Աղբիւր՝ www.yerkir.am
Սիրիական կառավարական բանակը դեռեւս պաշտօնապէս չի յայտարարել Հալէպի ազատագրման մասին, սակայն բանակի նւաճումները հրաշալի են եւ լայնածաւալ. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց հալէպահայ գրող, վերլուծաբան Յարութ Օրդեքեանը:
Նրա խօսքով` Հալէպի մի քանի փոքր շրջաններ` մօտաւորապէս 8 կմ քառակուսի տարածք, դեռեւս ազատագրւած չէ, սակայն կառավարական բանակն այդ ուղղութեամբ աշխատանքները շարունակում է:
Մեր հարցին, թէ Հալէպ քաղաքին մօտ ո՞ր շրջաններն են, որ դեռեւս գտնւում են ահաբեկիչների տիրապետութեան տակ, Օրդեքեանը պատասխանեց. «Անսարի, Սըքարի, Ամիրիէ, Մաշհատ, Զըպտիէ եւ մի քանի այլ շրջաններ, սակայն ամէն րոպէ կարելի է ազատագրել եւս մէկ շրջան: Եթէ զինեալների նահանջի համար ճանապարհ բացելու նպատակով ռուս-ամերիկեան համաձայնութեամբ կարճատեւ հրադադար յայտարարւի, ամէն ինչ շատ արագ կընթանայ»:
Մեզ զրուցակիցը նաեւ նշեց, որ Հալէպում երէկւայ նւաճումներից յետոյ գերազանց է հալէպահայ գաղութի եւ տեղի ժողովրդի տրամադրութիւնը:
«Ժողովուրդը գերուրախ է եւ լիայոյս. վերջապէս 4 տարիների երազանքն իրականանում է: Ժողովուրդը քաջ գիտակցում է, այսպէս կոչւած, յեղափոխութեան իսկութիւնը եւ ցանկանում րոպէ առաջ վերջնականապէս դադարել ահաբեկիչների «թնդանօթի միս» դառնալը»,- նշեց Օրդեքեանը` յաւելելով, որ վտանգը հայկական թաղամասերում համարեա չէզոքացւել է, ծնողներն առաջին անգամ հանգիստ մտքով իրենց երեխաներին ուղարկում են վարժարան, ազատագրւած շրջաններում հայ արհեստաւորներն սկսել են վերանորոգման աշխատանքները, գաղութի ներսում տիրում է վերականգնումի հոգեբանութիւն:
«Պէտք է նշել, սակայն, որ հայ մայրերի սիրտը վերջնականապէս կը հանգստանայ, երբ վերջին ահաբեկիչը հեռանայ քաղաքից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է էլեկտրականութեան, ջրի եւ համացանցի հասանելիութեանը, Օրդեքեանը նշեց, որ ժողովուրդը էլեկտրականութիւն է ստանում թաղամասերում տեղադրւած գեներատորներից, ջրի մատակարարումը վերականգնւած է, իսկ համացանցը հասանելի է բոլորին: