Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

«ՍՓԻՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-երի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի բազայի վրա 2014 թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց:

«Սփյուռք» դպրոցում գործելու են  դասընթացներ վեց ուղղություններով.

1. Հայոց լեզվի արագացված դասընթաց,

2. Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ,

3. Կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների, վերապատրաստում,

4. Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց,

5. Սփյուռքի լրագրողների դասընթաց:

6. Սփյուռքի հայ համայնքների աշխատակիցների համար կազմակերպվող դասընթաց:

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ

7 ՀՈՒԼԻՍԻ - 2 ՕԳՈՍՏՈՍԻ

Հայոց լեզվի ուսուցումն իրականացվելու է`

Լեզվական իմացության երեք մակարդակով (լեզվին չտիրապետողների, ցածր և միջին իմացությամբ) խմբերում` արևելահայերեն ու արևմտահայերեն:

Դասընթացներում կդասավանդեն hանրապետության և սփյուռքի հայտնի լեզվաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքում կզուգակցվեն տեսական-գործնական պարապմունքներ, սովորողները հնարավորություն կունենան տարբեր միջավայրերում  մայրենի լեզվով հաղորդակցվելու, լեզվի ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու: Երեքշաբաթյա դասընթացներին կարող են մասնակցել սփյուռքահայեր` առանց տարիքային սահմանափակման:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

14 ՀՈՒԼԻՍԻ – 2 ՕԳՈՍՏՈՍԻ

Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը կարող են մասնակցել Սփյուռքի ազգային վարժարանների, ամենօրյա և մեկօրյա դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Ծրագրի ընթացքում նախապատվություն է տրվելու գործնական պարապմունքներին, ուսումնական, արտադասարանական և դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ փորձի փոխանակմանը, հայաստանյան կրթօջախների մասնագետների և մանկավարժների հետ համատեղ ծրագրերի մշակմանը: Ծրագիրը կիրականացվի Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսների, հանրապետության փորձառու մանկավարժների մասնակցությամբ: Կքննարկվեն Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում, համայնքներում հայապահպանական ծրագրերի իրականացման գործում  սփյուռքի կրթօջախների դերակատարության բարձրացման հարցեր:

 

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

21 ՀՈՒԼԻՍԻ – 2 ՕԳՈՍՏՈՍԻ

Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացների նպատակը սփյուռքի երգչախմբերի խմբավարներին, երաժշտության ուսուցիչներին, պարուսույցներին ծանոթացնելն է հայկական երգերի ու պարերի յուրահատկությանը, գաղափարական ուղղվածությանը, պատմական նշանակությանը, մշակման եղանակներին, կառուցվածքային դասակարգմանը և ավանդաբար ժառանգված ժողովրդական պարանմուշներին, երգ-երաժշտությանը: Դասընթացները կվարեն հանրապետության ճանաչված երաժշտագետներ, պարուսույցներ:

 

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

21 ՀՈՒԼԻՍԻ – 2 ՕԳՈՍՏՈՍԻ

Երիտասարդ առաջնորդների դպրոցին կարող են մասնակցել սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների 20-30 տարեկան ղեկավարներ և հայկական կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ:

Դպրոցի նպատակն է`

-սփյուռքի հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապել հայրենիքին, ծանոթացնել նախարարության համակարգին, ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանության համակարգի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների հետ, մշակել հետագա համագործակցության ձևեր և միջոցներ:

-քննարկել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարներն ու ձևերը` հայապահպանության, հայ համայնքներում ազգային ինքնության պահպանման ու զարգացման, ձուլման դեմ պայքարի հարցերը:

-համատեղ քննարկումների, երկխոսության արդյունքում առաջարկել հայկական համայնքներում արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման, երիտասարդների ակտիվ ներգրավման ձևեր և միջոցներ, ստեղծել նրանց ակտիվացման, հայրենիքի հետ սերտ կապերի հաստատման համար ամուր հիմքեր:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

21 ՀՈՒԼԻՍԻ – 2 ՕԳՈՍՏՈՍԻ

Սփյուռքի լրագրողների դպրոցում կվերապատրաստվեն Սփյուռքի ինչպես հայկական ԶԼՄ-ում աշխատող, այնպես էլ համայնքների կողմից երաշխավորված լրագրողներ, ովքեր պատրաստվում են աշխատել տվյալ համայնքի ԶԼՄ-ում: Ծրագիրը կիրականացվի «Հայ-թուրքական հարաբերություններն արդի փուլում», «Հայ-ադրբեջանական հարաբերություններ» և «Ցեղասպանագիտություն» թեմատիկ խմբերում: Դասընթացներին սփյուռքի լրագրողները հնարավորություն կունենան տեսական և գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի  և Սփյուռքի ճանաչված և բազմափորձ լրագրողներից, պետական-հասարակական գործիչներից,  ծանոթանալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ներկա լինել համահայկական նշանակության խնդիրներին նվիրված դասախոսությունների:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

27 ՀՈՒԼԻՍԻ - 2 ՕԳՈՍՏՈՍԻ

Դասընթացի նպատակն է՝ աջակցել Սփյուռքի հայկական, համայնքային կառույցների կայացմանը, հայապահպանական ծրագրերի ակտիվացմանը, համայնքային գործի կազմակերպիչների պատրաստվածության բարձրացմանը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, համայնքների ինքնակառավարման գործընթացների, հայ ինքնության պահպանման, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին ակտիվ մասնակցության ապահովմանը:

Սփյուռքյան համայնքների աշխատակիցների համար կազմակերպվող դասընթացին կարող են մասնակցել համայնքային կազմակերպությունների ղեկավարները, խորհուրդների անդամները, համայնքներում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները, այդ թվում՝ ակտիվ համայնքային կյանքում ներգրավված երիտասարդները: Դասընթացները կնպաստեն  համայնքների աշխատակիցների դերի բարձրացմանը:

Դասընթացների մասնակիցների համար բացի տեսական ու գործնական պարապմունքներից, կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ:

Դասընթացներն անցկացվելու են հայերենով:

Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:

Խմբերի դասընթացների կազմակերպման, մասնակիցների համար մշակութային միջոցառումների, շրջայցերի, մասամբ` նաև սննդի ծախսերը հոգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Կարիք ունեցողները կապահովվեն գիշերակացով` ՀՀ սփյուռքի նախարարության հաշվին:

Ցանկացողներին խնդրում ենք մինչև 2014 թ. մայիսի 30-ը ներկայացնել համապատասխան հայտեր (հայտաձևերը կցված են) ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 26/1:

E-mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։,

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ զանգահարել +37410 58-56-01 (117):

«Սփյուռք» ամառային դպրոցի մասին տեղեկատվությունը, դասընթացների մասնակցության հայտերը զետեղված են նաև ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում` www.mindiaspora.am և «Հայերն այսօր»` www.hayernaysor.am էլեկտրոնային թերթում:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ