Աղբիւր՝ www.hyeli.com

 

Յունւարի 19-ին լրացաւ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի սպանութեան 7 տարին:

Հանդէս գալով մի շարք ժողովրդավարական ու հասարակական կազմակերպութիւններում, Դինքն ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտութիւնը, խօսում խօսքի ազատութեան, Թուրքիայում մարդու, ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների մասին: Նա հայերի ու թուրքերի միջեւ կարեւոր քարոզիչ էր եւ հաւատում էր, որ հայ համայնքը հնարաւորութիւն կունենայ Թուրքիայում ապրել ազատ եւ չենթարկւել պատմական ճնշումների:

2007 թւականի յունւարի 19-ին, Հրանտ Դինքն սպանւել է Ստամբուլում, իր խմբագրած «Ակոս» թերթի խմբագրատան շէնքի դիմաց: Մինչ սպանութիւնը նա իր հրապարակումներում յայտնում էր, որ իր հասցէին սպառնալիքները յաճախակի են դարձել: Բացի այդ, նա բողոքում էր, թէ ոստիկանութիւնը հրաժարւել է պաշտպանել իրեն հնարաւոր մահափորձից:

Դինքի սպանութեան գործը բացայայտելու համար միջազգային մի շարք կառոյցներ բազմաթիւ անգամ կոչ են արել թուրքական իշխանութիւններին՝ ապահովել քննութիւն։ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 2010-ի սեպտեմբերին մեղաւոր ճանաչեց Թուրքիային՝ Հրանտ Դինքին չպաշտպանելու համար, չնայած որ հետքննութեան ընթացքում պարզ էր դարձել, որ թէ՝ ժանդարմերիան, թէ` ոստիկանութիւնը տեղեակ են եղել նրա դէմ նախապատրաստւող սպանութեան մասին։

Այդպէս էլ յայտնի չդարձան սպանութեան պատւիրատուները, չուսումնասիրւեցին դատարան ներկայացւած մի շարք փաստեր եւ վկայութիւններ։ 2011-ի յունւարի 17-ին տեղի ունեցած 25-րդ դատավարութեան ժամանակ, դատարանն ազատ արձակեց սպանութեան կազմակերպման մէջ գլխաւոր կասկածեալներից Էրհան Թունջելին։ Դատարանը միայն դատապարտեց սպանութեան գործիք հանդիսացած Օգիւն Սամասթին՝ 22 տարի 10 ամիս ազատազրկման, իսկ սպանութեան ուղղորդման մէջ մեղադրւող Եասին Հայալին՝ ցմահ ազատազրկման։

Դատավճիռը կայացնելուց յետոյ, յաջորդ օրը պարզւեց, որ Դինքի սպանութեան գործով 19 մեղադրեալներից 18-ի նկատմամբ է որոշում կայացւել։ Դատարանը մոռացել էր մի 19-րդ մեղադրեալի նկատմամբ որոշում կայացրել։

Դատավճռից 1,5 տարի յետոյ՝ 2013-ի մայիսին, Հրանտ Դինքի սպանութեան գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանւելուց յետոյ ուղարկւեց Ստամբուլի ծանր յանցագործութիւնների գործերով 14-րդ դատարան: Այնտեղ արդէն 2013-ի սեպտեմբերի 17-ից վերսկսւեց Դինքի սպանութեան գործով դատավարութիւնը։

Այսինքն, 5 ամիս է ընթանում է Դինքի սպանութեան դատավարութիւնը, սակայն կրկին արդիւնքներ չկան։ Պարզապէս այս ընթացքում ձերբակալւել եւ կալանւել է նախորդ դատավճռով ազատ արձակւած Էրհան Թունջելը։

Յունւարի 19-ին, Ստամբուլում Հրանտ Դինքի մահւան 7-տարելիցի կապակցութեամբ մի շարք կազմակերպութիւններ նախաձեռնել էին սգոյ եւ բողոքի միջոցառումներ։