Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Հինգշաբթի՝ 16 յունւար 2014-ի առաւօտեան, Վեհափառ Հայրապետին այցելեցին Զւիցերիոյ Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ դկտ. Գօ‎թֆրիդ Լոշըրը, ընկերակցութեամբ նոյն խորհրդի միջ–եկեղեցական յարաբերութեանց պատասխանատուի եւ Արմենոֆասի փոխ–նախագահի: Հանդիպմանը ներկայ եղան նաեւ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանը եւ Արմենֆասի նախագահ տկն. Թենի Սիմոնեանը:

Հանդիպման նպատակն էր քննել Սիրիոյ կացութիւնը՝ Ժնեւ-2 ժողովի լոյսի տակ, ինչպէս նաեւ՝ Վեհափառ Հայրապետի հետ ծրագրել Զւիցերիոյ մէջ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նշումը: 100–րդ տարելիցի առիթով Արմենոֆասն արդէն իսկ սկսել է մշակել մի շարք ծրագրեր: Յայտնենք, որ Արմենոֆասը Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ Զւիցերիոյ Բողոքական եկեղեցիների միասնական ճիգով կազմւած բարեսիրական մի միութիւն է, որ շարունակում է Ցեղասպանութիւնից յետոյ զւիցերական եկեղեցիների կատարած օգտնութիւնը հայ ժողովրդին՝ բնականաբար տարբեր մօտեցումներով ու առաջնահերթութիւններով: