Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայում հայկական համայնքը պէտք է պահանջի իշխանութիւններից` պարզաբանելու եկեղեցիներով առկայ տարածքների պետականացման մասին որոշումը: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականի հայերէն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկեանը:

«Թուրքիայի իշխանութեան որոշումը վիճարկելի է: Գործնականում հաւանական չէ, որ պետութիւնը եկեղեցին վերցնի: Մենք հակուած ենք կարծելու, որ խօսքը զուտ տարածքների պետականացմանն է վերաբերում: Այդ տարածքներում գտնուող եկեղեցիներին չի վերաբերում: Այդուհանդերձ, հայկական համայնքը պէտք է պահանջի իշխանութիւններից պարզաբանելու այդ հարցը»,- ասաց Բագրատ Էստուկեանը:

Նրա խօսքով, այստեղ այլ տեսանկիւնից էլ վիճարկելի հարց կայ: Մասնաւորապէս, այն տարածքները, որոնք թուրքական իշխանութիւնը պետականացնում է, այդտեղ կան հատուածներ, որոնք ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան մաս են կազմում: Հետեւաբար, ըստ, Բագրատ Էստուկեանի, այստեղ մի շարք վիճելի հարցեր կան: Ամէն դէպքում, եթէ պարզուի, որ եկեղեցիները նոյնպէս պետականացւում են, ապա հայկական համայնքը վիճարկելու է այս հարցը:

«Վերջին 3 ամսուայ ընթացքում Դիրաբեքիրի այդ հատուածում ծանր քաղաքացիական պատերազմ է: Եկեղեցու ծխական խորհուրդը չի կարողացել տեսնել եւ չի պատկերացնում, թէ որքանով է Սուրբ Կիրակոս եկեղեցին վնասուած: Կաթոլիկ եկեղեցու մասին լուսանկարներով պատկերացում ունենք, բայց թէ Սուրբ Կիրակոս եկեղեցին որքանով է վնասուել, չգիտենք»,- ասաց Բագրատ Էստուկեանը` նկատելով, որ այս հարցերի հետ կապուած այլ փոքրամասնութիւնների հետ նոյնպէս աշխատանք կտարուի, իսկ Դիրաբեքիրի շրջանային քրդական իշխանութիւններն իրենց կողքին են:

Դիարբեքիրի Սուր գաւառում թուրքական ռազմական ուժերի կողմից իրականացուող գործողութիւններին զուգահեռ Թուրքիայի Նախարարների խորհուրդը Սուրի տարբեր թաղամասերում բազմաթիւ շէնքերի ու տարածքների անյապաղ օտարման մասին որոշում է կայացրել: Օտարման ենթարկուած կառոյցների թւում է նաեւ Միջին Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Խորհրդի նոյն որոշմամբ օտարման են ենթարկւում նաեւ Դիարբեքիրի ասորական, քաղդէական եւ բողոքական եկեղեցիները: