Աղբիւր՝ www.armenpress.am

 

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնեւում խորհրդակցութիւններ է անցկացրել Սիրիայի հայութեանն օժանդակելու հարցով: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մամուլի ծառայութիւնից, Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի գլխաւոր բանագնաց Ստեֆան Տի Միսթուրայի հետ:

Նոյն թեմայով Արամ Առաջինը Ժնեւում հանդիպումներ է ունեցել նաեւ միջեկեղեցական այն կազմակերպութիւնների պատասխանատուների հետ, որոնք Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի միջոցով աջակցութիւն են ցուցաբերում Սիրիայի քրիստոնէական համայնքներին. Վեհափառ Հայրապետը վերջին 8 տարիներին Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի նախագահներից մէկն է:

Նորին Սրբութիւնը հանդիպել է նաեւ «Արմէնոֆաս» մարդասիրական հիմնադրամի նախագահ Թենի Սիմոնեանի հետ, որի ընթացքում շեշտել է սիրիահայութեանն օժանդակութիւն տրամադրելու կարեւորութիւնը:

Նախքան Ժնեւ մեկնելը Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի նախագահ Տէր Պետրոս Թերզեանի հետ: Արամ Ա կաթողիկոսը իր գոհունակութիւնն է յայտնել, որ հիմնադրամն անցնող տարիներին աջակցութիւն է ցուցաբերել Սիրիայի հայկական դպրոցներին` միաժամանակ շեշտելով օժանդակութիւնը շարունակելու հրամայականը: