Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սիրիական պատերազմի հետեւանքով Լիբանանում է Սիրիայից դուրս եկած շուրջ 15 հազար հայ: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Մերձաւոր Արեւելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եակուբեանը:

«Լիբանանը Սիրիայի սահմանին ամենամօտն է, եւ հասկանալի է, որ Սիրիայից մեծ հոսք կայ դէպի Լիբանան: Սիրիայից դէպի Լիբանան սիրիահայերի հոսքի աւելացում է նկատւում յատկապէս վերջին 2-3 տարիների ընթացքում, երբ Հալեպում իրավիճակը վատացաւ»,- ասաց Վերա Եակուբեանը:

Հէնց առաջին օրւանից սիրիահայերի կողքին կանգնած է եղել Լիբանանի հայ համայնքը: Վերա Եակուբեանը վստահեցրեց, որ Լիբանանի հայ համայնքը սիրիահայերին օգնում է բոլոր հնարաւոր միջոցներով:

«Չպէտք է մոռանալ, որ Լիբանանում էլ տնտեսական դժւարութիւններ կան, սակայն, ամէն դէպքում, հայկական համայնքը կանգնած է սիրիահայերի կողքին: Տրամադրւող աջակցութիւնը թէ՛ նիւթական է, թէ՛ բարոյական»,- նկատեց Վերա Եակուբեանը:

Նրա տեղեկացմամբ Լիբանանում գտնւող սիրիահայերի հիմնական մասն այս կամ այն կերպ տեղաւորւած են: Համայնքն իր կապերով, հնարաւորութիւններով մատչելի պայմաններով վարձակալութեան համար բնակարաններ է գտնում: Բոլոր վարժարաններում երեխաները գրեթէ անվճար են սովորում, առողջապահական ծրագրերից են օգտւում:  Ամէն ինչ արւում է, որ նրանք իրենց զգան ապահով եւ հանգիստ:

«Այնպիսի տպաւորութիւն չլինի, թէ սիրիահայերը նստում ու սպասում են նիւթական օգնութեան: Շատ ընտանիքների համար, տրամադրւող աջակցութիւնից բացի, մենք ստեղծում ենք պայմաններ, որ կարողանան աշխատել եւ իրենց  նւազագոյն կարիքները հոգալ»,- յաւելեց Վերա Եակուբեանը:

Պատերազմը սկսւել է 2011 թւականի մարտի 15-ին ու դեռ շարունակւում է: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի 2015 թւականի զեկոյցի համաձայն`Սիրիայից աշխարհի տարբեր երկրներ տեղափոխւած փախստականների թիւը 4 մլն-ից աւելի է: