառ Հայրապետին յայտնեց, որ Սիրիայի հանրապետութեան նախագահը վերահաստատում է իր յանձնառութիւնը՝ Քեսապի շրջանում շուտով ապահովութիւնը վերահաստատելու, միաժամանակ յայտնելով, որ ինքը պատրաստ է որեւէ մէկ ժամանակ հանդիպում ունենալ Վեհափառ Հայրապետի հետ: