Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հալէպի, Դամասկոսի, Լաթաքիայի, Գամիշլիի, Հասիչէի, Քեսաբի բոլոր հայկական վարժարանները պատրաստւում են սեպտեմբերի 19-ին` նոր ուսումնական տարւայ մեկնարկին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրոյցում նշեց Հալէպի Գանձասար շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պողիկեանը:
«Պատերազմի տարիներին, չնայած կենցաղային, տնտեսական մի շարք դժւարութիւններին հայկական վարժարանները միշտ բաց են պահել իրենց դռները: Չնայած Հալէպում տիրող ծանրագոյն իրավիճակին` կրթական մարմինները ջանք են գործադրում, որպէսզի հայ աշակերտը որեւէ դժւարութեան պարագայում չզրկւի հայկական դպրոց յաճախելուց, հնարաւորութեան սահմաններում ամէն ինչ արւում է, որպէսզի աշակերտների անվտանգութիւնն ապահովւի: Արդէն 4 տարի է` Հալէպի առաւել վտանգաւոր գօտում յայտնւած դպրոցները տեղափոխւել են աւելի ապահով շրջաններ»,- ասաց Զարմիկ Պողիկեանը` տեղեկացնելով, որ աշակերտների թւաքանակի նւազման հետեւանքով որոշ վարժարաններ միացել են իրար:
Զարմիկ Պողիկեանը յատկանշական համարեց նաեւ այն, որ անցնող ամիսներին ընթացող քննարկումների արդիւնքում Բերիայի Հայոց թեմի ազգային վարչութիւնը որոշում ընդունեց Հալէպի Ազգային վարժարաններում 2016-2017 ուսումնական տարին սահմանել անվճար: