Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի հայկական գերեզմանատանը հողին կը յանձնեն չորս ժամ լողալուց յետոյ փրկուած հայուհու հօր մարմինը:
Նախորդ շաբաթ հալեպահայ Թեքեյեանների ընտանիքը, փորձելով լաստանաւով Թուրքիայից Յունաստան հասնել, անհետացել էր: Ընտանիքից փրկուել էր միայն 19-ամեայ Արինան, ով 4 ժամ լողալուց յետոյ հասել էր Թուրքիայի Իզմիր քաղաքը:
Ըստ «Արեւելք»-ի՝ վաղը Իզմիրի Հայ կաթողիկէ գերեզմանատանը հողին կը յանձնուի ընտանիքի հօր՝ Յովհաննէս Թեքեյեանի մարմինը: Յուղարկաւորման վերաբերեալ կարգադրութիւնները կատարել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը:
Կայքը զրուցել է Գերմանիայից Իզմիր ժամանած` Թեքեյեանների հարազատի հետ, ով յայտնել է, որ մինչ օրս ընտանիքի միւս անդամների ճակատագիրը մնում է անյայտ: