Աղբիւր՝ www.hyeli.com

 

Երեքշաբթի 2015 թ.-ի սեպտեմբերի 15-ին, երեկոյեան ժամը 7‎:00-ին Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան, Կենտրոնական վարչութիւնը՝ իր ամբողջական կազմով «Արարատ» մարզաւանում հիւրընկալեց Հայաստանի Հանրապետութեան մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ լիազօր եւ արտակարգ դեսպան դոկտ. Սաջջադիին ու նրան ընկերակցող պատւիրակութեանը:

Այցելութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական Խորհրդարանում հիւսիսային եւ հարաւային Իրանահայութեան Պատգամաւորներ՝ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ պրն. Ռոբերտ Բեգլարեանը, Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի փոխ ատենապետ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, խորհրդի անդամ՝ պրն. Վահէ Գերասիմեանը և գործարար-բարերար՝ պրն. Վարուժ Անդրէասեանը:

Ընկեր Գէորգ Վարդանը հակիրճ բացատրութիւններով ներկայացրեց 71-ամեայ «Արարատ» կազմակերպութեան պատմական անցեալի, նրա ծաւալած աշխատանքների եւ ազդեցութեան ասպարէզների մասին: Կազմակերպութեան նախագահը ներկայացրեց նաեւ իրանահայ համայնքի ազգային կառոյցն ու աշխատանքային դրւածքը եւ հայկական իրականութեան մէջ նրա ունեցած ներդրման ու ազդեցութեան բացատրութիւններ տւեց իրանում հայերի կեանքից։ Դոկտ. Կարէն Խանլարեանն ու պրն. Ռոբերտ Բեգլարեանը եւս հերթաբար արտայայտութիւններ ունեցան Իրան Հայաստան յարաբերութիւնների առնչութեամբ:

Յարգելի պատգամաւորները հանգամանօրէն անդրադարձան հարեւան երկու երկրների անցած ճանապարհի եւ ապագայ հաւանական համագործակցութիւնների մասին: Նրանք մանրամասնօրէն ներկայացրեցին փոխյարաբերութիւնների մակարդակի բարձրացման ներուժի առկայութիւնը: Պատգամաւորներից յետոյ Թեմական խորհրդի երկրորդ ատենապետ պրն. Վարուժ Յովհաննիսեանը բացատրութիւններ տւեց համայնքիս իրականութիւնների շուրջ, նա իրանահայութեան ներկայութիւնն ու կազմակերպւած աշխատանքները լաւ առիթ համարեց կրօնական փոքրամասնութիւնների համերաշխ եւ օրինակելի համակեցութիւնը համաշխարհային հարթակում ճիշտ ներկայացնելու նպատակով:

Պրն. Յովհաննիսեանը խօսեց նաեւ իրանցիների ունեցած կրթական, հասարակական, տնտեսական ինչու չէ նաեւ զբօսաշրջիկութեան ասպարէզում ծաւածլւող փոխյարաբերութիւնների մասին: Վերջում պրն. Սաջջադին իր մտքերն արտայայտեց ստանձնած պարտականութեան մասին, նա բացատրեց որ սիրով է նախընտրել Հայաստանում պաշտօնավարել քան առաջարկւած այլ երկրներ: Նորանշանակ դեսպանը երկար բացատրեց իր ծրագրերի մասին երկու հարեւան ու բարեկամ երկրների փոխյարաբերութիւնների մակարդակը բարձրացնելու եւ նպատակային ու ռազմավարական նշանակութիւն ունեցող համագործակցութիւնների ընդլայնման գործընթացում: Նա շեշտաւորեց երկու պետութիւնների ծաւալած բարեկամութեանը հիմք ծառայող իրանահայութեան ազդեցիկ ազդեցութեան իրականութիւնը:

Հանդիպման աւարտին ներկաները միասնաբար այցելեցին «Արարատ»-ի հնարաւորութիւններին ու շրջեցին մարզաւանի տարածքում: Պրն. Սաջադին անկեղծութեամբ դրւատեց հայկական համայնքին նմանօրինակ հոյակապ կառոյց աշխատացնելու եւ պահպանումի համար եւ հետաքրքրւած հարցերով տեղեկութիւններ ստացաւ կազմակերպութեան իրականութիւնների շուրջ: Դեսպանի ու ներկաների զրոյցը շարունակւեց ընթրիքի սեղանի շուրջ հաւաքւած մտերմիկ շրջանակում, որտեղ բազմապիսի առաջարկներ ու տեսակետներ հնչեցին Իրանին ու Հայաստանին եւ իրանահայութեանը առընչւող խնդիրների շուրջ:

Ուշ երեկոյեան դեսպանի ու իր պատւիրակութեան այցելութիւնը աւարտւեց բարեմաղթանքների եւ կրկին հանդիպումների հեռանկարով արտայայտւած բարի խօսքերի մտնոլորտում: