Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սիրիական պատերազմի հետեւանքով վտանգաւոր ուղիներով աւելի բարեկեցիկ երկրների ճամփան բռնող սիրիացի փախստականների մէջ հայեր չկան, իսկ եթէ լինեն էլ` կարելի է մատների վրայ հաշուել: Հայ համայնքը մինչեւ օրս կարողացել է բարուոք ճանապարհներով հասնել Լիբանան, Հայաստան կամ էլ եւրոպական երկրներ: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տէր Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանի հետ: Ներկայացնում ենք Միւռոնօրհնէքի արարողութեանը ներկայ լինելու համար Հայաստան ժամանած Արմաշ Սրբազանի հետ հարցազրոյցը:

- Արմաշ Սրբազան, ինչպիսի՞ն է այս պահին պատերազմական Սիրիայում բնակուող հայերի վիճակը թէ հոգեբանական, թէ սոցիալ-տնտեսական տեսանկիւններից:

- Դժբախտաբար, գաղթականների, փախստականների նոր ալիք է բարձրացել, ու բոլորը թակում են Եւրոպայի ոյ աւելի բարձր կենսամակարդակ ունեցող երկրների դռները` այնտեղ իրենց կեանքի նոր բախտը փորձելու: Մեզ համար այս ամէնի մէջ մտահոգութիւնն այն է, որ մարդիկ այնքան յուսախաբուած ու յուսալքուած են, որ պատրաստակամ են անգամ, ծովերի մէջ լողալով կամ անտառներ ու լեռնային սահմաններ հատելով, իրենց կեանքի գնով հասնել աւետեաց ափեր:

Բոլոր այս փախստականներն այն յուսախաբ վիճակի մէջ են, որ յստակ է իրենց համար` հետդարձի ճանապարհ չունեն: Այս յուսախաբութիւնն է ամբողջ Սիրիայում, այս պայմաններում է ապրում հայ համայնքը լինի` Հալէպում, Դամասկոսում, Ղամիշլիում, թէ Քեսաբում: Պէտք է յիշել, որ նրանք, ովքեր ապրում են Սիրիայում, քաջութեամբ շարունակում են իրենց մշակութային, կրթական կեանքը: Ուրախութեամբ կարող եմ յայտարարել, որ սեպտեմբերին կրկին բացուեցին  հայկական վարժարանները, դասընթացներն ընթանում են կանոնաւոր կերպով, բայց, դժբախտաբար, հայ աշակերտութեան աւելի համեստ թուերով: Գնալով նուազում է հայ բնակչութեան թիւը, քանի որ նրանք էլ փորձում են իրենց կեանքի նոր ուղին գտնել Սիրիայից դուրս, ամենամօտը Լիբանանում, ապա Հայաստանում, նաեւ Արեւմտեան այլ երկրներում:

- Արդեօ՞ք վտանգաւոր ուղիներով եւրոպական երկրներ գնացողների մէջ հայեր կան, ունէ՞ք այդպիսի տեղեկութիւններ:

- Մեր տուեալների համաձայն եւ մեր ժողովրդի վկայութիւններով` բարեբախտաբար, այդ ծովերը հատող կամ անտառների միջով դժուար ճամփաներ անցնող խմբերի մէջ հայեր չկան, եթէ կան` մատների վրայ կարող ենք հաշուել: Բարեբախտաբար, մեր համայնքի անդամները մինչ օրս կարողացել են գտնել հնարաւորութիւն, որ աւելի բարուոք ճանապարհներով հասնեն` մեքենաներով, օդանաւներով: