Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը Բէյրութում գաղթականներին նուիրուած միջեկեղեցական համագումարի մասնակիցների հետ քննարկել է գաղթականների խնդիրն ու շեշտել, որ այն յատկապէս Եւրոպայի համար առաջանահերթ կարեւորութեան խնդիր է:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով «Ազատ օր»-ը, Արամ Առաջինը շեշտել է, որ գաղթականների հարցը նորութիւն չէ եւ պատմութեան ընթացքում տնտեսական, քաղաքական եւ անվտանգութեան պատճառներով հազարաւոր մարդիկ հեռացել են իրենց բնօրրանից եւ հաստատուել արեւմուտքում:
«Հայ ժողովուրդն իր դառը փորձառութեամբ զգում եւ ընկալում է գաղթականների հոգեվիճակը: Չմոռանանք, որ 1915թ. հայ ժողովրդի դէմ Օսմանեան Թուրքիայի կողմից կազմակերպուած Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովուրդը դարձաւ գաղթական, նրան պարտադրեցին հեռանալ իր դարաւոր հայրենիքից` Արեւմտեան Հայաստանից եւ Կիլիկիայից: Չմոռանանք, որ արաբ ժողովուրդը` իսլամ, թէ քրիստոնեայ, իր հայրենիքում մեզ ընդունեց»,- ասել է Արամ Առաջինը:
Նա շեշտել է, որ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող վայրիվերումների պատճառով դէպի արեւմուտք արտագաղթը նոր թափ է ստացել:
«Ինչ վերաբերում է քրիստոնեայ համայնքների պատասխանատուների կեցուածքին, ապա մեր բոլորի կեցուածքը նոյնն է` հետեւողական ճիգ պէտք է թափել քրիստոնեայ համայնքները պահելու Մերձաւոր Արեւելքում` հակառակ գոյութիւն ունեցող բոլոր դժուարութիւններին: Սակայն երբ կայ ստիպողական պարագայ, Արեւմտեան երկրներն իրենց կրօնական եւ պետական պատասխանատուների միջոցով պէտք է օգտակար լինեն եւ աջակցեն գաղթականներին»,- ասել է Վեհափառը: