Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

1957 թւականին հիմնւած Ասիայի եկեղեցիների խորհուրդը կազմւել է Ասիայի երկրների եկեղեցիներից եւ քրիստոնէական կազմակերպութիւններից:

Ասիայի եկեղեցիների խորհրդի (ԱԵԽ) ընդհանուր վարչութիւնը ԱԵԽ-ի գործադիր վերին մարմինն է, անդամներն ընտրւել են ԱԵԽ-ի ընդհանուր համաժողովին եւ վարում են խորհրդի հիմնական աշխատանքները:

Իրանի Հայոց եկեղեցին, հովանաւորութեամբ Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, 2010-ին անդամակցեց ԱԵԽ-ին իբրեւ լիիրաւ անդամ, եւ ունի իր ներկայացուցիչները խորհրդի յանձնախմբերում: ԱԵԽ-ի, ընդհանուր վարչութիւնն իր հերթական ժողովը գումարեց Ջիանկ Մայի (Թայլանդ) քաղաքում 24-28 փետրւար 2014-ին: Ժողովին մասնակցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանը, եւ գործօն մասնակցութիւն բերեց ժողովական աշխատանքներին:

Առաջին օրւայ հոգեւոր խորհրդածութիւնը կատարեց Սեպուհ Սրբազանը: Նա նախ ողջունեց բոլոր ժողովականներին, յայտնեց որ այս օրերին Հայոց եկեղեցին ոգեկոչում է Սրբոց Ղեւոնդեանց եւ Վարդանանց զօրավարաց յիշատակը, որոնք նահատակւեցին յանուն քրիստոնէութեան եւ իրենց հայրենիքի: Ապա Սրբազան Հայրը մեկնաբանեց Քրիստոսի խօսքը. «Ես եմ աշխարհի լոյսը, նա որ իմ ետեւից է գալիս, խաւարի մէջ չի քայլելու, հապա կենաց լոյսն է ունենալու»: Իր խօսքի ընթացքում Սրբազանն անդրադարձաւ նաեւ Հայոց ցեղասպանութեանը, որին զոհ գնացին աւելի քան մէկ ու կէս միլիոն անմեղ հայորդիներ:

Երեք օրերի վրայ տարածւած աշխատանքի ընթացքում ժողովականները լսեցին խորհրդի ընդհանուր քարտուղար դկտ. Հենրիէթ Հոդաբարադ Լեբդկին եւ խորհրդի բաժանմունքների նիւթաբարոյական տեղեկագրերը, քննարկեցին խորհրդի կանոնագրութեան նոր բնագիրը: Որոշւեց, որ յառաջիկայ ընդհանուր համաժողովը տեղի ունենայ Ինդոնեզիայում, 2015-ին, նիւթ ունենալով «Աստծու ընտանիքը»:

Ժողովի երրորդ օրը, Սեպուհ Սրբազանն առաջարկեց, որ ԱԵԽ-ը 2015-ին յատուկ կերպով անդրադառնայ Հայոց ցեղասպանութեանը: Ժողովականները համակրանքով ընդունեցին առաջարկը եւ պարտականութիւն տւեցին ընդհանուր քարտուղարութեանը, որ յատուկ նամակով թելադրի խորհրդի անդամ եկեղեցիներին, որ 2015-ի ապրիլին ոգեկոչեն Հայոց ցեղասպանութեանը զոհ գնացած նահատակների յիշատակը, որպէս զօրակցութիւն հայ ժողովրդին:

Ժողովական աշխատանքների աւարտին Սեպուհ Սրբազանը Բանկքոքում հանդիպում ունեցաւ փոքրաթիւ հայ համայնքի անդամների եւ Հայաստանի պատւոյ հիւպատոս մեծարգոյ պրն. Արթօ Յարութիւնեանի հետ: Հանդիպումն առիթ եղաւ խօսելու երիտասարդութեան հետ՝ յիշեցնելով նրանց, որ մենք ազգովին պատրաստւում ենք նշելու Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակը, եւ հետեւաբար՝ մեզանից իւրաքանչիւրի պարտականութիւնն է իր շրջանակներում պատգամախօս հանդիսանալ համազգային այս մեծ իրադարձութեանը: