Աղբիւր՝ www.asbarez.com
Յայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էկոյեանն անցեալ շաբաթ առաջին անգամ այցելել է Թուրքիա, որտեղ հարցազրոյց է տուել «Ակօս» հայկական պարբերականին:
Ատոմ Էկոյեանը բազմիցս հրաւիրուել է Թուրքիա՝ մասնակցելու փառատօների, սակայն չի ցանկացել գտնուել այնտեղ արդարացի պատճառներով, վախով ու անհանգստութեամբ պայմանաւորուած:
13 տարի առաջ նրա նկարահանած «Արարատ» ֆիլմը Թուրքիայում բացասաբար էր ընդունուել եւ ցուցադրութիւնը չէին թոյլատրել:
Էկոյեանն այս անգամ գալու այլ պատճառ ունէր. Էրիկ Նազարեանի եւ Հրանդ Դինքի դստեր՝ Սերա Դինքի հարսանիքի քաւորն էր լինելու:
Երկիր, որտեղից աքսորուել էին իր պապերը, որպէս տանտէր վերադարձաւ: Զարմացած էր, ուրախ, յուզուած:
«ԱԿՕՍ».- Ինչո՞ւ աւելի վաղ Թուրքիա չեկաք:
ԱՏՈՄ ԷԿՈՅԵԱՆ.- Ստամբուլի կինոփառատօնին մասնակցելու շատ հրաւէրներ ստացայ: Նամակով խնդրեցի, որ ինձ Հայոց Ցեղասպանութեան մասին ազատ խօսելու հնարաւորութիւն տան, սակայն դա երաշխաւորող նամակ այդպէս էլ չստացայ: Եթէ աւելի խորը նայենք՝ որպէս սփիւռքահայ, Թուրքիա գալու հարցում դիմադրում էի: Մտածում էի, որ դեռ չլուծուած շատ հարցեր կան:
«ԱԿՕՍ».- Հեռուից եւ մօտիկից նայելու միջեւ ի՞նչ տարբերութիւն կայ:
ԱՏՈՄ ԷԿՈՅԵԱՆ.- Մենք՝ Սփիւռքում ապրողներս, մոռացել էինք, թէ թուրքերի հետ ինչպիսի յարաբերութիւններ ենք ունեցել: Պատմութիւնն այդ յարաբերութիւնները դէն է նետել: Այստեղ հասկացայ, որ յարաբերութիւնները զարգանում են, կենդանի երկխօսութեան առկայութիւնը զգացի:
«ԱԿՕՍ».- Այդքան կարճ ժամանակահատուածում Թուրքիայում տեղի ունեցած փոփոխութիւններն ինչպէ՞ս զգացիք:
ԱՏՈՄ ԷԿՈՅԵԱՆ.- Մի քանի բան եղաւ. «Հրանդ Դինք» հիմնադրամ, «Ակօս» այցելեցի: Տեսայ, որ գոյութիւն ունենք: Օտար լինելս չզգացի եւ անմոռանալի մի զրոյց ունեցայ: Արսինէի հետ (կնոջ-Tert.am) ռեստորանում էինք: Կողքի սեղանին քուրդ ուսանող եւ դասախօս էին նստած: Լսեցի, որ դասատուն «ցեղասպանութիւն» բառն է օգտագործում: Առաջին անգամ այդ բառը Թուրքիայում հայ չեղող մէկից լսեցի: Անմիջապէս շրջուեցի դէպի այդ սեղանն ու ասացի. «Ներեցէք, ձեզ չեմ ճանաչում, սակայն այս զրոյցին պէտք է մասնակցեմ»: Ինձ պատմեց, որ Դիարբեքիրից է եւ թէ ինչպէս է իմացել Հայոց Ցեղասպանութեան մասին: Հասկացայ, որ մինչեւ 1990ականները քրդերն էլ Հայոց Ցեղասպանութիւնը չէին ընդունում: Սփիւռքից նայելով՝ այսօրուայ գործընթացը դժուար է հասկանալ: Հրանդ Դինքի սպանութիւնից յետոյ հազարաւոր մարդիկ փողոց դուրս եկան: «Բոլորս Հրանդ ենք, բոլորս հայ ենք» ասացին: Մենք կարծեցինք, թէ դա «ցեղասպանութեան ճանաչում» է նշանակում, սակայն իրականում «Հրանդ ենք» ասելով՝ խօսքի ազատութիւն էին ուզում:
«ԱԿՕՍ».- Թուրքիայում ձեզ հիասթափեցնող դէպքերի ականատես եղա՞ք:
ԱՏՈՄ ԷԿՈՅԵԱՆ.- Օսմանեան լուսանկարների պատմութեան ցուցահանդէսին գնացի: Հայերի հետքը փնտռեցի: Միայն մի տեղ էր յիշատակւում՝ 1905ին Սուլթան Աբդուլհամիդ 2րդի դէմ մահափորձի ժամանակ: Այսինքն՝ օսմանեան լուսանկարների պատմութեան մէջ հայերը դարձեալ որպէս «ահաբեկի»չ էին ներկայացւում: Աւելի ուշ, կինոյի թանգարան մտայ: Այնտեղ ֆիլմ նկարած առաջին թուրքի արձանը կար… ինչ տարօրինակ պատճառ է շնորհաւորելու համար: Դրանից առաջ հայերը, ոչ մուսուլմանները, ֆիլմեր են նկարահանել, սակայն անգամ չեն յիշատակւում:
Նաեւ մի աֆիշ կար. 1922 թուականին նկարահանուած ֆիլմի պաստառ, որում դերասանների կէսը հայեր են: Գիտենք, որ 1915ից յետոյ էլ հայերը մեծ դերակատարութիւն են ունեցել ֆիլմարտադրութեան մէջ: