Աղբիւր՝ www.asbarez.com
Չորեքշաբթի՝ փետրւարի 12-ի երեկոյեան, Հաւայիի նահանգային խորհրդարանի Վեթերանների, ռազմական ու միջազգային յարաբերութեան յանձնախումբի անդամները քննեցին Ադրբեջանի իշխանութիւնների ջանքերի հետեւանքով ներկայացւած երկու հակահայ բանաձեւեր (թիւ 9 եւ 13), որոնց մէջ փորձ էր կատարւել ամերիկացի երեսփոխաններին մեղսակից դարձնելու Արցախի հակամարտութեան եւ Խոջալուի իրադարձութիւնների մասին պատմութիւնը խեղաթիւրելու Ադրբեջանի ջանքերին:
Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը տեղեկացնում է, թէ բանաձեւները ներկայացւել էին նշեալ յանձնախմբի ատենապետ Մարք Թաքէիի կողմից եւ նահանգային մի թերթ բացայայտել էր, թէ նրանց իսկական հեղինակը Միացեալ Նահանգների մօտ Ադրբեջանի դեսպան Էլին Սուլէյմանովն է եղել, ինչ որ ամերիկեան օրէնքների յստակ խախտում է: Թերթը նաեւ բացայայտել էր, թէ Թաքէի եւ մի այլ երեսփոխան Ադրբեջանի իշխանութեան կողմից Բաքւում հիւրընկալւել էին անցեալ մայիսին:
Չորեքշաբթի օրւայ քննարկման ընթացքում, նահանգից երեք հայորդիներ՝ Արփինէ Ֆիլեան-Մարը, Արթուր Մարտիրոսեանը եւ Անի Մարտիրոսեանը, բանաձեւերի դէմ արտայայտւեցին:
Քննարկումից յետոյ, յանձնախումբը մերժել է երկու բանաձեւները:
Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր վարիչ Էլեն Ասատրեանը դրւատեց բանաձեւերը եւ Ադրբեջանի ճնշումները մերժելու Հաւայիի խորհրդարանականների սկզբունքային կեցւածքը՝ այն ազդեցիկ հակահարւած նկատելով Ադրբեջանի բռնատէր նախագահ Իլհամ Ալիեւի հակաժողովրդավարական քայլերին:
Ասատրեանը երկու նամակներ է ուղարկել Հաւայիի նահանգային խորհրդարանի Վեթերանների, ռազմական ու միջազգային յարաբերութեան յանձնախմբին՝ խստօրէն դէմ արտայայտւելով երկու բանաձեւերին:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարեանն եւս բաց նամակով դիմել էր Միացեալ Նահանգների բոլոր նահանգային խորհրդարանների անդամներին՝ կոչ անելով նրանց, որ դէմ դնեն «ժողովրդավարութիւնն առեւանգելու» նպատակով Ադրբեջանի իշխանութիւնների վերջերս սաստկացած ջանքերին: