Աղբիւր՝ www.alikonline.ir
Ֆրանսիայում իշխող Սոցիալիստական կուսակցութեան Փարիզի քաղաքապետի թեկնածու Անն Իդալգօն յայտարարել է, որ Թուրքիան Եւրոմիութեանը կը կարողանայ անդամակցել միայն Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելուց յետոյ:
Ինչպէս տեղեկացրել է թուրքական «haber3» կայքը՝ «Ջիհան» գործակալութեանը յղումով, թեկնածուի ասութեամբ՝ Թուրքիան Հայոց Ցեղասպանութեան մէջ իր դերակատարումը ճանաչելով՝ աւելի է մեծանալու: «Դա ինձ համար մի նախապայման է, առանց որի Թուրքիան ԵՄ-ին անդամակցել չի կարող»,- ասել է նա:
Քաղաքապետի թեկնածուն նաեւ յիշեցրել է, որ ինքը կողմ է Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծին, եւ նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է ընդունել մի օրինագիծ, որը, չի մերժւի Սահմանադրական խորհրդի կողմից»:
«Դրամատիկ եւ ողբերգական պատմութիւնը հերքելը թոյլ չի տայ նոր ինչ-որ բաներ կառուցել»,- ասել է Իդալգօն:
Նա նշել է, որ քաղաքապետի պաշտօնում ընտրւելու դէպքում՝ ամէն տարի ապրիլի 24-ին տեղի ունեցող յիշատակի արարողութիւնները, որոնց 2001 թւականից ի վեր մասնակցում է նաեւ ինքը, շարունակական կը լինեն: Իսկ 2015 թւականին՝ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ տեղի ունենալիք միջոցառումներին Փարիզի քաղաքապետարանը ֆինանսական օգնութիւն է տրամադրելու: