Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org
«ՄԻՋ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՓՆՏՌՏՈՒՔԻ ՄԷՋ Է»։
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
Երկուշաբթի, 27 յունւարի յետմիջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն անգլերէն լեզւով մի դասախօսութիւն ներկայացրեց Մերձաւոր Արեւելքի Աստւածաբանական համալսարանում միջ-եկեղեցական շարժման դիմագրաւած ներկայ մարտահրաւէրների մասին։
Դասախօսութիւնը բաղկանում էր երկու գլխաւոր բաժիններից։ Առաջին բաժինում Վեհափառն իր խօսքն սկսեց ակնարկելով միջ-եկեղեցական, այլ խօսքով՝ էքիւմենիք շարժումի նկատմամբ գոյութիւն ունեցող սխալ ըմբռնումներն ու մեկնաբանութիւնները։ Նա ասաց. «Միջ-եկեղեցական շարժումը սոսկ յարաբերութիւն չէ եկեղեցիների միջեւ, ժողովի մասնակցութիւն չէ, եկեղեցին՝ այլ եկեղեցիների մօտ ներկայացնել չէ։ Էքիւմենիզմը եկեղեցու էութեան մաս է կազմում։ Էքիւմենիք շարժումը՝ ա) Եկեղեցիներին յիշեցնում է թէ՝ նրանք իրար հետ սերտօրէն շաղկապւած են, հակառակ իրենց դաւանական, աստւածաբանական կամ ծիսական բաժանումների, որովհետեւ մաս են կազմում Քրիստոսի մէկ եւ նոյն մարմնի։ բ) Շեշտում է հաստատութենական եկեղեցիում պատմութեան ընթացքին յառաջացած վէրքերի դարմանման կարեւորութիւնը։ գ) Ամրապնդում է եկեղեցու ներքին միութեան ու առաքելութեան սերտ յարաբերութիւնը։ դ) Զօրացնում է անքակտելի կապը եկեղեցու տեղական ու տիեզերական ինքնարտայայտութեան»։
Խօսելով էքիւմենիք շարժման պարզած ներկայ կացութեան մասին, Վեհափառ Հայրապետը յիշեց, որ զանազան բնութագրումներով կարելի է այն ներկայացնել։ Համաձայն Վեհափառ Հայրապետի. «Բոլոր մօտեցումների մէջ էական է թէ՝ էքիւմենիք շարժումն իր չափանիշները, նպատակներն ու մօտեցումները փոխելու վճռական հանգրուանում է գտնւում. այլ խօսքով՝ այն նոր ինքնութեան փնտռտուքի մէջ է։ Այս փնտռտուքը յատկանշւում է՝ քրիստոսակենտրոն էքիւմենիզմից դէպի եկեղեցակենտրոն էքիւմենիզմ, տիեզերական էքիւմենիզմից դէպի տեղական էքիւմենիզմ, հաստատութենական էքիւմենիզմէն դէպի ժողովրդակեդրոն էքիւմենիզմ, բազմաբեւեռ էքիւմենիզմից դէպի երկաբեւեռ էքիւմենիզմ, եւ միջ-եկեղեցական էքիւմենիզմից դէպի եկեղեցական ընտանիքների էքիւմենիզմ մի ընթացքով, որ վերջին տասնամեակում արագ կշռոյթով է ընթանում»։
«Էքիւմենիք շարժման այս նոր ընթացքը բնականաբար նաեւ ենթադրում է օրակարգի եւ մեթոդի հիմնական փոփոխութիւն»,- յայտնեց Վեհափառը։ Այս շրջանակում, նա յիշեց, որ ա) Եկեղեցու միութիւնը, որ միշտ եղել է էքիւմենիք շարժման գլխաւոր նպատակը, սկսել է դառնալ լուսանցքային եւ եկեղեցի-ընկերութիւն յարաբերութիւններին առնչւած հարցերն սկսել են դառնալ տիրապետող։ բ) Աւետարանչութիւնը, որ էքիւմենիք շարժման կարեւոր նպատակներից մէկն էր, սկսել է տեղի տալ հոգեւոր շարժումների դիմաց։ գ) Եկեղեցակենտրոն շարժում լինելու կոչւած էքիւմենիք շարժումն սկսել է լայն տեղ տալ միջ-կրօնական երկխօսութեան ու խնդիրներին»։
Վեհափառը յիշեցրեց, որ նաեւ մեթոդի փոփոխութիւն է սկսել տեղի ունենալ էքիւմենիք շարժուման մէջ։ Այսպէս, էքիւմենիզմն սկսել է շեշտը դնել դաւանական ու աստւածաբանական համաձայնութեան եզրեր որոնելուց աւելի՝ փոխադարձ յարգանքի, եւ էքիւմենիք համակեցութիւնն ամրապնդելուց աւելի՝ սոսկ հանդիպումների վրայ։
Եզրակացնելով իր դասախօսութեան առաջին բաժինը, Արամ Ա Կաթողիկոսն ասաց. «Այսօր էքիւմենիք շարժումը մեզ ներկայանում է նոր դիմագծով, նոր չափանիշերով ու նպատակներով։ Բնականաբար, ներկայ կացութեան յառաջացման դրդապատճառները բազմաթիւ են՝ համաշխարհայնացումը, եկեղեցիների մտածողութեան մէջ տեղի ունեցած հիմնական փոփոխութիւնները, միջ-կրօնական գործակցութեան ստացած առաջնահերթ կարեւորութիւնը, միջազգային տնտեսական տագնապը, եւ այլն»։
Իր դասախօսութեան երկրորդ բաժնում Վեհափառ Հայրապետը հպանցիկ պատմական ակնարկով անդրադարձաւ Միջին Արեւելքի մէջ էքիւմենիք շարժման գլխաւոր հանգւաններին։ Նա յիշեց. «Միջին Արեւելքը ծննդավայրն է եղել քրիստոնէութեան, եկեղեցու բաժանման եւ էքիւմենիք շարժման։ Արդարեւ, 451- Քաղկեդոնի ժողովից յետոյ, երբ քրիստոնէութեան առաջին բաժանումը տեղի ունեցաւ, եկեղեցու միութեան վերահաստատումը դարձաւ կարեւոր խնդիր բոլոր եկեղեցիների համար։ 12-րդ դարից սկսեալ կաթոլիկ եկեղեցիների եւ 18-րդ դարից սկսեալ բողոքական եկեղեցիների յառաջացումը Միջին Արեւելքում նոր դիմագիծ եւ ուղղութիւն տւեց էքիւմենիք շարժումին։ Եկեղեցու աւելի խորացող բաժանումների դիմաց միութենական ճիգերն սկսեցին դառնալ հրամայական»։
Խօսելով նոր ժամանակների մասին, Արամ Ա Կաթողիկոսն ասաց. «Պատմութիւնը պարզում է թէ Բողոքական եկեղեցիները դարձան Միջին արեւելքում հաստատութենական էքմիւմենիզմի ռահւիրաները, հիմնելով Մերձաւոր արեւելքի եկեղեցիների խորհուրդը։ Երկար բանակցութիւններից յետոյ, 1974-ին, յիշեալ Խորհրդին միացան շրջանի Արեւելեան Ուղղափառ եկեղեցիներ (հայ, ասորի, ղպտի) եւ Ուղղափառ եկեղեցիներ (Անտիոքի, Երուսաղէմի, Աղեքսանդրոյ Պատրիարքութիւնները եւ Կիպրոսի Եկեղեցին)։ Խորհուրդը կոչւեց Միջին արեւելքի եկեղեցիների խորհուրդ (ՄԱԵԽ)։ Իսկ 1990-ին, շրջանի բոլոր Կաթոլիկ եկեղեցիները միացան յիշեալ Խորհրդին։ ՄԱԵԽ-ը միակ շրջանային խորհուրդն է աշխարհի քրիստոնէական քարտէզի վրայ, որին մաս են կազմում Միջին արեւելքի բոլոր եկեղեցիները։ Սա յատկանշական մի երեւոյթ է, որ դժբախտաբար ճիշդ կերպով չի օգտագործւել շրջանի եկեղեցիների կողմից միջ-եկեղեցական շարժման մէջ»։
Ապա Վեհափառ Հայրապետը լայնօրէն անդրադարձաւ ՄԱԵԽ-ի իրագործումներին։ Նա հետեւեալ կէտերի մէջ ամփոփեց դրանք. «Խորհուրդը եկեղեցիներին մղեց գործակցութեան, շեշտեց քրիստոնէական ներկայութիւնը շրջանում, ամրապնդեց քրիստոնեայ-իսլամ երկխօսութիւնը, ջատագովը դարձաւ մարդկային իրաւունքների, ինչպէս նաեւ կամուրջ՝ արեւելեան ու արեւմտեան եկեղեցիների միջեւ»։
Իր խօսքի վերջին բաժնում Վեհափառ Հայրապետը մի հարցադրում կատարեց՝ ասելով. «Ի՞նչ պէտք է լինեն Միջին արեւելքոմ էքիւմենիք շարժման առաջնահերթութիւնները ներկայ պայմանների լոյսի տակ»։ Այս ուղղութեամբ Վեհափառ Հայրապետը հետեւեալ ընդգծումները կատարեց. «1) Էքիւմենիք շարժումը պէտք է դառնայ համահունչ ներկայ իրականութիւններուն ու մտահոգութիւններուն։ 2) ՄԱԵԽ-ը կենդանի ու մնայուն ներկայութիւն պէտք է դառնայ եկեղեցիների կեանքի ու վկայութեան մէջ։ 3) ՄԱԵԽ-ը պէտք է յստակ նախապատւութիւն տայ յարաբերութեան քան թէ հանդիպումների եւ համագումարների կազմակերպման։ 4) Եկեղեցու միութիւնը պէտք է դառնայ մնայուն հիմնախնդիր։ Զատկւայ թւականի նոյնացումը եւ նման գործնական քայլեր կարող են մեծապէս նպաստել եկեղեցու միութեան ամրապնդմանը։ 5) Քրիստոնէական դաստիարակութիւնը նոր մօտեցումով յատուկ կարեւոր տեղ պէտք է գրաւի թէ՛ եկեղեցիների եւ թէ էքիւմենիք շարժման օրակարգի վրայ։ 6) Քրիստոնեայ-իսլամ գործակցութիւնը ընդհանրական ու հրատապ հարցերի գծով պէտք է նոր շեշտաւորում ստանայ»։
Եզրակացնելով իր դասախօսութիւնը, Վեհափառ Հայրապետն ասաց. «Էքիւմենիք շարժումը պէտք է շաղախւի եկեղեցիների մտածողութեան, առաքելութեան ու կեանքի հետ։ Որեւէ ժամանակից աւելի այսօր եկեղեցիները կարիքն ունեն միասին լինելու եւ միասնաբար աղօթելու, մտածելու եւ գործելու ներկայ աշխարհի տագնապների դիմաց։ Սրանք է յիշեցնում է էքիւմենիք շարժումը եւ մղում եկեղեցիներին այս յանձնառութեամբ իրենց առաքելութիւնը կատարելու»։
Դասախօսութեան աւարտին, Արամ Ա Կաթողիկոսը պատասխանեց իրեն ուղղւած մի շարք հարցումներին։
Դասախօսութեան բացումը եւ փակումը կատարեց համալսարանի նախագահ՝ դկտ. Ճ. Սապրան։ Նա Վեհափառ Հայրապետին ներկայացրեց որպէս «Եզակի դէմք միջ-եկեղեցական աշխարհում՝ իր հարուստ փորձառութեամբ, հրատարակութիւններով եւ շրջանային թէ միջազգային մակարդակների վրայ միջ-եկեղեցական շարժմանը բերած իր գործօն մասնակցութեամբ»։
Ապա համալսարանի անունից յատուկ յուշանւէր յանձնւեց Վեհափառ Հայրապետին: